Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՏՈՒԺԵԼ ԵՆՔ ՆԱԽԱՆՁԻՑ»

Դեկտեմբեր 03,2008 00:00

\"\"«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Առավոտին» տված հարցազրույցում հայտարարեց, որ մեզանում մարդու իրավունքները չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին:

– Վերջին շրջանում ակտիվ հանդիպումներ եք ունենում արտերկրի տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ, ինչո՞վ է պայմանավորված Ձեր այս ակտիվությունը, ըստ որոշ պնդումների՝ հավակնում եք գալիք նախագահական ընտրություններում առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Իրո՞ք ուզում եք նախագահ դառնալ:

– Առաջիկայում նախագահական ընտրություններ դեռ չկան: (Ծիծաղում է- Մ. Ե.)։ Եթե մարդիկ հրավիրում են, օրինակ՝ Չինաստանի նման երկիրը, անպայման պետք է մասնակցենք: Որովհետեւ, իրոք, այսօր գիտեք, եթե Չինաստանը, իր Կոմունիստական կուսակցության պես հզոր կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հրավիրում է, ես պետք է հրավերն ընդունեմ: Ինձ ընդունել է իրենց Կոմկուսի կենտկոմի անդամ Լի Չան Չունը, որը լավ տպավորություններ ուներ մեր կուսակցության մասին, ամեն ինչից տեղյակ էր, եւ առաջարկեց համագործակցել թե՛ կուսակցական աշխատանքով եւ թե՛ բիզնեսի առումով: Սա էլ է համատեղ աշխատանք, ես ինձ շատ շոյված եմ զգացել, որ Չինաստանի պես հզոր երկիրը, այդ կուսակցությունը կարող է մեզ հրավիրել: Իսկ Ռուսաստանի հետ մենք ունենք հուշագիր, այնպես որ, եթե ինձ հրավիրել են իրենց համագումարին, ես ո՞նց կարող եմ մերժեմ:

– Այսինքն՝ այն վերլուծությունները, ըստ որոնց՝ Դուք ակտիվացել եք եւ դրսում հանդիպումներ եք ունենում հատուկ նպատակներով, իրականությանը չե՞ն համապատասխանում:

– Ոչ, իրականությանը չեն համապատասխանում: Մարդիկ թող չնստեն տանը՝ իրենց համար վերլուծություններ անեն:

– Այսօր ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ է, այնուամենայնիվ, ըստ որոշ տեղեկությունների, Դուք մենակ եք աշխատում, անձամբ Ձեզ համար:

– Մենք մենակ չենք աշխատում, աշխատում ենք ամբողջ թիմով, բոլոր հարցերը մենք քննարկում ենք, եթե Ծառուկյանը գործուղումների մեջ է լինում, միեւնույն է, ամեն օր տեղյակ է ե՛ւ թերթերից, ե՛ւ հեռուստաընկերություններից, ե՛ւ ծրագրերից: Հենց նոր ներկա էիք, տեսաք, թե մեր կուսակցությունը ինչ հարց էր քննարկում, քննարկում էինք հարկերի բարձրացման խնդիրը եւ մեր խմբակցության նիստում ասացինք, որ բոլորս դեմ ենք, եւ իմ անունից Բոստանջյանը պետք է ելույթ ունենա, եւ մենք քվեարկությանը չենք մասնակցելու: Քանի որ հիմա աշխարհով մեկ կրիզիս է, եւ մենք պետք է կարողանանք հնարավորություն ստեղծել, մարդկանց պայմաններ ստեղծել, որ գործազրկությունը շատ չլինի, գոնե կարողանան այդ աշխատատեղերը պահել:

– ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը վերջին այցից հետո հայտարարեց, որ բավարարված չէ մեր երկրում մարդու իրավունքների ներկա վիճակով եւ անգամ զգուշացրեց, թե իր եզրակացությունը բավականին խիստ է լինելու, անձամբ Դուք ինչպե՞ս եք գնահատում մարդու իրավունքների վիճակը մեր երկրում:

– Ես էլ եմ տեսնում, որ, իրոք, մեր այսօրվա մարդու իրավունքների մակարդակը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին, ինչպես որ իրենք են պատկերացնում, ինչպես որ իրենց մոտ կա: Բայց մենք դա պետք է հասկանանք, նորմալ ընդունենք, քանի որ ընդամենը մի քանի տարի առաջ ենք ընդգրկվել Եվրախորհրդի կազմում, եւ միանգամից, 100 տոկոսով ամեն ինչ չի ստացվի:

– Դուք ներկա չէիք Արցախի խնդրի շուրջ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած միջկուսակցական քննարկումներին, կասե՞ք, թե ինչ կարծիք ունեք դրանց մասին:

– Այո, ես եղել եմ գործուղման մեջ, Գրիզլովն ինձ հրավիրել էր իրենց համագումարին, ես այնտեղ եմ եղել: Եվ հիմնականում Սերժ Սարգսյանը հրավիրել է բոլոր կուսակցությունների նախագահներին, կապ չունի՝ դիմության, ընդդիմության, ինքն ասել է, որ առանց իրենց տեղյակ լինելու՝ ոչ մի որոշում միանձնյա չի կարող կատարվել, ու բոլորս պետք է իմանանք, որ պետք է հանրաքվե լինի, Ղարաբաղի ժողովուրդը պետք է իրավունք ունենա մասնակցելու, հանրաքվե անցկացնելու, եւ մենք բոլորս պետք է միասին մտածենք, ազգովի մտածենք: Եթե մենք էսքան արյուն ենք թափել, էսքան զոհեր ենք տվել, եկել է ժամանակը, պետք է ամեն ինչը մի կողմ դնենք, միասնական որոշենք մեր ազգի հաջողության, հաղթանակի համար: Պետք է չդնես՝ Ծառուկյան, նախագահ, դիմություն, Դեմիրճյան, կամ, ասենք թե, Լեւոն Տեր-Պետրոսյան, այլ պետք է բոլորը միասնական լինեն, մենք հիմնականում կյանքում տուժել ենք միայն նախանձից, չկամենալուց, որ խի ինքը, ոչ թե ես: Դա ազգի խնդիր է, բոլորս պետք է միանանք եւ այդ հարցի ճիշտ լուծումը տանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել