Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ. ԱՌԱՋ, ՀԱՅԱՍՏԱՆ

Նոյեմբեր 29,2008 00:00

\"\"

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը երեկ հյուրընկալվել էր մամուլի «Տեսակետ» ակումբում:

Դրեզդենում տեղի ունեցած իրադարձություններն այնքան մանրամասն են ներկայացվել (գոնե «Առավոտի» էջերում), որ ընդհանուր առմամբ հարցուպատասխանների մեջ առանձնապես նորություններ չկային: Այդուհանդերձ, մեր ձայնագրիչը նոր հարցադրումներ, այնուամենայնիվ, արձանագրեց:

– Բոլոր լրատվամիջոցները միաբերան նշում են, որ մեր հաղթանակը նախ եւ առաջ ոգու միասնության արդյունք է: Մեկնաբանեք, խնդրեմ:

Հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյան. «Վարկանիշով մեր թիմն ընդամենը իններորդն էր: Հետեւաբար, օլիմպիադայի ավարտին այդ տեղը զբաղեցնելն օբյեկտիվորեն նորմալ կարելի կլիներ համարել: Բայց տղաները հաղթեցին: Այն էլ՝ երկրորդ անգամ անընդմեջ: Հավատացեք. դա անհամեմատ ավելի դժվար էր, քան առաջին անգամ չեմպիոն դառնալը: Թիմային ոգի՞ն: Ես ուշադիր հետեւել եմ: Մյուս հավաքականների անդամներից շատերը պարտիան ավարտելուց հետո հեռանում էին: Իսկ մերոնք՝ ոչ: Մնում էին՝ իրենց ներկայությամբ ոգեւորելով, սատարելով, ինչպես կուզեք’ պատկերացրեք, թիմակիցներին: Սա խոսքերով չես փոխանցի: Պատասխանատու պահերին ընկերոջ ներկայությունը զգալ է պետք: Մի դիտարկում էլ: Ամեն մի տուրից առաջ վիճակահանությամբ էր որոշվում, թե որ խաղատախտակի առջեւ հայտավորված գրոսմայստերը որ գույնով է խաղալու: Բոլորն էլ ցանկանում էին խաղալ սպիտակներով, որովհետեւ դա ավելի հարմար է: Մեր թիմում նման խնդիր չկար: Տղաները հանուն ընդհանուր արդյունքի’ պատրաստ էին ամեն պայմանի»:

– Գո՞հ եք Հայաստանում շախմատի, մասնավորապես’ ձեր հանդեպ վերաբերմունքից: Հնարավո՞ր է, որ ժամանակի ընթացքում ավելի լավ պայմանների առաջարկ լինելու դեպքում հեռանաք երկրից:

Գաբրիել Սարգսյան. «Ընդհակառակը, Դրեզդենում շատերն էին մեզ նախանձում, նշելով, որ հանրապետության եւ մեր շախմատի ֆեդերացիայի նախագահը պատասխանատու պահին մեզ հետ է: Եթե մի ժամանակ լավագույն շախմատիստները ուշադրության պակասի եւ սոցիալական դրդապատճառներով հեռացել են, վերադառնալու եւ հանդես են գալու Հայաստանի դրոշի ներքո»:

«Հնարավո՞ր է, որ հաղթենք նաեւ հաջորդ օլիմպիադայում»,- հարցին բոլորը միաբերան պատասխանեցին. «Բացառված չէ: Պայքարելու ենք հաղթելու համար»:

Եղան նաեւ քաղաքականացված հարցեր:

– Հայաստանում մեծ տարածում ունի «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսը: Դրեզդենում դուք դրանո՞վ էիք առաջնորդվում:

Լեւոն Արոնյան. «Ոչ: «Առաջ, Հայաստանով»:

– Վերջերս մի առիթով Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե աշխարհը Հայաստանը, բացի շախմատից, պետք է ճանաչի նաեւ այծի պանրով, սոխով ու բիբարով: Ի՞նչ կասեք:

Լեւոն Արոնյան. «Իմ արտասահմանցի ընկերները երբ գալիս են Հայաստան եւ համտեսում մեր ուտեստները, ինչպես ասում են՝’ համը բերաններն է մնում: Ճիշտ է ասված: Բայց, իհարկե, ցանկալի է, որ Հայաստանն առաջին հերթին ճանաչվի ինտելեկտուալ խաղով՝ շախմատով»:

– Լեւոն, Գելֆանդի հետ պարտիայում քո առաջին քայլն ինչ-որ արաբ շեյխ կատարեց: Դա չէ՞ր քո միակ պարտության պատճառը:

– Ոչ: Նման ակցիաներ Դրեզդենում արվում էին: Բայց ով էլ լիներ այդ մարդը, նրան նախապես արվելիք քայլը ասում էինք:

– Այսինքն՝’ դա քո՞ ցանկությունն էր:

– Այո: Պարզապես, խաղս չստացվեց:

«Առավոտն» իր հարցերը տվեց առանձին:

– Ճի՞շտ է, որ օլիմպիադայում հանդիպումներից մեկին ներկա է եղել նաեւ Արթուր Աբրահամը:

Արտաշես Մինասյան. «Այո: Եվ որքան տեղյակ եմ, Գելֆանդի հետ հանդիպման ժամանակ Լեւոնի առաջին քայլը հենց նա պետք է կատարեր, բայց քանի որ ուշացել էր, այդ հնարավորությունը տրվեց արաբ շեյխին»:

– Կայքերից մեկում խաղատախտակներից մեկի առջեւ նստած էր գեղեցկուհի Արինան՝ Լեւոնի ընկերուհին: Նա շախմատի՞ստ է:

Լեւոն Արոնյան. «Այո: Արինան հանդես էր գալիս Ավստրալիայի կանանց հավաքականի կազմում»:

– Պարոն Պետրոսյան, Դուք Հայաստանի հավաքականի մարզիչն եք: Բայց ձեր փեսան՝ Պետեր Լեկոն, խաղում էր Հունգարիայի թիմից: Ձեզ համար դժվար չէ՞ր:

– Ես ամբողջ ժամանակս տրամադրել եմ մեր թիմին: Պետերի հետ անգամ չեմ էլ զրուցել: Նա Դրեզդենում իր մարզիչներն ուներ:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել