Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՐԲԱԶԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԿԱՆԵՆ

Նոյեմբեր 29,2008 00:00

Արդեն մի քանի օր է՝ Շիրակի մարզում խոսակցություններ են պտտվում, որ շուտով աշխատանքից ազատելու կամ լավագույն դեպքում այլ թեմ են տեղափոխելու Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին: Իսկ պատճառը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «վերեւներին» ուղղված «դանոսն» է՝ իբր թեմի առաջնորդը քաղաքականությամբ է զբաղվում եւ ընդդիմությանն է սատարում: Երեկ Շիրակի մարզի մի խումբ մտավորականներ, ազդեցիկ հ/կ-ների ղեկավարներ, բիզնեսմեններ, գիտնականներ, պաշտոնյաներ, ազատամարտիկներ ու լրագրողներ այցելելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին՝ իրենց զորակցությունը հայտնեցին նրան: Նրանք մասնավորապես հայտարարեցին, որ ի պաշտպանություն սրբազանի պատրաստ են ստորագրահավաք, հանրահավաք կազմակերպել եւ նույնիսկ հոգեւոր արժեքների պաշտպանության շտաբ հիմնել: Մասնակիցներից մեկը՝ Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ինչո՞ւ հասարակության կարծիքը հաշվի չեն առնում, հասկացանք՝ մարզպետը պարտադրված պաշտոն է, քաղաքապետն էլ Գյումրիում համարյա նշանակովի է, բայց գոնե կրոնական հարցերում իշխանությունները չմիջամտեն ու հասարակությանը իրենց սիրած անձից չզրկեն»: Իսկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն էլ հավելեց. «Միլիմետր տարակույս չունեմ, որ թեմը համերաշխությամբ, ամբողջությամբ, վճռականությամբ պաշտպանել եւ պաշտպանելու է սրբազանի վարքը՝ որպես թեմի առաջնորդի: Այս խնդիրը այլեւս սրբազանինը չէ, քաղաքապետինը չէ, այս խնդիրը Գյումրիի հավատացյալ ժողովրդինն է»: Մի խումբ ազդեցիկ գյումրեցիներ պատրաստվում են առաջիկայում հանդիպել կաթողիկոսի՝ հերքելու Միքայել սրբազանի մասին սուտ տեղեկությունները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել