Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարօրինակ չեմ, առանձնահատուկ եմ»

Նոյեմբեր 29,2008 00:00

 

\"\" Ալավերդցի երիտասարդի երազանքները

«Ես կինոյի սիրահար եմ, ինձ համարում եմ աշխարհի համար առաջին կինոմանը»,- «Առավոտի» հետ զրույցում այսկերպ նկարագրեց իրեն 29-ամյա ալավերդցի Զավեն Օհանյանը: Ալավերդիում Զավենին «Զավոս» են կոչում: «Ես եմ հնարել իմ մականունը. պետք է տարբերվեմ հասարակությունից: Ընկերներս ինձ նաեւ մի փոքր տարօրինակ են համարում: Դրանից չեմ նեղվում, տարօրինակ չեմ, ուղղակի առանձնահատուկ եմ…»: Զավենն ունի բազմաթիվ հետաքրքրություններ: «Արվեստ շատ եմ սիրում: Երկրագնդի վրա չկա այնպիսի ֆիլմ, որ տեսած չլինեմ: Ուղղակի Ալավերդին մայրաքաղաքից շատ հեռու է, ֆիլմերն էլ ուշացումով են հասնում այստեղ»,- ասում է նա:

Զավենն իրեն համարում է Ալավերդու մշակութային կյանքի կարեւոր «մասնիկներից» մեկը. «Մշակույթի կենտրոնի մասսայական միջոցառումների կազմակերպիչն եմ: Ալավերդիում կյանքը եռում է, եթե ինձ էլ չեք հավատում, հարցրեք այստեղ ցանկացածին: Սիրում եմ տեսախցիկով նկարահանումներ անել: Մինչ կուլտուրայի տանն աշխատանքի անցնելը, զբաղվում էի բանակի քեֆեր, հարսանիքներ, կնունքներ նկարելով, մոնտաժ էի անում»: Իր երազանքների մասին պատմում է. «Երազում եմ կինոռեժիսոր դառնալ կամ էլ մուլտիպլիկատոր, ալավերդցի երեխաների համար մուլտիկներ նկարել… Երազում եմ Ալավերդու, ղարաբաղյան հակամարտության մասին ֆիլմեր նկարել: Հայրենասիրական ֆիլմերի սիրահար եմ: Մի երազանք էլ ունեմ՝ ուզում եմ սովորել: Մյուս տարի, եթե հաջողվի, գործերս կտամ թատերական ինստիտուտ, չնայած արդեն տարիքս առել եմ, բայց մտածում եմ՝ երբեք ուշ չէ սովորելու համար»: Ինչպես «Զավոսն» է նշում՝ հատկապես հայկական հին ֆիլմերի սիրահար է. «Չեմ կարող ասել կոնկրետ որ կինոն եմ սիրում… բոլորն էլ ունեմ՝ «Հեղնար աղբյուրից» սկսած…»:

Սերիալների մասին Զավեն Օհանյանն այսպես է արտահայտվում. «Ատում եմ, ուղղակի եթեր լցնելու միջոց են, չնայած դրական կողմ էլ ունեն՝ նորավարտ դերասանները, ռեժիսորները փող աշխատելու հնարավորություն են ստանում: Հիմա սերիալներին գնահատական տալու իրավունք էլ չունեմ, այ, հենց ռեժիսորական կրթություն ստանամ՝ կտամ»:

Զավենը կինոսցենարներ է գրում. «Մի քանի խզբզած սցենար ունեմ: Չգիտեմ՝ սցենար ոնց են գրում, չգիտեմ՝ ճիշտ եմ գրում, թե սխալ, բայց հենց գլխիս մի միտք է գալիս՝ թղթին եմ հանձնում: Առաջին կինոս, որ բախտ ունենամ նկարել, կնկարեմ էն խառը թվերի մասին, երբ կալվածատիրոջ, տանուտերի, փողատերերի դար էր, չէին թողնում մարդ իր ունեցվածքը վայելեր: Տատիս հայրը տանուտեր է եղել, շատ փող է ունեցել, կոմունիստներն էլ եկել- քոչացրել են, տատս որբ է մնացել… Զորավար Անդրանիկի մասին էլ ֆիլմ կնկարեմ, եթե, իհարկե, թույլ տան»: Զավենը նաեւ նկարում է. «Դպրոցն ավարտելուց հետո 5-6 տարի զբաղվեցի կահույքագործությամբ: Պարապ ժամանակ փայտի վրա նկարում էի կամ փորագրում: Սիրուն էր ստացվում: Մի օր զարթնեցի ու որոշեցի, որ այլեւս կահույքագործությամբ չեմ զբաղվելու, ես հո լույս աշխարհ չե՞մ եկել կահույք սարքելու համար… 24 տարեկան էի: Մի քանի շաբաթ փակվեցի տանը. ոչ ոքի չէի ուզում տեսնել ու լսել: Մի քանի շաբաթ շարունակ նկարում էի սովածի պես, ինչ կուտակվել էր 24 տարիներիս ընթացքում՝ հանձնում էի կտավին: Արդյունքում՝ ստեղծեցի մի ամբողջ հավաքածու: Անվանեցի «Կես կատակ, կես լուրջ»: Անցյալ տարի ապրիլի 1-ին կազմակերպեցի առաջին ցուցահանդեսս՝ նույն խորագրով: Հիմա էլ պատրաստվում եմ երկրորդին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել