Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդի կողմից իշխանության իրականացում»

Դեկտեմբեր 02,2008 00:00

«Հանրաքվեի մասին» օրենքում առաջարկվող

փոփոխությունները եւ լրացումները այսպես ներկայացրեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը:

Երեկ, օրվա վերջում, նիստի ավարտից 45 րոպե առաջ, խորհրդարանը սկսեց քննարկել «Հանրաքվեի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Հանրության մեջ կար կարծիք, որ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են Արցախի հարցով: Եթե դրանք ընդունվեն, ապա այդուհետ հանրաքվե անցկացնելու իրավունք կունենա ոչ միայն երկրի նախագահը, այլեւ կառավարությունը՝ հանրաքվեի դրվող հարցերը նախապես համաձայնեցնելով երկրի նախագահի հետ։ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի ներկայացմամբ՝ առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով նախատեսվում է, որ հանրաքվեի նոր տարատեսակ համարվի նաեւ «պետական կարեւորագույն հարցերով հասարակական կարծիքի ուսումնասիրման նպատակով» հանրաքվեի նշանակումը եւ անցկացումը: Ըստ նախարարի. «Սա մեր իրավական համակարգին ծանոթ ինստիտուտ է: Ինչ-որ մի ժամանակահատված հանվել է, ընդ որում՝ նաեւ Սահմանադրությունից, սակայն միջազգային փորձը, նաեւ հայրենական իրավական համակարգի փորձը վկայում են, որ հասարակական կարծիքի բացահայտումը՝ հատկապես պետական կարեւորագույն հարցերում, դիտվել է որպես ժողովրդի կողմից իշխանության իրականացման ձեւ»: Ըստ նախարարի, հանրաքվեի այս ձեւն ընդունված է անվանել խորհրդատվական կամ ֆակուլտատիվ հանրաքվե:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե այս փոփոխությունները կարո՞ղ են անմիջականորեն առնչվել Արցախի հարցին. «Ենթադրո՞ւմ եք, որ կառավարությունն ապագայում կներկայացնի կարծիքի ուսումնասիրություն ԼՂ-ի եւ ՀՀ-ի միացման հարցով»: Նախարարը ասաց, որ ինքը չի կարող «դեպքերից այդքան առաջ գնալ, բայց տեսականորեն ցանկացած հարց, այդ թվում՝ ձեր բարձրացրածը, կարող է դառնալ հասարակական կարծիքի բացահայտման հարց»: Դրանից հետո նախարարը մի ցնցող բան ասաց. «Եթե իսկապես պետության համար անհրաժեշտ հարց է, որի առնչությամբ իշխանությունները որոշում կայացնելուց առաջ պետք է հասարակական կարծիքի հետ հաշվի նստեն, սա հենց ճիշտ լուծումն է: Նաեւ մեր երկրի պրակտիկան է ցույց տվել, որ հասարակական կարծիքի բացահայտման տեսանկյունից միշտ չէ, որ շահեկան վիճակում ենք հայտնվել: Դա վերաբերում է եւ ՍԴ-ի կայացրած հայտնի որոշմանը (2004-ին ՍԴ-ի առաջարկած «Վստահության հանրաքվեն»- Մ. Ե.), երբ հնարավոր չեղավ հանրաքվե անցկացնել, որովհետեւ դա կհակասեր Սահմանադրությանը»:

ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանն ուզեց ճշտել՝ այդ կարգի հանրաքվեն ի՞նչ իրավական հետեւանք կարող է ունենալ: Նախարարը պատասխանեց. «Պրակտիկան այնպիսին է, որ անկախ նրանից, թե ով է նախաձեռնել հասարակական կարծիքի բացահայտում, սա պարտադիր է դառնում իշխանության բոլոր ճյուղերի համար, սա չգրված օրենք է: Իհարկե, ԱԺ-ն կարող է ընդունել դրան հակասող օրենք, բայց սա աղբյուր է, որից օգտվում է ԱԺ-ն եւս»: Վիկտոր Դալլաքյանն իր հերթին առաջարկեց, որ հանրաքվե անցկացնելու իրավունք ունենան նաեւ քաղաքացիները՝ քաղաքացիական նախաձեռնությամբ: Նախարարը վերապահումներ ուներ, մասնավորապես՝ եթե ժողովուրդը հանրաքվեն կազմակերպի ստորագրություններով, ապա, «ստորագրություններ հավաքելու մեխանիզմն իրեն չի արդարացնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել