Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՂԵԲԵՌԸ ՏԵՂ Է ՀԱՍՆՈՒՄ ՋԱՐԴՈՒԽՈՒՐԴ ԵՂԱԾ

Դեկտեմբեր 02,2008 00:00

Ոչ մի երաշխիք չկա, որ «Արմավիայով» տեղափոխվող ուղեբեռդ հետ կստանաս անվնաս

«Արմավիա» ավիաընկերության շատ ուղեւորներ թռիչքից հետո կամ ընդհանրապես հետ չեն ստանում իրենց ուղեբեռը, կամ՝ ստանում են քրքրված ու անճանաչելի վիճակում, իսկ ավիաընկերությունը հրաժարվում է բեռնափոխադրողների անփութության արդյունքում վնասված բեռների համար պատասխանատվություն կրել: Հոկտեմբերի 25-ին «Արմավիայի» ինքնաթիռով Օդեսայից Երեւան ժամանած ուղեւորներից՝ Հրաչիկ Հայրապետյանը, առ այսօր փորձում է փոխհատուցում ստանալ իր՝ շարքից դուրս եկած ճամպրուկի համար, սակայն՝ ապարդյուն: Հ. Հայրապետյանի պատմելով, երբ վայրէջքից հետո, ուղեբեռը ստանալու ժամանակ, ինքը տեսել է, որ իր նոր ճամպրուկը գործածության համար այլեւս պիտանի չէ, դիմել է «Զվարթնոցում» գտնվող «Արմավիա» ընկերության աշխատակիցներին: Վերջիններս տեղում նկարել են վնասված ճամպրուկը, ակտավորել եւ այդ մասին նրան փաստաթուղթ տրամադրել: Ապա Հ. Հայրապետյանին տեղեկացրել են, որ նրա ճամպրուկը գտնվում է իրենց վարպետի մոտ եւ վերանորոգումից հետո կհանձնվի նրան: Սակայն, Հ. Հայրապետյանի պատմելով, երբ ինքը գնացել է ճամպրուկի հետեւից, վերանորոգող վարպետը նրանից 5-6 հազար դրամ է պահանջել. «Երբ նրան ասացի, որ գումարը վճարելու եմ ոչ թե ես, այլ ավիաընկերությունը, վարպետն ասաց, որ իրեն այդ մասին ոչինչ չեն ասել եւ մինչեւ չվճարեմ, այն չեմ կարող վերցնել»: Բացի այդ, ուղեւորի ներկայացմամբ, վարպետն իրեն ասել է նաեւ, որ ճամպրուկն այնքան վատ վիճակում է, որ վերանորոգումից շատ կարճ ժամանակ հետո նորից կփչանա: Հ. Հայրապետյանի ներկայացմամբ՝ իր ուղեբեռի մեջ թանկարժեք սպասք է եղել, որը, բեռներ տեղափոխող աշխատակիցների անփութության հետեւանքով, ջարդուփշուր է եղել, մինչդեռ ուղեւորները դրա համար գումար են վճարում, եւ ուղեւորափոխադրողը պարզապես պարտավոր է հետեւողական լինել, որպեսզի իր հաճախորդի իրերն անվնաս տեղ հասնեն. «Յուրաքանչյուր ավելի կիլոգրամի համար 1000 դրամ փող են ուզում, էլ ինչի՞ համար է այդ վճարը, եթե բեռները նորմալ տեղ չեն հասցնում»:

Այս առնչությամբ «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ նման հարցերը պարտավոր է կանոնակարգել ոչ թե ավիափոխադրողը, այլ «Զվարթնոց» օդանավակայանը. «Մենք էլ ձեզ հետ միասին տանջվում ենք այդ խնդրի լուծման համար: Այդ հարցերով զբաղվում է օդանավակայանը: Մեր գործը ուղեւորին տանել-բերելը եւ տոմսերը ստուգելն է, արդյո՞ք գրանցման պահին այն համապատասխան է, թե՞ ոչ: «Արմավիան» միշտ փորձում է անել այնպես, որ իր ուղեւորները գոհ լինեն: Իսկ բանվորների աշխատանքի վերաբերյալ հարցերով պետք է դիմել օդանավակայանին»: Մեզ հետ զրույցում Մ. Բաղդասարովը դժգոհեց նաեւ «Զվարթնոցի» այլ ծառայություններից. «Մենք նրանց հետ անգամ այնպիսի հարցերի շուրջ ենք վիճում ու այնպիսի բաների համար ենք պայքարում, որ ոչ ոք չի էլ պատկերացնում: Ինքնաթիռների ուշացումների պատճառը շատ հաճախ լինում է այն, որ նրանց մոտ համակարգիչների հետ ինչ-որ բան կարգին չէ: Ինչ վերաբերում է մատուցած ծառայություններին, ապա հաճախ սանդուղքը կամ բեռնափոխադրող մեքենաները չեն կարողանում ժամանակին մոտենալ ինքնաթիռին: Բոլորը մտածում են, որ ուշացումների պատճառը միայն «Արմավիան» է»:

Խնդրի առնչությամբ դիմեցինք նաեւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը: Օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանի հավաստմամբ՝ ուղեբեռի եւ ուղեւորների հետ առաջացած խնդիրները լուծվում են բացառապես տվյալ ավիաընկերության կողմից. «Բուն օդանավակայանի ծառայությունները ուղեւորի հետ անմիջական չեն առնչվում: Եթե պարզվում է, որ ուղեբեռը վնասվել է օդանավակայանի մեղքով, ապա խնդիրը լուծվում է մեր եւ ավիաընկերության միջեւ, այսինքն՝ ցանկացած պարագայում ուղեւորն առնչվում է միայն ավիաընկերության հետ: Ինչ վերաբերում է ուշացումներին, ապա օդանավակայանը չվերթների ուշացման պատճառ չի հանդիսանում: Ուշացումով ժամանած ինքնաթիռները, բնականաբար, ուշացումով էլ թռիչք են կատարում»:

«Առավոտը» հեռախոսով խոսեց նաեւ Մինաս անունով այն վարպետի հետ, որը պետք է վերանորոգեր ճամպրուկը: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Ես գործ եմ անում, իմ փողի տերն եմ: Բացի այդ, ես էդ ուղեւորից 5000 դրամ եմ ուզել, բայց դե շատ ավելի դժվար աշխատանք է: Ճամպրուկն այն վիճակում է, որ վրան բավականին գործ կա անելու, անիվներն էլ են ջարդված»: Վարպետն ասաց, որ ճամպրուկը դեռ չի վերանորոգել: Զրուցեցինք նաեւ «Արմավիա» ավիաընկերության ուղեբեռների որոնման գծով մենեջեր Անժելա Գալդունցի հետ, որը պարզաբանեց. «Ես գնացել էի գործուղման, բայց մինչ այդ մենք ճամպրուկը տվել էինք վերանորոգման, ինքը պետք է գնար ու այն ստանար»: Մեր այն դիտարկմանը, որ վարպետը իր աշխատանքի համար ուղեւորից գումար է պահանջել, Ա. Գալդունցն ասաց. «Սպասեք, զանգեմ տեսնեմ ինչի՞ է էդպես ասել այդ վարպետը, երեւի ուղեւորն իրեն շատ վատ է պահել»: Վարպետին զանգահարելուց հետո նա մեզ ասաց. «Այդ վարպետը ոչ հորս կողմից է բարեկամ, ոչ էլ՝ մորս: Ինքը պիտի գնա ճամպրուկի համար վճարի, հետո չեկը բերի ու մեր ընկերությունից ստանա այդ գումարը: Բայց ինքը չի ուզում դա անել եւ ինչ-որ 5000-ի համար մեծ աղմուկ է բարձրացնում: Բայց հիմա ճամպրուկը պատրաստ է, թող գնա վերցնի, ես իր փոխարեն կվճարեմ, չնայած այդ գումարը «Արմավիայից» ես չեմ կարող ստանալ»: Ինչ վերաբերում է ճամպրուկի պարունակությանը, ապա, ըստ Ա. Գալդունցի. «Ճամպրուկի մեջ եղածին ոչ մի բան էլ չի եղել: Ինքը դիմումի մեջ չի նշել, որ մեջը եղած իրերից որեւէ բան է ջարդվել: Հիմա ուղղակի խաղեր է տալիս ու վերջ: Բացի այդ, գուցե ուղեւորը իր ուղեբեռի մեջ իրը նախապես դնում է ջարդած վիճակում, որ հետո փող աշխատի»:

Տեղեկանալով, որ ճամպրուկն արդեն պատրաստ է, Հ. Հայրապետյանը երեկ նորից գնացել է վարպետի մոտ, որը նրան ասել է. «Իզուր մի գնա-արի, ստիպում են, որ սարքեմ, տամ քեզ՝ պրծնենք, բայց սա հնարավոր չէ վերանորոգել: Լրիվ քրքրված ա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել