Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՉԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ

Դեկտեմբեր 02,2008 00:00

\"\"Կառավարության այս բացթողումն է մատնանշում «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը:

Թեեւ կառավարությունն ընդունեց «Ժառանգության» 13 առաջարկները 2009-ի բյուջեի վերաբերյալ (մերժելով 17-ը, իսկ 11 առաջարկների վերաբերյալ էլ խոստանալով, թե դրանք կքննարկեն հաջորդ տարիների բյուջետային գործընթացների շրջանակներում)՝ խմբակցությունն այնուամենայնիվ դեմ քվեարկեց բյուջեին: Հիմնավորելով իրենց քվեարկությունը՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանն ասաց. «Մենք իհարկե գնահատում ենք կառավարության այդ քայլը, որ այս տարի բյուջեից որոշակի մասնաբաժին՝ 277 մլն դրամ հատկացրեց մեր առաջարկները բավարարելու համար: Դրանից 213 մլն դրամը նախատեսված է կրթական օբյեկտների հիմնանորոգման համար, իսկ 64 մլն դրամը՝ ջրագծեր են, ոռոգման ցանցեր եւ այլն: Սակայն դեմ էինք, որ բյուջեի պես քաղաքական լուրջ փաստաթղթով պատասխան չտրվեց ամենակարեւոր հարցերից մեկին. այն է՝ որեւէ ծրագրի արդյունավետության ցուցանիշը գնահատող գործիքները որո՞նք են, ու նաեւ՝ հաշվի՞ առել են նախորդ տարիներին իրականացված ծրագրերի արդյունավետությունը դրանք 2009-ին շարունակելու համար, թե՞ ոչ»: Անահիտ Բախշյանը մի շարք օրինակներ թվարկեց՝ ապացուցելու համար, որ այս հարցի պատասխանը բացասական է: «Ես շատ կոնկրետ օրինակի վրա ցույց կտամ, որ ծրագիրը տարիներ շարունակ չի իրականացվել, բայց կառավարությունը շարունակում է գումարներ հատկացնել բյուջեով: Դա «ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին բնակարանների, կահույքի, կենցաղային սարքերի եւ սարքավորումների տրամադրում» ծրագիրն է: Վերահսկիչ պալատն ապացուցեց, որ այս ծրագիրը 5 տարի շարունակ տապալվում է: Եվ առաջարկել էի այդ ծրագրի իրականացումը այլեւս չվստահել սոցիալական ապահովության նախարարությանը»: Առաջարկը կառավարությունը մերժել է՝ պատճառաբանելով, թե այդ ծրագրի կատարմանն առնչվող խախտումները քննության են առնվում եւ կստանան համապատասխան լուծումներ:

Այս ծրագրի աջակցության եւ խորհրդատվության բաժնով 3 մլն 56,6 հազար դրամ է նախատեսվել «2008 թվականի ծրագրի շահառուների հետագա կյանքի պայմանների վերահսկողության» համար: Սակայն Անահիտ Բախշյանն ուսումնասիրել է բյուջեի հավելվածները եւ տեսել, որ դրանց համաձայն՝ այս ծրագրի իրականացման «արդյունավետության մոնիտորինգ եւ գնահատում, տեղեկատվական բազաների տվյալների համադրում» կետի դիմաց նշված է «ֆինանսավորում չի պահանջում»: Զուտ հռետորական հարց է, թե ինչ է լինելու այդ 3 մլն դրամից ավելի գումարը:

Անահիտ Բախշյանն ընդհանուր առմամբ վերապահումով է վերաբերվում ծրագրերի այն կետերին, որոնց դիմաց գրված է, թե ֆինանսավորում չի պահանջվում: Նման գրություն կա նաեւ «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին առնչվող օրենսդրությունը ՄԱԿ-ի ընդունած դրույթներին համապատասխանեցնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներ» կետի դիմաց: Ըստ «Ժառանգության» ղեկավարի՝ եթե ֆինանսավորում չի լինելու, ուրեմն՝ չի արվելու: Եվ իր համար ամենացնցողն «առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորում, երեխաների խնամքի եւ պաշտպանության հաստատությունում եւ նրանց հետագա խնամքի նկատմամբ հսկողության իրականացում» կետն է, որի դիմաց էլի գրել են, թե ֆինանսավորում չի պահանջվում. «Ֆինանսավորում չի պահանջում նաեւ այդ երեխաներին բնակարան տրամադրելու կենտրոնացված հաշվառման իրականացումը: Չգիտեմ, դժվար հասկանալի բաներ են սրանք»:

Ուշագրավ մի փաստ՝ «Երեխաների իրավունքների պաշտպանության» 2009 թվականի տարեկան ծրագրով, որը որպես հավելված կցված է հաջորդ տարվա բյուջեի մասին օրենքին՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարաններ տրամադրելու ծրագրի շրջանակներում 2008-ին 20 շահառուների տրամադրվելու է բնակարան: «Մնացել է մեկ ամիս, որ տարին վերջանա: Եվ ես արդեն նամակ եմ գրել սոցապ նախարարին, թե այս ծրագիրն իրականացրե՞լ են,- ասում է տիկին Բախշյանը, որը թերահավատ է, թե այդ 20 բնակարաններն իրոք գնել են:- 5 տարում չեն կարողացել 67 բնակարան գնել: Եվ նշել են, թե 2008 թվականին 67 շահառուների համար բնակարանների գնման գործընթացն ընթացքի մեջ է»:

Ի դեպ, մերժվել է նաեւ «Ժառանգության» առաջարկը. «Համապատասխան մոնիթորինգի արդյունքներից ելնելով՝ ներկայացնել բյուջեով ֆինանսավորվող գեղարվեստական գրականության եւ տպագրվող մամուլի ցանկի հիմնավորումը»: Մինչդեռ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էր ամիսներ առաջ ի ցույց դրել, որ պետբյուջեով գումարներ են հատկացվում լույս չտեսնող կամ խիստ հազվադեպ լույս տեսնող պարբերականների:

Հ. Գ. Կառավարությունը ծառայողական 20 ավտոմեքենաների ձեռք բերման համար 2009-ի պետբյուջեով նախատեսել է 422,5 մլն դրամ: Մեկ մեքենա գնելու վերին շեմը 12 մլն դրամ է՝ «Ժառանգության» առաջարկած 8 մլնի փոխարեն: «Ես 20-ը բազմապատկում եմ առավելագույն՝ 12 մլն դրամով, ու ստացվում է 240 մլն դրամ: Ինչո՞ւ են 422,5 մլն դրամ նախատեսել, եթե 20 մեքենա են առնելու»,- հարցնում է Անահիտ Բախշյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել