Լրահոս
Օրվա լրահոսը

«ՅՈԹԻ» ԳՈՐԾԸ ՄՏԱՎ ԴԱՏԱՐԱՆ

Դեկտեմբեր 02,2008 00:00

Մեղադրական եզրակացության մեջ անդրադարձ կա նաեւ դատախազության կողմից առաջ քաշված «հոգեխանգարմունքի» թեզին:

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, լրացավ այն հերթական վերջնաժամկետը, որը ՀՀ Գլխավոր դատախազությունը տվել էր «Մարտի 1»-ի գործով նախնական կալանքի տակ գտնվող 7 քաղբանտարկյալների պաշտպաններին՝ քրգործի նյութերին ծանոթանալու համար: Ու մինչ առանձին վարույթում առանձնացված «Յոթի» գործում ներգրավված փաստաբանները քրգործի նյութերի վերաբերյալ միջնորդություններ կներկայացնեին, պարզվեց՝ նախաքննական մարմինը երեկ արդեն գործն ուղարկել է Երեւանի քրեական դատարան, պատրաստ է նաեւ մեղադրական եզրակացությունը: Հիշեցնենք, որ մեկ փաթեթով դատարան մտնող «Յոթի» գործով որպես մեղադրյալներ են ներգրավված Ալեքսանդր Արզումանյանը, Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Շանթ Հարությունյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը: Նրանք բոլորն էլ մեղադրվում են «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների կազմակերպման» կամ մասնակցության, «պետական իշխանության յուրացման», իսկ Ս. Միքայելյանն ու Մյասնիկ Մալխասյանը’ նաեւ «ապօրինի զենք» կրելու մեջ:

«Հատուկ քննչականի» կազմած մեղադրական եզրակացության նկարագրական մասում, բացի 10 զոհերի ստացած վնասվածքների եւ մահվան հանգամանքների նկարագրությունից, ծիծաղ առաջացնող ձեւակերպումներով անդրադարձ կա նաեւ Ազատության հրապարակում փետրվարի 20-29-ի հանրահավաքների ժամանակ «համազգային հոգեխանգարմունքին». «Ամբոխավարական կրքեր եւ անհնազանդություն հրահրող ելույթները զուգորդվել են ազգային-ազատագրական, ռազմաշունչ երաժշտությամբ, իսկ գիշերային ժամերին ցուցադրվել են բռնությունը խրախուսող, քարոզող մարտաֆիլմեր՝ հավաքվածներին առավել դյուրագրգիռ եւ ագրեսիվ դարձնելու համար: Ալեքսանդր Արզումանյանը իշխանության ներկայացուցիչների պահանջներին չենթարկվելու կոչեր է արել՝ տարածելով սուտ տեղեկություններ օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող զանգվածային միջոցառումները օրենքի տառին համապատասխանելու մասին…»: Որպես այդ հանրահավաքների մասնակից՝ ինքս չեմ կարողանում մտաբերել «բռնություն խրախուսող մարտաֆիլմի» ցուցադրման որեւէ դեպք, եթե, իհարկե, ՀՔԾ-ն նկատի չունի Մել Գիբսոնի հանրահռչակ «Խիզախ սիրտը» ֆիլմը:

Վերադառնալով «Յոթի» գործին՝ նշենք, որ այն դատարան ուղարկելու փաստը Քաղբանտարկյալների իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը համարեց անօրինականություն, նկատի ունենալով, որ «Յոթի» պաշտպանների տրամադրության տակ եւս մեկ օր դեռ կար գործի նյութերի վերաբերյալ միջնորդություններ ներկայացնելու համար: Իհարկե, նոյեմբերի 27-28-ին նախնական կալանքի տակ գտնվող 6 անձանց (բացառությամբ Շանթ Հարությունյանի) պաշտպաններն արդեն ներկայացրել են իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություններ: «Մենք պատրաստվում ենք դեկտեմբերի 2-ին նաեւ միջնորդություն ներկայացնել հանցակազմի բացակայության պատճառով քրգործը կարճելու մասին: Սա կլինի պաշտպանների միասնական մեկ միջնորդությունը»,- երեկ հայտարարեց Ա. Խաչատրյանը: Նա կարծում էր, որ այդ միջնորդություններով իրենք քննչական խմբին մի վերջին հնարավորություն են տալիս արդարացի եւ ճիշտ որոշում կայացնելու, այդ «խայտառակ եւ շինծու քրգործը կարճելու համար»:

Ա. Խաչատրյանի ասելով՝ «20 հազար էջից բաղկացած գործի ամեն մի էջի վերաբերյալ կարելի է մի քանի միջնորդություն ներկայացնել, բայց մենք այդ ամենը այս պահին մի կողմ ենք դնում եւ «քննչականին» հուշում, միջնորդում ենք՝ քրգործը կարճել, որովհետեւ, եթե այդ գործը մտնի դատարան, մենք այնտեղ հատ-հատ ենք անդրադառնալու յուրաքանչյուր էջին եւ ցույց ենք տալու ոչ միայն դրանցում առկա քրեադատավարական նորմերի կոպիտ ոտնահարումները, այլեւ ապացուցելու ենք, որ այդ գործում եղած ցանկացած տառ իշխանությունների կողմից իջեցված պատվերի արդյունք է:

Դատարանում մեր գործը լինելու է ոչ թե քաղբանտարկյալներին պաշտպանելը, այլ այդ գործի անհեթեթությունը հրապարակայնորեն ապացուցելը։ Գործի նախաքննության ընթացքում քրեադատավարական օրենսգրքի խախտումները հազարավոր են»:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում Ա. Խաչատրյանը, մինչեւ գործը դատարան հանձնելու մասին տեղեկությունը հայտնի դառնալը, ընդգծում էր, որ պաշտպանական կողմի միջնորդությունը ներկայացնելուց հետո, երբ նախաքննական մարմինը դրանց կպատասխանի, պաշտպանները կօգտվեն նաեւ օրենքով նախատեսված հնարավորությունից եւ անհրաժեշտության դեպքում ժամանակ կունենան նաեւ քննչական խմբի որոշումները բողոքարկել դատական կարգով: Թե պաշտպաններն ինչպես կարձագանքեն գործն արդեն դատարան ուղարկելու փաստին՝ հայտնի կլինի այսօր:

Արմեն Խաչատրյանը երեկ նաեւ նկատեց, որ գործող օրենքում որոշակի տարընթերցումներ կարող են առաջանալ նաեւ դատավորի կողմից գործի նյութերին ծանոթանալու եւ այն վարույթ ընդունելու համար սահմանված տասնօրյա ժամկետի վերաբերյալ: Մեր զրուցակցի ասելով, գործնականում անհավանական է, որ դատավորը կարողանա 10-օրյա ժամկետում ծանոթանալ 41 հատորանոց գործին: Բայց եթե դատավորը այդ 10-օրյա ժամկետից հետո որոշում կայացրեց, ապա դա արդեն դատավորին բացարկ հայտարարելու հիմք կլինի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել