Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մի ժանգոտեցրեք դերասաններին»

Դեկտեմբեր 02,2008 00:00

\"\"Թատրոնների գեղարվեստական ղեկավարներին խորհուրդ է տալիս դերասանուհի Գայանե Մկրտչյանը

Ինչպես տեղեկացրել էինք, նոյեմբերի 21-28-ը անցկացվեց երիտասարդ բեմադրիչների փառատոն, որը կազմակերպել էր Թատերական գործիչների միությունը:

«Առավոտը» ներկա գտնվեց Վահան Բադալյանի բեմադրած Էդ. Օլբիի «Ամերիկյան երազանք» պիեսի պրեմիերային: Վերջինիս վերլուծությունը թողնելով մասնագետներին՝ նշենք, որ խաղացող 5 դերասանից 4-ը վաստակաշատ էին՝ Ժենյա Ներսիսյան, Գայանե Մկրտչյան, Ռուզան Գասպարյան եւ Կարեն Ջանգիրով: Մարդիկ, որոնք մի ամբողջ սերունդ են դաստիարակել, սակայն նոր ժամանակների խնդիրներն այլ իրադրության մեջ են դրել հիշյալ արվեստագետներին, ինչի հետեւանքով էլ նրանք ավելի քիչ են հայտնի ներկա հասարակությանը: Խոսքը հատկապես Ժենյա Ներսիսյանի (նա բնակվում է Անգլիայում) ու Գայանե Մկրտչյանի մասին է: Վերջինս 1960-ականներից մինչեւ 1990-ականների սկիզբը Պատանի հանդիսատեսի թատրոնի առաջատար դերասանուհիներից էր: Ճիշտ է, 90-ականներից տարիներ շարունակ նա Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատերախմբով քանիցս հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Անգլիայում, Հունաստանում, սակայն 90-ականների կեսերից Մայր թատրոնում հաստատվելուց հետո, մինչ օրս հանդես է եկել ընդամենը 2 բեմադրությունում (Ֆ. Դոստոեւսկի՝ «Ոճիր եւ պատիժ» եւ Լ. Բերֆես՝ «Մեր ծնողների նեւրոզները»): Ի՞նչն է պատճառը, որ մասնագիտորեն վաղուց իրեն հաստատած դերասանուհին գործնականում պարապուրդի մատնվեց, այն էլ մեկուկես տասնամյակ շարունակ: Այս հարցով սկսեցինք մեր զրույցը դերասանուհու հետ: «Իմ մասնագիտական դաստիարակությամբ սպասում եմ, որ ռեժիսորն ինձ առաջարկ ներկայացնի, երբեք ինձ առաջ չեմ նետում՝ ինչ-ինչ պատառիկներ փախցնելու համար: Նաեւ ունեմ ամուր, դարձյալ մասնագիտական սկզբունքներ, որ միգուցե դժվարացնում է ռեժիսորի՝ ինձ հետ աշխատելը: Օրինակ, Վահե Շահվերդյանի հետ մեր մասնագիտական համագործակցությունը չկայացավ, թեեւ երբ ժամանակին հանգամանքների բերումով խնդիր էր բարձրացել փոխարինելու Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի առաջատար դերասանուհուն՝ Ֆրանսիայում հյուրախաղերի ժամանակ, հենց իր ընտրությամբ ես ներգրավվեցի հյուրախաղային կազմի մեջ: Մայր թատրոն տեղափոխվելուց հետո համոզված էի, որ ռեժիսորն ինձ ծանոթ է, հետեւաբար ընդունել է: Սկզբում վստահ էի, որ ամեն ինչ լավ կլինի, բայց… Այժմ ափսոսում եմ այն տարիները, որ հարկադիր պարապուրդով եմ լցրել: Իսկ կրտսեր Շահվերդյանի հետ դերասանական կոնտակտը կայացավ: Այն կայացավ նաեւ երիտասարդ ռեժիսոր Վահան Բադալյանի հետ: Վերջինս իմ մասնակցությամբ դիտել էր ընդամենը «Մեր ծնողների նեւրոզները»,- հայտնեց դերասանուհին:

Զրույցի ընթացքում խոսք գնաց նաեւ թատրոնի գեղարվեստական ղեկավարի անհրաժեշտության մասին: Ըստ Գ. Մկրտչյանի, գեղարվեստական ղեկավարին անհրաժեշտ են բազմապլանային դերասաններ եւ երբեք նա չպետք է հենվի ընդամենը դերասանական մի խմբի վրա. «Հենվել՝ նշանակում է մյուսներին անտեսել: Իսկ եթե այդ մյուսները չեն «օգտագործվում»՝ ժանգոտում են: Իսկ ընդհանրապես, թատերախումբը առաջխաղացում կապրի միայն շատ ռեժիսորների հետ համագործակցելով: Թատրոնը պիտի դերասաններ աճեցնի, այլ ոչ եղածներին տանի ժանգոտման»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել