Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ԴԵՌ ՉԵՆ ԼԻՆԻ

Դեկտեմբեր 02,2008 00:00

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) դեկտեմբերի 12-ին կայանալիք համաժողովի օրակարգում ընդգրկված են ընդդիմության հետագա ռազմավարությանն ու համազգային խնդիրներին առնչվող հարցեր: Երեկ «Ուրբաթ» ակումբում այդ մասին հայտարարել է ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Անդրադառնալով հանրահավաքների վերսկսման հնարավորությանը՝ Ա. Մուսինյանն ասել է, որ այս պահի դրությամբ դեռեւս չկան այնպիսի ծանրակշիռ նախադրյալներ, որոնք կստիպեին ՀԱԿ-ի ղեկավարությանը վերանայել հանրահավաքների դադարեցման մասին որոշումը: Իսկ խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից՝ Ա. Մուսինյանը վստահեցրել է, որ հակամարտության կարգավորման հարցում ՀԱԿ-ը կընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցանկացած որոշումը. «Եթե նա հաշտվի հակամարտության կարգավորման՝ հայկական կողմի համար անբարենպաստ տարբերակի հետ, ապա ի՞նչ արած»: Հակառակ դեպքում, եթե ԼՂ ժողովուրդը ոտքի կանգնի եւ դեմ գնա առաջարկվող տարբերակին, ընդդիմությունն, ըստ ՀԱԿ-ի խոսնակի, ամեն կերպ կաջակցի ԼՂ ժողովրդին: Ա. Մուսինյանը կարծիք է հայտնել, թե՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում «կողմերն առաջիկա ամիսներին եւս մեկ քայլ առաջ կգնան»: Նա ասել է, որ այդ հարցում սկսվել է շատ արագացված պրոցես, եւ այն կհանգուցալուծվի սկզբունքների շուրջ շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ: ՀԱԿ խոսնակի կարծիքով՝ «Մայնդորֆյան» հռչակագիրն արդեն որոշակի սկզբունքների շուրջ պայմանավորվածության սկիզբ էր: Ա. Մուսինյանը միաժամանակ շեշտել է, որ երբ ընդդիմությունն ասում է`«հանգուցալուծումը մոտ է», ապա նկատի չունի վերջնական մեծ պայմանագիրը, խոսքը վերաբերում է այն պայմանագրին, որը կսահմանի, թե ինչ սկզբունքների հիման վրա է լուծվելու հակամարտությունը:

«Արմինֆո»-ի մատուցմամբ՝ Ա. Մուսինյանը չի բացառել, որ «Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի, Արկադի Ղուկասյանի, իսկ հիմա արդեն Սերժ Սարգսյանի 10-ամյա քաղաքականության պատճառով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ աշխարհաքաղաքական կոնյունկտուրան հասցվել է այն կետին, որից հետո ոչինչ հնարավոր չէ ուղղել»: Նա նաեւ մեղադրել է ԼՂՀ ներկայիս իշխանությանը այն բանում, որ իրական պատկերը ներկայացնելու փոխարեն զբաղված է բնակչությանը հանգստացնելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել