Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Նոյեմբեր 29,2008 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք յոթերորդ

Գլուխ տասներկուերորդ

ԹԱՑ ՕԳՈՍՏՈՍ

Եվ Աշոտն ինձ ասաց՝ «էդ գրածներիցդ մենակ մի բան եմ շատ լավ հիշում», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ես հիշում», եւ Աշոտը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «հիշում եմ, որ էդ առաջին հոդվածիդ կապակցությամբ շատ էիր վախեցած», եւ ես ասացի՝ «փաստորեն, ամենակարեւոր բանը հիշում ես», եւ Աշոտն ասաց՝ «կակռազ ամենակարեւորը չեմ հիշում», եւ ես հարցրի՝ «ամենակարեւորը ո՞րն ա», եւ Աշոտն ասաց՝ «էդ պատմվածքը չեմ հիշում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ մատուռի ու մեր քավորի մասին էդ պատմվածքս չեմ հիշում», եւ ես ասացի՝ «էդ պատմվածքը ոչ թե ձեր քավորի մասին էր, այլ էն մասին, թե ոնց էիք քավորիդ ծննդյան օրը ձեր գյուղից ձեր քավորի գյուղ գնում», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր գնալը հիշում եմ, բայց էդ պատմվածքը չեմ հիշում», եւ ես հարցրի՝ «գելերի ոռնոցներն էլ չես հիշո՞ւմ», եւ Աշոտը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գելերի ոռնոցներ», եւ ես ասացի՝ «ձեր գյուղից որ ծնողներիդ հետ ձեր քավորի գյուղ էիք գնում, էդ մատուռի մոտ գայլերը սկսեցին ոռնալ» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «ահավոր ձուն ու բուք էր», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու հո փորձանք չես, ա՛յ Արմո», եւ ես հարցրի՝ «խի՞ եմ փորձանք», եւ Աշոտը հուզված ասաց՝ «որ պատմում ես, քիչ-քիչ սկսում եմ հիշել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բայց էդ պատմվածքս վաբշե չեմ հիշում», եւ ես հարցրի՝ «բա ի՞նչն ես հիշում», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «կյանքս» եւ լրջանալով ավելացրեց՝ «հիշում եմ, որ մեր քավորի ծնունդին շատ մեծ դժվարությամբ իրանց գյուղ հասանք», եւ ես հարցրի՝ «էդ իրիկուն բուք չէ՞ր», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ ձուն ու բուք չըլներ, խաղուպարով մեր քավորի գյուղ կհասնեինք», եւ ես հարցրի՝ «գելերի ոռնոցներն էղե՞լ են», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էղած կըլնեն», եւ ես հարցրի՝ «բա մոմե՞րը», եւ Աշոտը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ մոմեր», եւ ես ասացի՝ «էդ մատուռում ուզում էիք մոմ վառեք, բայց չէիք կարում վառեք», եւ Աշոտը զարմացած հարցրեց՝ «ո՞նց չէինք կարում», եւ ես ասացի՝ «ահավոր ձուն ու բուք էր» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «երեւի ձունն ու քամին խանգարում էին», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ծիծաղելով հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ խանգարում էին», եւ ես ասացի՝ «էդ պատմվածքիդ մեջ էր գրված» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «այսինքն, ոչ թե ուղղակի գրված էր, թե քամին ու բուքն էին խանգարում, այլ նկարագրությունից հասկացվում էր, որ խանգարել են», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ծիծաղելով հարցրեց՝ «հետո՞. վերջը էդ մոմերը վառեցի՞նք», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չգիտեմ», եւ Աշոտը զարմացած հարցրեց՝ «ո՞նց չգիտես», եւ ես ասացի՝ «պապայիդ լուցկու տուփի մեջ ընդամենը մի քանի հատիկ լուցկի էր մնացել, բայց մոմերը չէին վառվում», եւ Աշոտը հարցրեց՝ «հետո՞», եւ ես ասացի՝ «էդտեղ պատմվածքդ պրծնում էր», եւ Աշոտը զարմացած հարցրեց՝ «բա մոմե՞րը», եւ ես ասացի՝ «ավելի ճիշտ, էդտեղ ոչ թե պատմվածքդ էր վերջանում, այլ՝ պատմվածքիդ էդ երրորդ էջը», եւ Աշոտն ավելի զարմացած հարցրեց՝ «ի՞նչ երրորդ էջ», եւ ես ասացի՝ «էդ պատմվածքիդ երրորդ էջն եմ ընդամենը կարդացել», եւ Աշոտը հարցրեց՝ «որտե՞ղ ես կարդացել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «գրամեքենայիդ մեջ», եւ Աշոտը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գրամեքենա», եւ ես ասացի՝ «էդ իրիկուն որ շամպայն էինք խմում, գրամեքենայիդ մեջ էդ էջն էր», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «վարիանտ չկա», եւ ես հարցրի՝ «ինչի՞ վարիանտ չկա», եւ Աշոտն ասաց՝ «որ էդ պատմվածքս քեզ ցույց տված ըլնեի, հաստատ կհիշեի», եւ ես ասացի՝ «թաքուն եմ կարդացել», եւ Աշոտը զարմացած հարցրեց՝ «ո՞նց թաքուն», եւ ես ասացի՝ «դու գնացիր հացի, ու ես որ մենակ մնացի՝ կարդացի», եւ Աշոտը հարցրեց՝ «ե՞րբ եմ հացի գնացել», եւ ես ասացի՝ «կինդ զանգեց ասեց, որ հաց չունեք», եւ Աշոտն ասաց՝ «չեմ հիշում» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «ասածներիցդ բան չեմ հասկանում», եւ ես ասացի՝ «ամենավատն էն ա, որ էդ պատմվածքդ չես հիշում», եւ Աշոտն ասաց՝ «որ չեմ հիշում՝ ասեմ հիշում ե՞մ», եւ ես ասացի՝ «շատ վատ ա», եւ Աշոտը հարցրեց՝ «ի՞նչն ա շատ վատ», եւ ես ասացի՝ «շատ վատ ա, որ ամենալավ պատմվածքդ չես հիշում», եւ Աշոտն ասաց՝ «բա նոր ասում էիր՝ ընդամենը մի էջ ես կարդացել», եւ ես ասացի՝ «էդ մի էջը հերիք էր», եւ Աշոտը հարցրեց՝ «ինչի՞ն էր հերիք», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էդ մի էջից էլ էր զգացվում», եւ Աշոտը հարցրեց՝ «ի՞նչ էր զգացվում», եւ ես ասացի՝ «զգացվում էր, որ շատ ուժեղ պատմվածք ա», եւ Աշոտն ասաց՝ «կարող ա էդ դեպքը պատմել եմ, բայց քո մեջ տպավորվել ա, թե պատմվածք եմ գրել», եւ ես Աշոտին ասացի՝ «վարիանտ չկա», եւ Աշոտը հարցրեց՝ «խի՞ վարիանտ չկա», եւ ես ասացի՝ «վարիանտ չկա, որ դու մեկնումեկին քո կյանքից բան պատմես», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ շատ խմած ըլնեմ, կարող ա պատմեմ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էդքան խմած չէիր», եւ Աշոտն ասաց՝ «երանի քո հավեսին», եւ ես հարցրի՝ «ի՞նչ իմաստով», եւ Աշոտն ասաց՝ «մեր կյանքից ընենց բաներ ես հիշում ու գրում, որ նույնիսկ մենք չենք հիշում», եւ ես ասացի՝ «որ էդ մոմերը չէին վառվում, դու մեջքով քամու դեմը փակել էիր, որ մոմերը վառվեն» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «կոշիկներիդ տակերն էլ պոկված էին, ոտներդ լրիվ թրջվել էին, բայց դու հորնումորդ չէիր ասում, որ իրանց վատ չզգան», եւ Աշոտն ասաց՝ «հիշեցի» եւ որոշ դադարից հետո ավելացրեց՝ «որ հասանք քավորի տուն՝ աջ ոտիս թաթը լրիվ փետացել էր», եւ ես ասացի՝ «որ ասում եմ գրել ես՝ չես հավատում», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «գրելս չեմ հիշում. ոտիս փետանալն եմ հիշում», եւ ես ասացի՝ «շատ ուժեղ պատմվածք էր», եւ Աշոտն ասաց՝ «ձեռ ե՞ս առնում», եւ ես ասացի՝ «խի՞ եմ ձեռ առնում», եւ Աշոտն ասաց՝ «որ ուժեղ ըլներ, ո՞նց կարող ա մոռանայի», եւ ես ասացի՝ «ճաշակի հարց ա», եւ Աշոտն ասաց՝ «ես նույնիսկ ուրիշների գրած լավ պատմվածքները չեմ մոռանում, ուր մնաց՝ իմ գրածը մոռանայի», եւ ես ծիծաղելով ասացի՝ «կարեւորն էն ա, որ ոտիդ փետանալը հիշում ես», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «մեր քավորին էլ եմ հիշում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «շատ լավ մարդ էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «օղորմի իրան», եւ ես ասացի՝ «լավ ա՝ որ գոնե քավորիդ ես հիշում. թե չէ՝ էլի տարածելու էիր, թե սուտ բաներ եմ գրում», եւ Աշոտը զարմացած հարցրեց՝ «քավորիս մասին ե՞ս գրելու», եւ ես ասացի՝ «ի՛մ մասին եմ գրելու», եւ Աշոտը հարցրեց՝ «քո մասին ի՞նչ ես գրելու», եւ ես ասացի՝ «գրելու եմ, որ ձեր քավորներին իմ հիշացնելով եք հիշում», եւ Աշոտը ներողամիտ տոնով ասաց՝ «ինչ սիրտդ տալիս ա՝ գրի, Արմո ջան. նեղացող չկա», եւ ես հարցրի՝ «դու չես գրո՞ւմ», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դեպքից դեպք գրում եմ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ես գրում», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Տերյանի մասին վեպ եմ գրում. տենանք՝ ինչ կստացվի», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ես քո մասին եմ գրում, դու՝ Տերյանի», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «բայց իմը վերջ ա ունենալու», եւ ես ծիծաղելով ասացի՝ «իմն անավարտ ա մնալու» եւ ծիծաղելով ավելացրի՝ «քո էն պատմվածքի նման», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «էնքան ասեցիր, որ երեւի մի օր նստեմ՝ էդ պատմությունն իսկականից գրեմ», եւ ես ասացի՝ «իզուր քեզ նեղություն մի տուր. էդ պատմությունը ե՛ս եմ գրում. քեզ զանգեցի, որ որոշ բաներ ճշտեմ», եւ Աշոտը ծիծաղելով հարցրեց՝ «ճշտեցի՞ր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Աշոտը հարցրեց՝ «ի՞նչ ճշտեցիր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ինչ որ ինձ պետք էր» եւ ծիծաղելով ավելացրի՝ «ճշտեցի, որ մինչեւ հիմի քո մասին ինչ գրել եմ՝ ճիշտ ա», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «էդ ոգով էլ շարունակի, Արմո ջան», եւ ես ասացի՝ «ընենց որ՝ էլ չասես, թե սուտ ու սխալ բաներ եմ գրում», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «դու որ ուզենաս էլ, չես կարա սխալ բան գրես, Արմո ջան», եւ ես հարցրի՝ «Տերյանի մասին էդ վեպը որ գրում ես, լրիվ ճիշտ ե՞ս գրում», եւ Աշոտն ասաց՝ «ահագին կենսագրական փաստաթղթեր եմ ուսումնասիրել», եւ ես հարցրի՝ «էդ կենսագրական փաստերից բացի՝ ուրիշ բան չե՞ս գրելու», եւ Աշոտը հարցրեց՝ «ի՞նչ ուրիշ բան», եւ ես ասացի՝ «ուզում եմ ասեմ՝ քեզանից որոշ բաներ չե՞ս հորինելու», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ չհորինես՝ էլ ի՞նչ վեպ», եւ ես հարցրի՝ «գրածիդ քանի՞ տոկոսն ա հորինած, քանիսը՝ ճիշտ», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի հիսուն-հիսուն», եւ ես ծիծաղելով ասացի՝ «իմն է՛լ ա հիսուն-հիսուն», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «պարզվում ա՝ քոնը հիսուն-հիսուն չի», եւ ես հարցրի՝ «բա ինչքա՞ն ա», եւ Աշոտը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «հարուրից մի բան էլ ավել ա», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց ա հարուրից ավել», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «դու իմ կյանքից ընենց բաներ ես հիշում, որ նույնիսկ ես չեմ հիշում», եւ ես հարցրի՝ «քավորիդ ծնունդին գնալու ձեր էդ պատմությո՞ւնը նկատի ունես», եւ Աշոտը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «էդ պատմության մասին իմ չգրած էդ պատմվածքը նկատի ունեմ», եւ ես գոռացի՝ «գրե՛լ ես», եւ Աշոտը զարմացած հարցրեց՝ «խի՞ ես գոռում» եւ մի քիչ մտածեց ու ասաց՝ «թող գրած ըլնեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «չուզողը թող ե՛ս ըլնեմ», եւ ես ասացի՝ «ես որ ըտենց պատմվածք գրած ըլնեի՝ հետս խոսալ չէր ըլնի», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «ես է՛լ որ ըտենց պատմվածք գրած ըլնեի՝ իմ հետ է՛լ խոսալ չէր ըլնի», եւ ես ասացի՝ «լավ էլ գրել ես», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «չուզողը թող ես ըլնեմ», եւ ես ասացի՝ «ուրեմն, էլ չասես թե՝ սուտ բաներ եմ գրում», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «չեմ ասի», եւ ես ասացի՝ «հաջողություն», եւ Աշոտն ասաց՝ «հաջող, Արմո ջան», եւ հիմա վերստին Աշոտի պատմվածքի էդ երրորդ էջը հիշելով՝ Աշոտի էդ ճղված կոշիկն եմ հիշում, եւ մանավանդ աջ թայն էր ճղված, եւ Աշոտի մանավանդ աջ ոտքի թաթն էր սառնամանիքից անզգայացել, բայց անչափահաս Աշոտն էդ մասին ծնողներին բան չէր ասում, որ ծնողներն իրենց ավելի վատ չզգան, որովհետեւ մոմերը ոչ մի կերպ չէին վառվում, ու լուցկու տուփն արդեն գրեթե դատարկված էր, բայց ամենից ահավորն, իհարկե, գայլերն ու գայլերի ոռնոցներն էին, ու էդ ամբողջը՝ ընդամենը մի էջի մեջ, եւ եթե Աշոտի էդ երրորդ էջը մեր գրականագետներից մեկնումեկի ձեռքն ընկներ՝ էդ էջի հիման վրա գրականագիտական մի ամբողջ դիսերտացիա կարելի կլիներ պաշտպանել, եւ եթե գրականագետ լինեի, Աշոտի գրած ու մեքենագրած էդ էջի բոլոր արժանիքները մեկ առ մեկ կթվարկեի, եւ առաջին հերթին, իհարկե, ավանդական ու ավանդապաշտ գյուղացու կերպարը ձեր առաջ կհառներ. գյուղացի, որն անպայման որոշել էր իր քավորի ծնունդը շնորհավորել եւ բնության ու չար ուժերի դեմ ոչ մի կերպ թեւաթափ չլինելով՝ մաքառում էր հանուն իր էդ վեհ նպատակի, այն է՝ անպայման քավորի ծնունդին հասնել եւ անպայման քավորի ծնունդը շնորհավորել, եւ ահավոր ձյունն ու բուքն անկարող էին արգելք հանդիսանալ, եւ էդ ձնից ու բքից ահավոր էի վախեցել, որովհետեւ ախալքալաքցի արձակագիր Ավետիսյան Աշոտի նկարագրած էդ ձյունն ու բուքը չափազանց տեսանելի ու շոշափելի էին, եւ էդպիսի ձյուն ու բուք մեկ Չապլինի «Ոսկու տենդը» ֆիլմում էի տեսել, մեկ էլ, ահա, Աշոտի գրած ու մեքենագրած էդ տեքստում էի տեսնում՝ էնքան որ տեսանելի էին, ու սարսափն ինձ իսկապես պատել էր, որովհետեւ երբեւէ մեր դժվարամատչ գյուղերում չէի եղել, եւ երբ դրանից մի քանի տարի անց եղա, վերստին Աշոտի պատմվածքի էդ ահավոր երրորդ էջը հիշեցի, եւ չէի էլ կարող չհիշել, որովհետեւ Աթանից Ահնիձոր տանող ճանապարհն ահավոր խորդուբորդ ու ցեխոտ էր, եւ չնայած պարտադրված չէինք ու ճանապարհի կեսից կարող էինք հետ դառնալ, բայց իմ քավոր Գագոն ու մանավանդ Արիսը հաստատապես էին որոշել Ահնիձոր հասնել, եւ ես էլ առանձնապես դեմ չէի, մանավանդ որ, հասկանում էի, որ Ահնիձոր հասնելն իմ քավոր Բաղդասարյան Գագոյի ու մանավանդ Պոլիտեխնիկի Մելքումյան Արիսի համար կյանքի նպատակ է, եւ չնայած մեր էդ ճամփորդության նպատակը Գագոյի զոքանչ Հեղուշի Օձունի տանը մի քանի օր հանգստանալն էր, Օձունում էդ ամառ ոչ թե հանգստանում էինք, այլ սրտատրոփ սպասում էինք անձրեւի կտրվելուն, եւ հատկապես իմ քավոր Գագոն ու Արիսն էին անձրեւի կտրվելուն սրտատրոփ սպասում, եւ չնայած իրենք չէին արտահայտվում, ես զգալով գիտեի, որ էն գլխից Արիսի ու Գագոյի իրական նպատակը ոչ թե Գագոյի զոքանչ Հեղուշի Օձունի տանը մի քանի օր հանգստանալն էր, այլ՝ հանգստանալու պատրվակով Հրանտի Ահնիձորը տեսնելն ու Ահնիձորում գոնե մի քանի ժամ գտնվելը, որովհետեւ իմ քավոր Գագոն ու մանավանդ Արիսը Հրանտի գրականության հազվագյուտ ֆանատներ էին, եւ չնայած ես էլ էի Հրանտի գրականության սիրահար, այդուհանդերձ, Գագոյի ու մանավանդ Արիսի հետ չէի կարող համեմատվել, եւ Գագոյի ու մանավանդ Արիսի հետ էդ հարցում որեւէ մեկը չէր կարող համեմատվել, որովհետեւ յոթանասունականների վերջերին ու ութսունականների սկզբներին իմ քավոր Գագոն ու մանավանդ Արիսը միայն ու միայն Հրանտի գրականությունից էին խոսում՝ տանը, սրճարանում ու ամենուր, եւ Հրանտից չխոսելն ու այլ թեմայով զրուցելն իմ քավոր Գագոյի ու մանավանդ Արիսի համար սրբապղծության հավասար բան էր, եւ ահա՝ ութսուն թվականի օգոստոսի էդ երրորդ օրը Հեղուշի Օձունի տանը գտնվելով՝ անձրեւի կտրվելուն էինք սպասում, եւ հատկապես Գագոն ու առանձնապես Արիսն էին անձրեւի կտրվելուն սպասում, եւ երբ մեր էդ տանջալից հանգստյան երրորդ օրն անձրեւը կտրվեց, մենք անմիջապես ուղղություն վերցրինք դեպի Ահնիձոր, եւ չնայած ճանապարհը ցեխոտ ու խորդուբորդ էր, մեր էդ ճամփորդությունն Ախալքալաքցի Աշոտի պատմվածքում նկարագրված ճամփորդության հետ չես համեմատի՝ նախ էն պատճառով, որ Աշոտն ու ծնողները ձմռան բքին ոտով էին գնում քավորի տուն, մինչդեռ ես ու Արիսն իմ քավոր Գագոյի «Զրո մեկով» օգոստոսի վերջերին ճանապարհ ընկանք դեպի Հրանտ Մաթեւոսյանի Ահնիձոր, եւ չնայած նախորդ երկու օրերին Լոռվա ողջ աշխարհում ահավոր տեղատարափ էր, երրորդ օրվա օգոստոսի արեւն ընդամենը մի քանի ժամում չորացրեց էն ամենը՝ որ հնարավոր էր չորացնել, ու մենք երեքով Գագոյի «Զրո մեկով» լուռ ու երջանիկ գնում էինք, ու Գագոն, որ Երեւանից Օձուն գնալիս անընդհատ դժգոհում էր ճանապարհների անհարթությունից, Ահնիձորի ճանապարհին ոչ մի անգամ խորդուբորդերից ու ցեխերից չդժգոհեց, եւ դա հասկանալի էր, որովհետեւ երեքս էլ հասկանում էինք, որ ընդամենը մի քանի ժամից գտնվելու ենք Հրանտի հայրենիքում, ու էդ միտքը հատկապես ու առանձնապես Արիսին էր ոգեւորում, որովհետեւ Արիսը Հրանտի երկրպագուն լինելուց բացի՝ նաեւ Հրանտի շատ մոտիկ ընկերն էր, եւ, հիշում եմ, երեքս էլ ահագին ժամանակ լուռ էինք, եւ ահագին լռությունից հետո առաջինն Արիսը խոսեց ու ասաց՝ «էդքան Հրանտին խնդրեցի, որ մի անգամ իրար հետ Ահնիձոր գնանք, մի գլուխ ականջի հետեւ գցեց», եւ ես ասացի՝ «ավելի լավ. հիմա ինքնուրույն ես գնում», եւ Արիսը ժպտալով ասաց՝ «հիմա ինքնուրույն կգնամ, հետո Հրանտին որ տեսնեմ, կասեմ՝ քո վատությունը քեզ մնաց», եւ, հիշում եմ, երբ Արիսն էդ բանն ասաց, ճանապարհի աջ կողմում կարդացինք՝ ԱՀՆԻՁՈՐ, եւ, հիշում եմ, ես էդ պահին ասացի՝ «շատ գեշ ճանապարհ ա», եւ Գագոն ասաց՝ «շատ էլ նորմալ ճանապարհ ա», եւ Արիսն ասաց՝ «մենք ավտոյով հազիվ ենք էս ճանապարհը հաղթահարում, բայց Հրանտն էս ճանապարհը ոտով ու ձիով ա գնացել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գիտես», եւ Արիսն ասաց՝ «ինքն ա պատմել», եւ Գագոն ասաց՝ «համ էլ՝ էդ մասին հազար տեղ գրել ա», եւ երբ մի քիչ էլ գնացինք, դեմներս մի չքնաղ տեսարան բացվեց, ավելի ճիշտ՝ էդ չքնաղ տեսարանը ոչ թե դեմներս բացվեց, այլ՝ ձորի մեջ, եւ մինչ Գագոն մեքենան հենց ձորի պռնկին կարգելակեր, արդեն հրաշք տեսարանն աչքներիս առաջ էր, եւ Գագոյի արգելակած տեղում երկու լեռ քարեր կային, որոնցից մեկի վրա Գագոն շոր փռեց, որովհետեւ էդ քարերը մի քանի օրվա անընդմեջ անձրեւից դեռեւս չէին հասցրել տաքանալ, ու մենք էդ քարին նստած՝ ահագին ժամանակ Ահնիձորով էինք հմայվում, եւ ահագին ժամանակ լուռ էինք, եւ որոշ լռությունից հետո Գագոն հարցրեց՝ «սոված չե՞ք». եւ ես ասացի՝ «հա», եւ Գագոն հարցրեց՝ «թե՞ մի հատ կոֆե խմենք՝ հետո», եւ Արիսը հարցրեց՝ «ի՞նչ կոֆե», եւ Գագոն ասաց՝ «թերմոսով լիքը կոֆե եմ վերցրել», եւ ես ասացի՝ «կոֆե խմենք», եւ Արիսն ասաց՝ «հա», եւ Գագոն սուրճերը մեծ բաժակների մեջ լցրեց, տվեց մեզ, եւ Արիսն ասաց՝ «Աստված էդ անձրեւի վերջը տվեց, որ մենք էս հրաշքը տենանք», եւ Գագոն ասաց՝ «որ անձրեւը շարունակվեր էլ, մեկ ա, առանց Ահնիձորը տենալու՝ Երեւան չէի քշելու», եւ Արիսն ասաց՝ «պարզ ա», եւ ես ասացի՝ «շատ սիրուն գյուղ ա», եւ Արիսը ձորից իջնող նեղլիկ արահետը ցույց տալով ասաց՝ «ինքը ձիով էս ճանապարհով ա ամեն օր գնացել», եւ ես հարցրի՝ «ո՞վ», եւ Արիսը պատասխանեց ու ասաց՝ «Հրանտը», եւ ես ասացի՝ «էդ նեղ ճանապարհով մարդը հազիվ կանցնի», եւ Արիսն ասաց՝ «ինքը ձիով ա անցել», եւ Գագոն կարմիր տանիքով երկհարկանի շենքը ցույց տալով ասաց՝ «երեւի դպրոցի շենքն ա», եւ Արիսն ասաց՝ «էս դպրոցի թազա շենքն ա. իրա վախտ էդ շենքի տեղում լրիվ խարխուլ դպրոց ա էղել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գիտես», եւ Գագոն ասաց՝ «Արիսը Հրանտին վերաբերող ամեն ինչ գիտի», եւ Արիսն ասաց՝ «ինչ էլ որ չգիտեմ՝ զգում եմ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ես զգում», եւ Արիսը պատասխանեց ու ասաց՝ «զգում եմ, որ մենակ էս գյուղում կարար Հրանտի պես հզոր գրող ծնվեր», եւ Գագոն Արիսին ասաց՝ «ամենակարեւորը տաղանդն ա», եւ Արիսն ասաց՝ «տաղանդը կարեւոր ա, բայց տաղանդը պիտի համապատասխան միջավայրում ձեւավորվի», եւ ես ասացի՝ «տենաս Հրանտենց տունը ո՞րն ա», եւ Արիսն ասաց՝ «մեկը որ հայտնվի՝ կհարցնենք», եւ Գագոն ասաց՝ «շատ հետաքրքիր ա՝ որն ա Հրանտենց տունը», եւ Արիսն ասաց՝ «մեկից կհարցնենք՝ կգնանք», եւ ես հարցրի՝ «ո՞ւր կգնանք», եւ Արիսը պատասխանեց ու ասաց՝ «Հրանտենց տուն» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հերնումերը երեւի տանը կըլնեն», եւ ես հարցրի՝ «հորնումորը ճանաչո՞ւմ ես», եւ Արիսն ասաց՝ «չէ» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «կասենք՝ Հրանտոյի ընկերներն ենք», եւ ես հարցրի՝ «հարմար ա՞ որ», եւ Արիսը պատասխանեց ու ասաց՝ «անհարմար բան չկա. իրանք Հրանտին պաշտում են», եւ ես ասացի՝ «պարզ ա՝ կպաշտեն», եւ Արիսն ասաց՝ «Հրանտի ընկերներին էլ գլխների վրա են ընդունում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գիտես», եւ Արիսն ասաց՝ «անցած ամառ Հովիկին ու իրա խմբին շատ լավ էին ընդունել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ Հովիկ», եւ Արիսը պատասխանեց ու ասաց՝ «Հախվերդյան», եւ ես ասացի՝ «Հովիկն էրեսով ա», եւ Արիսն ասաց՝ «մենք իրանից էրեսով ենք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կմտնենք Հրանտենց տուն ու կասենք, որ Հրանտի ընկերներն ենք», եւ ես հարցրի՝ «Հովիկն ըտենց ա՞ արել», եւ Արիսը պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ ես հարցրի՝ «բայց Հովիկն ու Հրանտն ընկերնե՞ր են», եւ Արիսը պատասխանեց ու ասաց՝ «Հովիկն ա ինձ Հրանտի հետ ծանոթացրել», եւ Գագոն Արիսին հարցրեց՝ «ասում ես՝ Հովիկին լավ պատիվ ե՞ն տվել», եւ Արիսն ասաց՝ «մի քանի հատ հավ են մորթել ու դեմները տնական շատ լավ մածուն են դրել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հա, մեկ էլ՝ հոնի արաղ», եւ ես հարցրի՝ «կարող ա՞ մեր համար էլ հավ մորթեն», եւ Արիսը ծիծաղելով ասաց՝ «մեր համար կարող ա ոչխար էլ մորթեն», եւ Գագոն միանգամայն լուրջ ասաց՝ «չարժի մարդկանց նեղություն տանք», եւ Արիսն ասաց՝ «իրանք որ Հրանտի ընկերներին պատիվ են տալիս, դրանից մեծ հաճույք են ստանում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Հովիկին ու իրա նկարահանող ամբողջ խմբին լավ կերցրել ու խմացրել են», եւ ես հարցրի՝ «Հովիկենք քանի՞ հոգով են էղել», եւ Արիսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի հինգ կամ վեց», եւ ես ժպտալով ասացի՝ «դե լավ ա՝ մենք քիչ ենք», եւ Արիսը ծիծաղելով ասաց՝ «համ քիչ ենք, համ էլ՝ Հովիկի օպերատորի չափ ուտող չենք», եւ ես հարցրի՝ «Հովիկի օպերատորն էն նիհարը չի՞», եւ Գագոն ասաց՝ «նիհարը նիհար ա, բայց շատ ուժեղ ուտող ա», եւ Արիսն ինձ ասաց՝ «էդ ասածդ նիհարը մենակով իրեքիցս շատ կուտի», եւ ես ասացի՝ «դե ասա՝ Հրանտի հորնումորն ահագին վնաս են տվել», եւ Արիսն ասաց՝ «Հրանտի հերնումերն իրանց շատ լավ են զգում, որ Հրանտի ընկերներին պատիվ են տալիս», եւ ես ասացի՝ «բայց էդ օպերատորը Հրանտի ընկերը չի», եւ Արիսն ասաց՝ «կապ չունի. Հովիկի հետ են էղել», եւ Գագոն առաջարկեց՝ «էկեք ինքնուրույն գլխի ընկնենք՝ Հրանտենց տունը որն ա», եւ ես անմիջապես ասացի՝ «հաստատ էն կարմիր կրիշովն ա», եւ Արիսն ասաց՝ «հաստատ էդ կարմիր կրիշովը չի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էրեւում ա՝ Հրանտին լավ չես կարդացել», եւ ես հարցրի՝ «ինչի՞ց ենթադրեցիր, որ լավ չեմ կարդացել», եւ Արիսն ասաց՝ «էդ կարմիր կրիշը թարմ ներկած կրիշ ա», եւ ես ասացի՝ «հետո՞ ինչ», եւ Արիսն ասաց՝ «Հրանտը մի քանի տեղ գրել ա, որ իրա հեր Իգնատը բոլորի համար գործ էր անում, բայց իրանց տան գործերը միշտ կիսատ էր թողում. ընենց որ՝ ինքը դժվար թե իրանց տան կրիշն էսքան սիրուն ու էսքան վերջնական ներկեր», եւ ես ծիծաղելով ասացի՝ «համոզեցիր», եւ Գագոն ասաց՝ «իմ կարծիքով՝ իրանց տունն էդ կարմիր կրիշովի կողքի չներկած կրիշով տունն ա», եւ Արիսն ասաց՝ «էդ չներկած կրիշովն էլ չի կարա իրանց տունն ըլնի», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «խի՞ չի կարա», եւ Արիսը պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ էդ էրկու տներն էլ դպրոցին շատ մոտիկ են», եւ ես հարցրի՝ «էդ ի՞նչ կապ ունի», եւ Արիսը պատասխանեց ու ասաց՝ «շատ մեծ կապ ունի», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչ կապ», եւ Արիսը պատասխանեց ու ասաց՝ «Հրանտը մանավանդ ձմեռները շատ մեծ դժվարությամբ ա դպրոց հասել. էդ նշանակում ա, որ իրանց տունը դպրոցից ահագին հեռու ա էղել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գիտես», եւ Արիսն ասաց՝ «իրա գրածները շատ մանրամասն եմ կարդացել», եւ Գագոն Արիսին ասաց՝ «շատ ուժեղ հիշողություն ունես», եւ Արիսն ասաց՝ «Հրանտի գրածը հնարավոր չի մոռանալ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել