Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՓՈԽՎՈՂ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ,ՄՇՏԱԿԱՆ ՇԱՀԵՐ

Նոյեմբեր 29,2008 00:00

\"\"Նոյեմբերի 27-ին «Կոնգրես» հյուրանոցում կայացավ «Եվրոպական միություն-Հարավային Կովկաս. անվտա՞նգ գործընկերություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էին «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը» եւ Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդը՝ գերմանական «Ֆրիդրիխ Նաումանի» հիմնադրամի կովկասյան գրասենյակի աջակցությամբ:

Գիտաժողովը բացեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» տնօրեն Ստեփան Գրիգորյանը: Տեղեկացնելով, որ այս կոնֆերանսի գաղափարը ծնվել էր դեռ մեկ տարի առաջ, երբ ոչինչ չէր հուշում վրաց-ռուսական պատերազմի, մայնդորֆյան Հռչակագրի եւ տարածաշրջանային այլ զարգացումների մասին, պարոն Գրիգորյանը նկատեց, որ այսօր քննարկվող թեման ավելի հրատապ է դարձել: Թեմայի կարեւորությունն իրենց ողջույնի խոսքերում շեշտեցին նաեւ վերոնշյալ երկու գերմանական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Առաջինը ելույթի հնարավորություն տրվեց ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանին: Պարոն Կիրակոսյանն արդարացիորեն նկատեց, որ այսօր դժվար թե գտնվի մեկ այլ այսպիսի տարածաշրջան, որտեղ լինեն նույնքան քաղաքական ջրբաժաններ եւ միաժամանակ՝ բազում համընդհանուր հետաքրքրություններ: Նա կարեւորեց երեք հարավկովկասյան երկրների՝ նույն համագործակցության ծրագրերում գտնվելը՝ որպես հետագա ներդաշնակ զարգացման հիմք, ու նշեց, որ Հայաստանը միշտ բաց է տարածաշրջանային գործընկերական ծրագրերի համար: Ինչպես պարոն Կիրակոսյանը, այնպես էլ նրանից հետո ելույթ ունեցած Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Անդրեա Ջոան-Մարիա Վիկտորինը, խիստ կարեւորեցին հայ-թուրքական հարաբերություններում նկատվող շարժը: Տիկին Վիկտորինը շեշտեց, որ իր երկիրը գնահատում է ՀՀ նախագահի վարած քաղաքականությունն այդ ուղղությամբ, բայց չմոռացավ ասել, որ Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի ներքին ոլորտներում, կան բարեփոխման կարոտ տարբեր ասպարեզներ:

Ելույթ ունեցավ նաեւ Եվրահանձնաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուզենբերգը: Նա ներկայացրեց իր պատկերացումները Հարավային Կովկասի երկրների եւ Եվրամիության համագործակցության մասին: Ինչպես շատ եվրոպացիներ, պարոն դե Լուզենբերգն էլ, Կովկասում առկա ազգամիջյան հակամարտությունների լուծման հնարավորությունն ավելի առարկայական եւ հավատարժան դարձնելու նպատակով, հիշեցրեց Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ առկա նույնատիպ խնդիրները, որոնք, ի վերջո, մոռացվեցին, երբ այս երկրները սկսեցին համագործակցել իրար հետ տարածաշրջանային տարբեր ծրագրերով: Այնուհետեւ անդրադառնալով, մասնավորապես, Լեհաստանի եւ Շվեդիայի նախաձեռնությանը՝ «Արեւելյան գործընկերություն» ստեղծելու գաղափարին, պարոն դե Լուզենբերգը շեշտեց, որ այդ նոր նախաձեռնությունը չի գալիս փոխարինելու ԵՄ-ի «հարեւանության» քաղաքականությանը, սակայն բավականին խոստումնալից ծրագիր է, որի նրբությունները դեռ պիտի քննարկվեն:

Սակայն ասվեց, որ այդ Գործընկերության շրջանակներում նախատեսվում է ապահովել մեծ շարժունակություն, ինչը նշանակում է միգրացիայի կառավարման փաթեթ եւ ԵՄ կողմից ելքի արտոնագրի ռեժիմի պարզեցման պարտավորություն. «Դա շատ նուրբ հարց է եւ հատկապես կարեւոր է ԵՄ համար, քանի որ ԵՄ-ում գոյություն ունեն շատ մեծ գոտիներ, որտեղ Միության անդամ երկրների քաղաքացիները ճամփորդում են առանց փաստաթղթեր ներկայացնելու, ինչի համար անհրաժեշտ է անօրինական միգրացիայից պաշտպանվելու խելամիտ աստիճան»:

Վիզային ռեժիմի մասին խոսակցությունը բավականին ոգեւորեց լսարանին եւ քննարկման թեմա դարձավ ներկաների համար:

\"\"Լեհաստանի վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Յան Ռիկոտան իր ելույթը սկսեց պատմական էքսկուրսով: «Լեհաստանը խիստ կապված է Հարավային Կովկասի երկրների հետ, եւ ամենամտերիմն, իհարկե, Հայաստանն է, որի հետ մենք վեցդարյա ընդհանուր պատմություն ունենք: Դեռեւս 14-րդ դարում լեհ թագավոր Կազիմիր Մեծը հայերին հատուկ արտոնություններ տվեց, եւ այդ ժամանակվանից մենք մեծ հայկական համայնք ունենք: Այսօր Լեհաստանում ապրում է 70-80 հազար հայ: Լեհաստանում հայ համայնքի հոգեւոր ղեկավարը մեր երկրի ամենաճանաչված եւ հարգված քաղաքացիներից է, «Սոլիդարնոստի» հերոսներից ու իմ ընկերը: Վերջերս մենք միասին Կրակովում բացեցինք Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքար: Մեր երկրում որեւէ կասկած չկա, որ դա Ցեղասպանություն էր»: Պարոն Ռիկոտան անդրադարձավ նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Լեհաստանի պատմական ընդհանրություններին, մասնավորապես հիշեց, որ ռուսական ցարի հրամանով 18-րդ դարում լեհ ինտելիգենցիան աքսորվեց նաեւ Բաքու եւ մեծ մասնակցություն ունեցավ Բաքվի շինարարությանը, օրինակ՝ Բաքվի քաղաքապետարանի շենքը կառուցվել է լեհերի կողմից, եւ այլն: Իսկ վրացիների հետ, ըստ Յ. Ռիկոտայի, լեհերին կապում են հատկապես հակառուսական տրամադրվածությունները, պայքարը ռուսական մեծապետական նկրտումների դեմ: Այդ համերաշխությունը առավել ամրապնդվեց ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի ժամանակ, երբ Լեհաստանը դարձավ Վրաստանի «ամենահավատարիմ դաշնակիցներից» մեկը: «Կովկասի որոշ պրոբլեմներ մեզ ծանոթ են, որոշները՝ ոչ, բայց մի բան հաստատ է. Լեհաստանն ուզում է տեսնել բարեկամություն Կովկասի եւ Եվրամիության մեջ: Լեհաստանի տեսակետից, այն ամենն, ինչ մոտեցնում է Կովկասը Արեւմուտքին՝ լավ է, ինչը հեռացնում է՝ վատ է: Այդքանով հանդերձ մենք իրատես ենք եւ գիտենք, որ անկախ Լեհաստանի ցանկությունից, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի դռները փակ են Կովկասի համար»: Այդ կտրուկ շեշտադրմամբ պրն Ռիկոտան նկատեց, որ Վրաստանի համար իր «կորուսյալ տարածքների վերադարձը իրատեսական չէ». «Լեհաստանը Վրաստանի բարեկամն է, սակայն պիտի ասեմ մի սահմռկեցուցիչ չափով իրական բան՝ Վրաստանի համար շատ ծանր կլինի իր տարածքների կորուստը, բայց Վրաստանը պետք է գտնի իր ինքնիշխանությունը»: Յան Ռիկոտան նաեւ բացատրեց, թե ինչու են առայժմ փակ ՆԱՏՕ-ի դռները՝ դրանք անընդհատ թակող Վրաստանի առջեւ. «Այստեղ կա ինչպես Արեւմուտքի էգոիզմը, այնպես էլ այն փաստը, որ այսօր ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն առանց այդ էլ բազում լուրջ խնդիրներ ունեն եւ պատրաստ չեն ստանձնելու նոր խնդիրներ»: Այս ամենի արդյունքում, \"\"պարոն Ռիկոտան ակնարկեց մեր տարածաշրջանի երկրներին, որ փոխանակ աչքերը ջուր կտրած սպասեն, թե երբ են եվրոպաներն իրենց բանի տեղ դնելու, մտածեն ավելի ռեալ բանի մասին. «Կովկասյան տան կառուցումը լավագույն լուծումն է ե՛ւ Վրաստանի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի համար: Այսօր, երբ Վրաստանը ձգտում է դեպի Եվրոպա, իսկ Հայաստանին ու Ադրբեջանին երկար ժամանակ է անհրաժեշտ իրար հետ ունեցած հարցերը լուծելու համար, գուցե դա քաղաքական անհեթեթություն է թվում: Սակայն Կովկասյան տան կառուցման համար պետք է ընդամենը երեք բան. Վրաստանի ինքնիշխանության պաշտպանությունը, Հայաստանի ապաշրջափակումն ու հայ եւ ադրբեջանցի փախստականների վերադարձն իրենց բնօրրանները, եւ վերջապես՝ Հարավային Կովկասի երեք պետությունների ինտեգրումը դեպի Արեւմուտք»: Մանրամասնելով այս երեք պայմանները՝ պրն Ռիկոտան նշեց, որ Հարավային Կովկասի երկրները պետք է միմյանց ինքնիշխանությունը պաշտպանեն ամեն գնով: Խոսքը, տվյալ դեպքում, ՌԴ-ի դեմ դուրս եկած Վրաստանի մասին էր. «Եթե դուք չպաշտպանեք միմյանց շահերը ձեր ռեգիոնում, ապա ձեր փոխարեն դա կանի մեկ ուրիշը, օրինակ՝ Ռուսաստանը, իր շահերից ելնելով»: Անդրադառնալով Հայաստանի ապաշրջափակմանը, նա նշեց. «Քանի դեռ սահմաններն արհեստականորեն փակ են, եւ քանի դեռ փախստականները չեն վերադարձել իրենց տները, խաղաղություն չի լինի»:

Հաջորդ զեկուցողը՝ Ադրբեջանի «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի» կոնֆլիկտոլոգիայի եւ միգրացիայի դեպարտամենտի ղեկավար Արիֆ Յունուսովը, կարծես, ամրապնդելու համար ներկաների կարծիքը, որ Կովկասյան տան կառուցումը «քաղաքական անհեթեթություն» է, նկարագրեց Ադրբեջանում ներկայումս տիրող հակաարեւմտամետ եւ պրոիսլամիստական տրամադրությունները (այս մասին նաեւ՝ «Առավոտի» 27.11.2008-ի «ԵՄ-ն մեզ նույն աչքով չի նայում» եւ «Առանց ԼՂ չեն կարող» հոդվածներում): «Ադրբեջանում հասարակական տրամադրվածության երեք վեկտոր կա՝ արեւմտամետ, ռուսամետ եւ իսլամամետ: Եվ, ցավոք, այսօր շատ է ուժեղացել երրորդ ֆակտորը: Ադրբեջանում արդեն ավտորիտար համակարգ է, արգելվում են հանրահավաքները, բարեփոխումները, եւ այս իրավիճակում իսլամամետությունը օրինաչափ է: Վրացական դեպքերը լուրջ փոփոխություններ մտցրեցին հասարակության մեջ: Առաջացավ անպաշտպանվածության զգացողություն՝ ՌԴ-ի հանդեպ, եւ հասկացան, որ Արեւմուտքը, բացի դեկլարացիաներից, ոչնչի չի գնա: Այդ անպաշտպանվածությունը ՌԴ-ի հանդեպ մեզ համար շոկ էր: Հիմա ավելի են շատացել խոսակցությունները ՆԱՏՕ մտնելու մասին՝ ոչ թե որպես արժեքային համակարգ, այլ որպես վահան ընդդեմ Ռուսաստանի»,- իրավիճակը ներկայացրեց պարոն Յունուսովը:

Ներկաներին հատկապես դուր եկավ վրաց քաղաքագետ, Վրաստանի ազգային ժողովի նախկին պատգամավոր, Վրաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ոչ պառլամենտական ընդդիմության կարկառուն ներկայացուցիչ Իվլիան Խայնդրավայի զեկույցը՝ համեմված սարկազմով եւ կծու ռեպլիկներով՝ դեպի վրացական իշխանությունները: Նա ներկայացրեց Վրաստան-Եվրամիություն հարաբերությունները հինգ տարվա կտրվածքով՝ Վարդերի հեղափոխությունից սկսած: «Եթե ԱՄՆ-ը ընդունեց վրացական հեղափոխությունը «ուռա»-ներով, եւ Բուշը դեռեւս 2005-ի մայիսին, ակնհայտորեն շտապելով, Վրաստանին կնքեց «ժողովրդավարության փարոս» անվամբ, եւ մինչեւ իր նախագահության ժամկետի ավարտը ամերիկյան քաղաքականությունը դարձրեց իր այդ կոմպլիմենտի գերին, ապա Եվրոպայի վերաբերմունքը վրացական դեպքերին պակաս հիացական էր եւ համապատասխանաբար՝ ավելի համարժեք: Սակայն բանն այն է, որ քաղաքական դեռահասության տարիքում գտնվող Սահակաշվիլին՝ իր թիմի հետ միասին, ձգվեց դեպի Վաշինգտոն, որտեղ իրեն անվերապահորեն ծափահարում էին, եւ ոչ թե՝ Բրյուսել, որտեղից իր ձեռնարկած տարբեր բարեփոխումները խրախուսելու հետ մեկտեղ լսվում էին նաեւ քննադատական նոտաներ՝ մի շարք հակաժողովրդավարական քայլերի կապակցությամբ: Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ արմատավորվեց ակնհայտ դիսբալանս՝ ձգողականության երկու կենտրոնների միջեւ. պատրանք առաջացավ, թե ԱՄՆ-ի Հանրապետական ադմինիստրացիան կօգնի, կաջակցի բոլոր, նույնիսկ ամենաաղաղակող սխալների պարագայում: Նույն ժամանակ Եվրոպան կարող է քննադատել եւ ցույց տալ ճիշտ տեղը: Այդպես էլ եղավ 2007-ի նոյեմբերյան դեպքերից հետո, երբ առանձին առողջ մտածող ձայներ ԱՄՆ-ում հիմնականում ճնշվեցին Վրաստանի ամերիկյան կրթություն ստացած արեւմտամետ նախագահի ջերմեռանդ երկրպագուների կողմից: Իսկ Եվրոպառլամենտը 2007-ի նոյեմբերի 29-ին բանաձեւ ընդունեց Վրաստանի վիճակի մասին, որում, մասնավորապես, առաջարկվում էր անաչառ, անկախ եւ մանրակրկիտ հետաքննություն անցկացնել՝ մարդու իրավունքների լուրջ խախտումների վերաբերյալ, անցկացնել միջազգային չափանիշներին լիովին համապատասխանող ազատ եւ արդար ընտրություններ, ապահովել բոլոր ԶԼՄ-ների օբյեկտիվ աշխատանքը եւ անհապաղ բացել «Իմեդիա» հեռուստաընկերությունը: Սակայն վերոթվարկյալից, որ պահանջում էր Եվրոպան, եւ ոչ մեկը չկատարվեց: Ոչ մի հետաքննություն չեղավ, ընտրություններն ամենեւին չէին համապատասխանում որեւէ չափանիշի, իսկ «Իմեդիան» այդպես էլ չբացվեց»: Բնականաբար, չէր կարող անդրադարձ չլինել օգոստոսյան դեպքերին. «Վրաստանի անպատասխանատու գործողությունները սադրեցին Ռուսաստանի անհամարժեք պատասխանը: Երկու ավտորիտար ռեժիմներ, հոգեբանորեն իրար շատ նման, բայց իմիջով տարբերվող, վերջապես սարքեցին մի պատերազմ, որին տարիներով ձգտում էին: Մոսկովյան եւ թբիլիսյան իշխանությունների ոչ ժողովրդավար լինելու մասին են փաստում «Էկոնոմիստ» հանդեսի տվյալները, որում բերված են աշխարհում ժողովրդավարության ինդեքսները 2008-ին, որի համաձայն, Վրաստանն ու Ռուսաստանը մտնում են «հիբրիդային» երկրների շարքը եւ զբաղեցրել են համապատասխանաբար 104-րդ եւ 107-րդ տեղերը՝ Եթովպիայի, Պակիստանի եւ Քենիայի հարեւանությամբ»:

«Եվրամիություն եւ Հարավային Կովկաս. անվտանգ գործընկերությո՞ւն» թեմայով խորհրդաժողովի երկրորդ մասում ելույթ ունեցան Հարավային Կովկասի «հարեւանները»:

Արծարծելով «Հարավային Կովկաս եւ հարեւան երկրների» թեման, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ, «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների ինստիտուտի» գլխավոր տնօրեն Սեիդ Ռազոլ Մուսաֆին նախ պատմամշակութային էքսկուրս կատարեց՝ հավաստելու համար, որ տարածաշրջանի բոլոր երկրներն էլ սերտորեն կապված են իրենց մշակույթով ու պատմական անցյալով: Նա նկատեց, որ երբ Ռուսաստանն ու Արեւմուտքը այս տարածաշրջանում չկային, չկային նաեւ պատերազմներ, ապա հավելեց, որ այնտեղ, որտեղ Իրանն է՝ խաղաղություն է տիրում: «Մենք հիմա էլ այն համոզմանն ենք, որ այս խնդիրներում Իրանի ակտիվացման դեպքում տարածաշրջանում նորից կվերականգնվի խաղաղություն ու կայունություն»,- ասաց նա՝ հավելելով, որ Հարավային Կովկասում առկա հակամարտությունների կարգավորման ուղղությամբ պետք է ծրագրեր ներկայացնեն ոչ թե տարածաշրջանից դուրս, այլ դրա ներսում գտնվող երկրները: Ըստ նրա, խաղաղության կայացման ամենալավ լուծումը ներտարածաշրջանային մեկ եւ ընդհանուր տարբերակ գտնելը կլինի: Նա դատապարտեց այն երկրներին, որոնք նպաստում են հակամարտությունների հրահրմանը՝ այս տարածաշրջանում իրենց ազդեցությունը ունենալու համար: Մուսաֆիի համոզմամբ, Իրանը եւս հարավկովկասյան երկիր է՝ ի թիվս Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի, ուստիեւ՝ պնդեց պաշտոնական Իրանի այն տեսակետը, թե՝ Իրանի ներկայությունը եւ ազդեցությունը հակամարտությունների լուծման գործում բոլոր երկրների համար օգտակար է: «Այդ ուղղությամբ Իրանը պատրաստ է բոլորի հետ համագործակցել նախ՝ ահաբեկչության, կազմակերպված հանցագործության, ծայրահեղականության դեմ»,- մանրամասնեց Մուսաֆին եւ թվարկեց մյուս այն ոլորտները, որոնց շրջանակներում Իրանը պատրաստ է համագործակցության՝ էներգետիկ ոլորտ, տարանցիկ ուղիներ, բնապահպանություն, հասարակությունների փոխադարձ շփումներ, մշակույթ: Նա առաջարկեց համագործակցել նաեւ տարածաշրջանային առեւտրի կազմակերպման հարցում. «Մեծ ուշադրություն պետք է դարձվի տարածաշրջանային առեւտրին, որի շրջանառության ծավալներն այսօր փոքր են, թեեւ կան շատ մեծ հնարավորություններ դրանք մեծացնելու համար: Պետք է տարածաշրջանի երկրները ազատ առեւտրի մասին համաձայնագրեր ստորագրեն, որպեսզի հնարավոր լինի ազատ առեւտրային գոտիներում անարգել առեւտուր անել»:

Թուրքիայի ներկայացուցիչ, «Եվրոպական կայունության նախաձեռնության» վերլուծաբան Դիբա Նիգյար Գոքսելը նշեց, որ խորհրդաժողովում քննարկման առարկա դարձած խնդիրների շուրջ Թուրքիայի ունեցած դիրքորոշումը վերջին տասնամյակում նկատելի փոփոխությունների է ենթարկվել: Նա հայտարարեց, որ Թուրքիայի դիրքորոշումն ու արտաքին քաղաքականությունը ինչպես Ռուսաստանի, Արեւմուտքի, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության, այնպես էլ տարածաշրջանի երկրների նկատմամբ, այսօր էապես տարբերվում է մինչեւ 2005 թ.-ն վարած քաղաքականությունից: Նրա մատուցմամբ, 90-ականներին ԱՄՆ-ը աջակցում էր Թուրքիային՝ որպես հակակշիռ Ռուսաստանի նկատմամբ: Այդ փուլում Թուրքիայի նպատակն էր նպաստել տարածաշրջանում նոր պետությունների անկախությանը եւ աջակցել նրանց՝ կապվելու աշխարհի հետ: Այդուհանդերձ, 90-ականների սկզբին, տիկին Գոքսելի ասելով, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ Թուրքիան հնարավորություն է ունեցել բարելավել իր հարաբերությունները նաեւ Հայաստանի հետ, բայց նա չկարողացավ օգտագործել այդ հնարավորությունը, որովհետեւ Ռուսաստանն այստեղ, ինչպես նաեւ տարածաշրջանում, շատ ավելի ազդեցիկ եւ ուժեղ էր: Նա ավելի սերտ տնտեսական, լեզվական, ռազմական կապեր եւ ազդեցություն ուներ Հարավային Կովկասի երկրների հետ, քան՝ Թուրքիան. «Թուրքիան որոշակիորեն սահմանափակ է եղել այս տարածաշրջանում: Բաքու-Ջեյհան նավթամուղը միակն է, որ կարելի է համարել նվաճում Թուրքիայի համար այս տարածաշրջանում: Տարածաշրջանի դինամիկան, ի տարբերություն Թուրքիայի, զարգացել է Ռուսաստանի օգտին»: Նրա ասելով, իրավիճակը փոխվել է վերջին տարիների ընթացքում: «Թուրքիան նախաձեռնեց մի ծրագիր, որտեղ, ի տարբերություն հարավկովկասյան երեք երկրների եւ Ռուսաստանի, չկային ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ անգամ Իրանը: Սա թարմ պրագմատիզմն է, որով մենք վերաբերվում ենք Թուրքիայի դերակատարմանը այս տարածաշրջանում»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով, որ «հիմա Թուրքիան պիտի ընտրություն անի: Նա հիմա ոչ մշտական տեղ է զբաղեցնում ՄԱԿ-ի ԱԽ-ում եւ այնտեղ կարող են խնդիրներ ծագել՝ կապված Ռուսաստանի հետ: Թե Թուրքիան ինչ դիրք կզբաղեցնի՝ դժվար է ասել: Թուրքիան չի կարող միշտ այս ու այն կողմ լինել, նա պիտի հստակեցնի իր դիրքորոշումը»:

Հարավային Կովկասում Ռուսաստանի դերակատարման մասին խոսեց նաեւ ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, «Հասարակական եւ քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի» տնօրեն Վյաչեսլավ Իգրունովը: Խոսելով Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերի մասին, նա ասաց, որ այս տարածաշրջանի նկատմամբ վարվող քաղաքականության վերաբերյալ Ռուսաստանում, համենայնդեպս հասարակության ներսում, բիզնես եւ քաղաքական էլիտայի մոտ, կոնսենսուս կա, իսկ այլ կարծիք ունեցողները կամ մարգինալ ուժերն են, կամ դրանք փոքրամասնություն են կազմում: Ի՞նչ շահեր եւ նպատակներ է հետապնդում Ռուսաստանը Հարավային Կովկասում: Իգրունովի փոխանցմամբ՝ «առաջինը եւ գլխավորը՝ անվտանգության ապահովման խնդիրն է: Հարավային Կովկասում տիրող իրավիճակը Ռուսաստանը ընկալում է որպես անմիջական վտանգ Հյուսիսային Կովկասի համար: Ռուսաստանի քաղաքական էլիտան կարծում է, որ Հյուսիսային Կովկասը մեր երկրի ամենախոցելի տարածքն է, որը կարող է փլուզել երկիրը: Ուստի՝ այս տարածաշրջանը ՌԴ արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է: Բայց դա բացատրվում է նաեւ ԱՄՆ-ի հետ հակադրության համատեքստում՝ որպես գլոբալ խնդիր: Սա այն հարցն է, որի դեպքում Ռուսաստանն իր անվտանգությունը պետք է պաշտպանի սեփական սահմաններից դուրս, եւ դա տարածվում է նաեւ Հարավային Կովկասի վրա»: Նրա ասելով, ԱՄՆ-ի կամ Արեւմուտքի ընդլայնումը դեպի Հարավային Կովկաս՝ ուղղված է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն եւ նրա դերը փոքրացնելուն: «Ռուսաստանը գործում է գրեթե բացառապես ելնելով իր աշխարհաքաղաքական շահերից: Դրան կարելի է վերաբերվել տարբեր կերպ՝ բացասաբար կամ դրականորեն, բայց փոխել Ռուսաստանի նման վերաբերմունքը՝ հնարավոր չէ բացարձակապես: Ռուսաստանին հնարավոր չէ հեռացնել տարածաշրջանից ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանն ուժեղ է, այլ այն, որ Ռուսաստանը այս տարածաշրջանի մի մասն է, ինչպես Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը»,- պնդեց ռուս փորձագետը:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում առկա հակամարտությունների եւ այլ խնդիրների կարգավորմանը, ապա Իգրունովը կարծիք հայտնեց, թե հարավկովկասյան երկրները պետք է ձեռնպահ մնան դրանցում Արեւմուտքին եւ հատկապես ԱՄՆ-ին ներգրավելուց, որովհետեւ Վրաստանի փորձն էլ ցույց տվեց, որ դա կարող է հանգեցնել ազգային աղետի: Նա առաջարկեց, որ այդ խնդիրներով զբաղվեն միայն տարածաշրջանային երկրները՝ գումարած Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը: Նա համարեց, որ ԵՄ-ն եւս կարող է դրական դեր խաղալ տարածաշրջանում, բայց նա չպետք է առանցքային դերակատար լինի:

Խորհրդաժողովի մասնակիցները քննարկեցին նաեւ տարածաշրջանի երկրներում հակամարտությունների եւ դրանց կարգավորման ու կանխարգելման գործում քաղաքացիական հասարակության դերին վերաբերող հարցեր:

Բոլոր երեք բանախոսները՝ Հայաստանում «Եվրասիական համագործակցության հիմնադրամի» տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը, թուրք վերլուծաբան Օզգյուլ Էրդեմլի Մութլուն եւ Ալեքսանդր Ռուսեցկին համակարծիք էին, որ քաղաքացիական հասարակությունները եւ ժողովրդավարական հաստատությունները, նաեւ հասարակական կազմակերպությունները մեծ դերակատարում ունեն հակամարտությունների կարգավորման եւ դրանք կանխելու գործում: Ավելին, տիկին Մութլուի կարծիքով, ժողովրդավարական եւ քաղաքացիական հասարակությունները հակամարտություններից խուսափելու հիմնական գործիքներից են: Նրա դիտարկմամբ, հասարակությունը, հասարակական կազմակերպությունները պետք է ներգրավվեն հակամարտությունների կարգավորման, հետագայում՝ խաղաղության ամրապնդման գործընթացներում: Բանախոսը հակամարտությունների կարգավորման հարցում կարեւորեց նաեւ ԶԼՄ-ների դերը՝ շեշտելով, որ նրանք կարող են ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ դրանց կանխարգելման եւ լուծման համատեքստում: Քաղաքացիական հասարակությունը կարող է նպաստել նաեւ ժողովրդավարության կայացմանը:

Նա առաջարկեց, որպեսզի տարածաշրջանի երկրների միջեւ ավելի շատ լինեն հասարակության ներկայացուցիչների շփումները, փոխադարձ այցելությունները, քննարկումները՝ ոչ միայն հակամարտությունների շուրջ, այլեւ այն խնդիրների, որոնք կան այդ երկրներում: «Դա կօգնի նաեւ հակամարտող երկրների հասարակությունների շրջանում միմյանց վերաբերյալ ձեւավորված կարծրատիպերը քանդելու համար»,- իր զեկույցը եզրափակեց թուրք փորձագետը:

Իսկ Վրաստանի ներկայացուցիչը կարեւորեց, որ հակամարտությունների կարգավորման եւ խաղաղության ամրապնդման գործընթացում ներգրավվեն ոչ միայն այն երկրները, որոնք հակամարտության կիզակետում են, այլեւ այն միավորների հասարակությունները՝ որոնք իրենք են դարձել այդ հակամարտության օբյեկտը: Առանց այդ երկրների հասարակությունների, այդ թվում՝ տվյալ տարածքում բնակվող եւ այնտեղից տեղահանվածներ, ներգրավման հակամարտությունների լուծումը նա անհեռանկար համարեց: Նաեւ որպես տարածաշրջանային երկրների համագործակցության մի ձեւ նա առաջարկեց բանակցություններ վարել, օրինակ՝ Օլիմպիական խաղեր անցկացնել հարավկովկասյան երեք երկրների տարածքներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել