Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ՝ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎԱԾ ՀԱՆԳՈՒՅՑ

Նոյեմբեր 29,2008 00:00

Աշխարհաքաղաքական վերլուծության փորձ

Ներածություն. «Սառեցված հակամարտությունների» մասին խոսելիս միջազգային փորձագիտական հանրույթը, ելնելով զանազան քաղաքական եւ գլոբալ շահագրգռություններից, հաճախ մեկ ընդհանուր խմբին էր դասում հետխորհրդային տարածքում չճանաչված պետությունների միջազգային կարգավիճակին վերաբերող գործընթացները: Սակայն վերջին տարիներին հստակ ուրվագծվում է այդ հակամարտությունների նոր փաստացի դասակարգումը, ըստ որի՝ նրանք սկսվել են դիտարկվել որպես ռուսաստանյան կոմպոնենտի գերակայությամբ՝ Աբխազիա, Մերձդնեստր, Հարավային Օսեթիա, եւ առանց ռուսաստանյան կոմպոնենտի գերակայության՝ Լեռնային Ղարաբաղ, հիմնախնդիրներ:

Նման տարբերակումը հետեւանք է մի շարք գործոնների, որոնցից են հայկական կողմերի առավելագույն ինքնուրույն կեցվածքը եւ ԼՂՀ հիմնախնդրի աշխարհաքաղաքական յուրահատուկ բնութագրիչները:

Անկախ ԼՂՀ շուրջ տեղի ունեցող միջազգային դիվանագիտական զարգացումներից, պետք է փաստել, որ ողջ միջազգային ակտիվությունը ուղղված է ոչ այնքան ԼՂՀ հարցի կարգավորմանը, այլ արդեն իսկ կարգավորված հիմնախնդրին միջազգային կարգավիճակ, ճանաչում հաղորդելու հարցին: Ավելի պարզեցնելով այս դրույթը, կարող ենք փաստել, որ՝

* Քաղաքակրթական կենտրոնները վերջնականապես ընկալել են ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու բոլոր հնարավոր նախագծերի անհեռանկարությունը:

* Ադրբեջանի քաղաքական վերնախավը ստիպված է համակերպվել ԼՂՀ կորստի հետ, իսկ ռազմատենչ եւ պաթետիկ բոլոր հայտարարությունները թելադրված են ներքաղաքական մոտիվներով եւ ԼՂՀ կորստի հետ կապված «ֆանտոմային ցավերով»:

* Հայաստանը պատրաստ է ապագային թողնել ԼՂՀ-ի՝ Հայաստանին վերամիավորման հեռանկարը:

* ԼՂՀ-ն մնալու է որպես ինքնուրույն էթնոտարածքային եւ էթնոքաղաքական միավոր:

Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրի բնութագրիչներին, ցանկանում եմ վերլուծել այն մի քանի հարթություններում:

Իրավական. Թեպետ վաղուց ակնհայտ է, որ միջազգային իրավունքի նորմերը ժամանակակից աշխարհում գերազանցապես գործում են միայն համապատասխան շահերի պաշտպանության համար եւ դեպքում (իսկ այդ շահերին ԼՂՀ համատեքստում ես կանդրադառնամ ստորեւ), այնուհանդերձ, կարեւոր է հստակ բանաձեւել հայկական կողմերի իրավական կռվանները, որոնք են՝

* ԼՂՀ ձեւավորումը՝ ԽՍՀՄ օրենսդրության շրջանակներում:

* Ադրբեջանի Հանրապետության ինքնահռչակումը («Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման հռչակագիր») որպես ԱԺՀ իրավահաջորդ, ուստի առանց ԼՂՀ տարածքի:

Հաշվի առնելով, որ վերոնշյալ իրավական կողմերի մասին հայրենական վերլուծականները հաճախ են անդրադառնում, թույլ տվեք այստեղ չմանրամասնել:

* ԼՂՀ հիմնախնդիրը կարգավորվել է որպես Հելսինկյան եզրափակիչ ակտի 8-րդ սկզբունքում, իսկ մինչ այն, ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում» եւ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային պակտում» ամրագրված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործում: Ցանկանում եմ նաեւ կրկնել այն թեզը, որ տարածքային ամբողջականության սկզբունքի հետ որեւէ հակադրություն չկա, քանզի առաջինը վերաբերում է միջպետական հարաբերություններին, իսկ երկրորդը՝ ինքնորոշման իրավունքը, տարածվում է նույն պետության շրջանակներում գտնվող ժողովրդի վրա:

* Եվ, վերջապես, անգամ եթե մի պահ պատկերացնենք, որ ադրբեջանական քարոզչամեքենայի աշխատանքի արդյունքում Հայաստանը սկսվի դիտարկվել որպես հարեւան պետության տարածքային ամբողջականությանն ոտնձգող պետություն, ապա «Միջազգային իրավունքի սկզբունքների հռչակագրում» (1970թ. հոկտեմբերի 24) ամրագրված է, որ տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառելի չէ այն պետությունների նկատմամբ, որոնք չեն ապահովում այնտեղ բնակվող ժողովուրդների հավասարությունը եւ ինքնորոշման իրավունքը: Նույն հռչակագրում նշվում է նաեւ, որ այդ իրավունքի իրագործման ձեւերն են անկախ պետության ստեղծումը, այլ պետության հետ միավորումը կամ որեւէ այլ քաղաքական կարգավիճակի ձեռքբերումը:

Աշխարհառազմավարական. Հարավային Կովկասի գլոբալ քաղաքական եւ տնտեսական բնութագրիչներն են՝

* Տարանցիկ (էներգամուղներ, երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհներ):

* Սեփական էներգակիրներ (Կասպից ծովի ավազանի ադրբեջանական հատված):

* Վերահսկիչ (Կենտրոնական Ասիա, Մերձավոր Արեւելք):

Լեռնային Ղարաբաղի գլոբալ քաղաքականության մեջ արդի ֆունկցիոնալ դերակատարումներն են՝

* Ընդհանուր ցամաքային սահմանի շնորհիվ հնարավոր հենակետ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ:

* Պանթյուրքիստական կամրջի կառուցման խոչընդոտ:

* Տարածաշրջանային էներգետիկ կոմունիկացիաների անվտանգությանը եւ անխափան գործունեությանը պոտենցիալ սպառնալիք:

* Արդյունավետ ազդեցության լծակ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության վրա:

* ԼՂՀ-ն ոչ միայն ԼՂՀ, ԱՀ եւ ՀՀ «սեփական» հարցն է, այլ նաեւ միջազգային քաղաքական «ընտրանու»:

* ԼՂՀ խնդիրը «ավտոնոմ» է, բայց «անկախ» չէ, այն շաղկապված է այլ աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական հակամարտությունների հետ:

Քաղաքական. ԼՂՀ շուրջ միջազգային քաղաքական գործընթացը իր ճանապարհը հարթում է համապատասխան շահագրգիռ սուբյեկտներից բաղկացած քաղաքական բուրգով, որի գագաթում գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հիմքում՝ ՌԴ, ԱՄՆ եւ ԵՄ, իսկ միջին շերտերը, համապատասխանաբար՝ ՀՀ-ԱՀ ու Թուրքիա-Իրան զույգերը:

ԼՂՀ.ՀՀ – ԱՀ.Թուրքիա – Իրան. Ռուսաստան – ԱՄՆ – ԵՄ

Ինչպես կարող ենք նկատել, ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրականացման հետեւանքով քաղաքական գործընթացը իր էպիկենտրոնից՝ ԼՂՀ-ից տարածվելով՝ ընդգրկում է շահագրգիռ առավել լայն շրջանակ՝ ՌԴ, ԵՄ, ԱՄՆ:

Գլխիվայր շրջելով այս պայմանական բուրգը, կարող ենք պատկերավոր ներկայացնել ԼՂՀ կարգավիճակի միջազգային ճանաչման գործընթացում ինչպիսի շահեր են կոմպրեսավորվում համակարգի գագաթում՝ ԼՂՀ-ում (վերից վար):

Հայկական աքսիոմաներ. ԼՂՀ շուրջ տեղի ունեցող միջազգային քաղաքական գործընթացը այնուհանդերձ պետք է տեղավորվի հայկական կողմերի բանաձեւված աքսիոմաների շրջանակում՝

1. ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման ամրագրման աքսիոմա:

2. ԼՂՀ-ՀՀ ընդհանուր ցամաքային սահմանի աքսիոմա:

3. ԼՂՀ անվտանգության միջազգային երաշխիքների աքսիոմա:

Ռեգիոնալ հանրային բարիքների շուրջ. ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը միջազգային լեգիտիմություն հաղորդելու գործընթացը, ինչպես տեսանք, բախվում է տարածաշրջանային, երբեմն հակադրվող, շահեր ունեցող բազմաթիվ դերակատարների մոտեցումների ներդաշնակեցման անհրաժեշտությանը:

Որքան էլ դժվար լուծելի է դիտվում երկրագնդի աշխարհաքաղաքական դերակատարների նվազագույն ընդունելի շահերի համադրումը, հանդգնեմ առաջարկել նրանց համար պոտենցիալ ընդունելի Հարավային Կովկասի տարածաշրջանում քաղաքականության (ոչ միայն ԼՂՀ-շաղկապված) սինթետիկ ունիվերսալ օրակարգ եւ անվանել այն Տարածաշրջանային հանրային բարիքներ՝

1. տարածաշրջանային կայունություն,

2. տարածաշրջանային անվտանգություն,

3. տնտեսական զարգացում,

4. տարածաշրջանային տնտեսական ինտեգրացում, ընդհանուր շուկա,

5. քաղաքացիական ազատություններ,

6. քաղաքական իրավունքներ,

7. բնապահպանություն,

8. ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքար:

ԼՂՀ կարգավորումը՝ հնարավորի արվեստ.

ԼՂՀ շուրջ միջազգային գործընթացը պտտվում է ԼՂՀ ներկա իրավիճակի պահպանման շուրջ՝ «Բոլոր ճանապարհները տանում են դեպի ստատուս քվո»: Նման իրավիճակի համար կան մի քանի նախադրյալներ՝

* ԼՂՀ եւ ԲԹՋ «խաղաղ համակեցության» անհրաժեշտությունը:

* Տարածաշրջանային նոր մեգա-նախագծերի բացակայությունը:

* Իրանի դեմ հնարավոր գործողությունների դեպքում ԼՂՀ որպես պլացդարմի երկրորդայնությունը:

* В обозримой перспективе нереальность окончательной победы в “геополитическом перетягивании южнокавказского каната”.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել