Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խաչքարը չգիտենք

Դեկտեմբեր 02,2008 00:00

Ըստ պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի՝ հայ մշակութային ժառանգությունը գործիք է, որից նախ օգտվել պիտի սովորենք:

Օրերս լույս է տեսել ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի «Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը» վերնագրով գիրքը: Այս մենագրության մեջ մանրամասն ներկայացված է հայկական խաչքարային մշակույթի «կենսագրությունը»: Աշխատության 6 գլուխներում հեղինակն անդրադարձել է խաչքարի առաջացման նախադրյալներին, կերտման տեխնիկական հնարքներին, այն օրհնելու եւ օծելու ծեսին, խաչքար կանգնեցնելու առիթներին, գործառույթներին, իմաստաբանությանը եւ այլն: Գրքում ներկայացված է խաչքարերի 500 լուսանկար եւ գրչանկար: Առաջիկայում գիրքը լույս կտեսնի նաեւ ռուսերեն, ֆրանսերեն եւ անգլերեն: Ոչ միայն խաչքարերի, այլեւ հայագիտության զարգացման ներկա փուլի մասին «Առավոտը» զրուցեց հեղինակի հետ:

«Մինչ այժմ խաչքարը համարվել է արվեստի գործ, վիմագիր, գերեզմանական կոթող: Ես, ընդհակառակը, ցույց եմ տվել, որ այն մշակութային ամբողջական համալիր է, որը որոշակի դերակատարություն է ունեցել միջնադարյան հայ հանրույթի բազում բնագավառներում: Այն տեղանքը նշող, սրբազնացնող, ճանապարհ ցուցող մի կոթող է: Խաչքարն ամենամատչելի սուրբն է. եթե եկեղեցի մտնելու համար պետք է ինչ-որ բաներ անել, ապա խաչքարի առաջ աղոթելու համար նախնական պայման պետք չէ: Հավատացյալը կարող է համբուրել այն, շոշափել զարդանախշերը»,- հայտնեց Հ. Պետրոսյանը եւ հավելեց, որ գրքում ընդգրկված են Ջավախքի, Ջուղայի, Վանի, Իգդիրի, Արցախի խաչքարերի լուսանկարներ: Մեր հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ հայկական խաչքարերը հայերի համար աշխարհում այդպես էլ բրենդ չդարձան, ինչպես ցեղասպանությունը, պարոն Պետրոսյանն այսպես պատասխանեց. «Ինչպե՞ս կարելի է աշխարհին ներկայանալ մի ժառանգությամբ, որի մասին ինքդ կցկտուր պատկերացում ունես: Գրքիս նպատակն էլ հենց այն է, որ ոչ միայն ուրիշին ցույց տանք այդ ժառանգությունը, այլեւ այն ծառայեցնենք մեզ»: Հայկական առաջին խաչքարերից է Արցախի Վաղուհաս գյուղում գտնվողը՝ 866 թ. արձանագրությամբ, պահպանվել է նաեւ խաչքար կանգնեցնելու՝ 853 թ. մի արձանագրություն: «Խաչքարը մեր ժառանգության այն եզակի տեսակներից է, որ ստեղծվում է նաեւ հիմա: Այսօր ոչ ոք ձեռագիր գիրք, մանրանկար չի ստեղծում, բայց խաչքարեր շարունակում են պատրաստվել»,- փաստեց Հ. Պետրոսյանը:

«Առավոտը» հետաքրքրվեց՝ որքանո՞վ է ուսումնասիրված խաչքարային մշակույթը: «Խաչքարագիտությունը կայացման փուլում է: Խորհրդային տարիներին, երբ իշխում էր աթեիստական գաղափարախոսությունը, խաչքարերի բազմաբնույթ հետազոտությունն անհնար էր, ինչը նաեւ քաղաքական իրավիճակի արդյունք էր: 1980-ականներին էլ ադրբեջանցի մի քանի հետազոտողներ հանդես եկան խաչքարերի հորինվածքի կառուցվածքային քննությամբ, եւ մեր մասնագետները շվարեցին: Կարծես ադրբեջանցիները ավելի հմուտ մասնագետներ էին, քան հայերը, եւ այդ հանգամանքը կարող էր օգտագործվել հայկական խաչքարային մշակույթը աղվանացնելու առումով»,- պատասխանեց հեղինակը:

Անդրադառնալով Ադրբեջանի՝ հայկական արժեքները յուրացնելու նկրտումներին, Հ. Պետրոսյանը նկատեց. «Արցախի խաչքարերում տարածված է զինվորականի եւ ռազմիկի պաշտամունքը: Եթե խաչքարային արձանագրության մեջ գրված է, որ ռազմիկը գնում է թուրքերի եւ տաճիկների դեմ կռվելու, ո՞նց կարող ենք խոսել աղվանականության մասին: Մյուս կողմից էլ կարող ես ունենալ հսկայական մշակութային ժառանգություն, բայց դրա մասին գիտելիքն այնքան աղքատիկ լինի, որ լավ իմացողը կարողանա ապացուցել, որ դա քոնը չէ»: Խոսելով հայաստանյան եւ դրսում զարգացող հայագիտության մասին՝ Հ. Պետրոսյանը մտահոգություն հայտնեց. «Ցավոք, հայագիտության բազում ճյուղեր զարգանում են Հայաստանից դուրս: Շուտով նմանվելու ենք այն արաբներին կամ քրդերին, որոնք ապրում են Նինվեի, Բաբելոնի ավերակների վրա, բայց ոչինչ դրանցից չեն հասկանում: Պատճառը հայ հասարակության ապակենտրոն ընդհանրական կողմնորոշումն է: Մենք այնքան շատ ենք սկսել ձգտել նյութական բարիքների, որ հոգեւոր մշակույթը մեզ համար այլեւս արժեք չունի: Ցավոք, ավելի մեծ երազանք է մի տեղ լավ գործ ունենալը, ավտո քշելը, քան հասկանալը, թե մեր նախնիները ինչ են ժառանգել: Մասնագետների մեծ մասը կամ ազգայնական դիմագծով է ներկայանում, կամ պրոֆեսիոնալ չէ իր ասպարեզում»: Հ. Պետրոսյանը այս խնդիրը պայմանավորում է ոչ միայն անձերի դերակատարությամբ, այլ գիտական համայնքի բացակայությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել