Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՔԱՐՏԻՑ ՄԻՆՉԵՎ 1000 ԴՈԼԱՐ

Նոյեմբեր 29,2008 00:00

Ըստ որոշ ուսխորհուրդների նախագահների, այս շրջանակներում են բուհական կաշառքի չափերը

Երեկ «Հայելի» ակումբում կոռուպցիայի առումով առաջին հորիզոնականը զբաղեցնող բուհերի՝ Ագրարային, Լեզվաբանական, Երեւանի պետական ու Տնտեսագիտական համալսարանների ուսխորհուրդների նախագահներ Ռոբերտ Մակարյանը, Ռուբինա Բոստանջյանը, Ցոլակ Ակոպյանն ու Նարեկ Մանթաշյանը խոսեցին առկա կոռուպցիայից:

Ն. Մանթաշյանի փոխանցմամբ, բոլոր պետական բուհերի ուսխորհուրդները համախմբվել են մի նախաձեռնության շուրջ՝ պայքարել բարձրագույն որակյալ կրթության համար, բայց դրան խոչընդոտող խնդիրների լուծման համար ունեն աջակցության կարիք. «Բուհերում համատարած կոռուպցիա է, որը սկսվում է ընդունելության քննություններից: Եթե մարդը հասկանում է, որ բուհ ընդունվելը հեշտ է, հավատացած է լինում նաեւ, որ ավարտելն ու աշխատանքի ընդունվելն էլ կհաջողվի… Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել դպրոցական ավագ դասարաններից»: Ըստ Ն. Մանթաշյանի, կոռուպցիա ասվածը միայն կաշառք տալն ու վերցնելը չէ, նրա ձեւակերպմամբ՝ ուսանողների մեջ կան այնպիսիք, որոնք հովանավորվում են բարձր դիրքեր ունեցող բարի քեռիների, քավորների կողմից. «Որպես կանոն, նրանք չեն էլ վճարում, իսկ այդ ուսանողների «տերերը» հաճախ վատ դրության մեջ են դնում բուհերի ռեկտորներին, քանի որ դրանք հաճախ այնպիսի մարդիկ են դիմում, որոնց մերժելը հեշտ չէ»:

Ռ. Մակարյանի խոսքերով՝ շատերն են առնչվում կոռուպցիայի դրսեւորումների հետ, բայց ոչ մեկը չի ուզում իրեն մեղավոր զգալ. «Վերջերս ԿԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում պարզվեց, որ նախարարությունն այդ հարցում մեղադրում է ուսանողներին, ուսխորհուրդներին, դասախոսներին ու ռեկտորներին: Նախարարը՝ իբրեւ կրթության ոլորտի թիվ մեկ պատասխանատու, չընդունեց, որ դա իր մեղավորությունն է նաեւ… Շատ ուսանողներ դասախոսներին անվանում են կաշառակեր, մի մասին դա իսկապես ձեռնտու է, այսինքն՝ այսօր մենք ունենք համակարգային լուծումների խնդիր: Վերջին տարիներին ընդունելության քննությունների ժամանակ կրճատվել է անբավարար ստացողների թիվը, բայց, միեւնույն է՝ նրանց մեծ մասը մուտք է գործել բուհեր: Այն մարդիկ, ովքեր ընդունելության քննությունների ժամանակ հնարավորություն չէին ունենում ընդունվել, այս անգամ արդեն միասնական քննությունների արդյունքում բարձր բալերով սողոսկում են բուհ: Այժմ բուհերում տեղի է ունենում ռոտացիա՝ անվճարից վճարովի համակարգ տեղափոխություն եւ՝ հակառակը: Սա մեծ մասամբ արդարացված գործընթաց է, բայց հաստատ կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն կեղտոտել նաեւ այս գործընթացը, ու եթե ամեն ինչ շարունակվի այս ոճով, մենք խնդիրներ կունենանք նաեւ այս ոլորտում: Դասախոսներն ու ուսանողները բիզնես-հաշվարկ են անում՝ ո՞րն է իրենց ձեռնտու՝ անվճար սովորել ու կաշա՞ռք տալ, թե՞ վճարովի սովորել»:

Երիտասարդներն անդրադառնալով կաշառակերներին, անուններ չտվեցին: «Չի բացառվում, որ այդ անունների մեջ լինեն նաեւ ռեկտորներ ու պրոռեկտորներ, այդ պատճառով էլ խնդրում ենք ավելի բաց ինստանցիաների աջակցությունը, որ կարողանանք համատարած պայքարել այդ երեւույթի դեմ»,- նշեց Ն. Մանթաշյանը:

Ռ. Մակարյանը փաստեց, որ, ճիշտ է, վերջերս TV-ով մի քանի դեպք ցույց տվեցին, բայց ընդհանրապես ամեն բուհից մի քանի անուն տալով՝ կոռուպցիան չվերացավ. «Ընդամենը մի քանի ամիս վախեցած էին, բայց վախեցած էլ՝ կաշառք էին վերցնում»: «Այդ շրջանում գները բարձրացել էին, որովհետեւ ռիսկն էլ մեծացել էր»,- ավելացրեց Ն. Մանթաշյանը:

Ց. Ակոպյանն էլ ներկայացրեց ԵՊՀ-ի ուսանողների շրջանում իրենց անցկացրած՝ կոռուպցիային վերաբերող սոցհարցման արդյունքները.«Հարցումն անցկացվել է 1000 ուսանողների շրջանում: Ուսանողների 60%-ն այդ երեւույթին հանդիպում է շատ հաճախ: Նույնիսկ ունենք ամենակոռումպացված ֆակուլտետների ցուցակները: Ուսանողների 24,63%-ը որպես այդպիսին նշել է իրավագիտության ֆակուլտետը, 20,67%-ը՝ միջազգային հարաբերություններինը, 19,05%-ը՝ տնտեսագիտության ֆակուլտետը, 15,68%-ը՝ ռոմանագերմանականը, 5,36%-ը՝ արեւելագիտականը: Չնայած հարցմանը, մասնակից ուսանողներն անուններ չեն տվել, բայց ամբիոններ են նշել, որոնցից են հայոց լեզվի, արտասահմանյան գրականության, ֆիզիկական դաստիարակության ամբիոնները»:

Ռ. Մակարյանը բուհերում կոռուպցիային նպաստելու մեջ մեղադրելով ծնողներին, հավելեց, որ վերջիններս փչացնում են իրենց երեխաներին, որովհետեւ փողը տալիս են 17 տարեկանի ձեռքն ու ուղարկում կաշառելու: Այս առումով Ն. Մանթաշյանը շեշտեց. «Երբ դասախոսն ուսանողից փող չի վերցնում, ասում են՝ կեղտոտ մարդ է, երբ վերցնում է, դարձյալ ասում են՝ կեղտոտ մարդ է, կաշառակեր»:

Ինչ վերաբերում է կաշառքի չափերին, ԵՊՀ ուսխորհրդի նախագահն ասաց, որ, իր տեղեկություններով, ԵՊՀ-ում այն տատանվում է $100-1000 միջեւ: Իսկ Տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահը չցանկացավ կոնկրետ թվեր նշել, ասելով, որ ինքը դրա համար չի կարող պատասխան տալ, բայց, այնուամենայնիվ, փաստեց, որ կաշառքը սկսվում է բջջային հեռախոսի լիցքավորման քարտից մինչեւ $1000-ը:

Ուսխորհրդի նախագահները բողոքեցին նաեւ իրենց տարեց դասախոսներից: «Ունենք դասախոսներ, որոնք դեռ իրենց դեղնած, մաշված լեկցիաներն են կարդում, մինչդեռ հարկավոր են երիտասարդ դասախոսներ, որոնք կկարողանան գործնական գիտելիքներ տալ: Կոնկրետ Տնտեսագիտական համալսարանում մինչեւ հիմա ուսանողներին մարքսիստական տեսություն են դասավանդում, այն դեպքում, երբ տնտեսագիտությունն արդեն 40 քայլ առաջ է գնացել: Կարծում եմ, 450 000 դրամ վարձ վճարես ու գնաս հումոր լսես՝ իմաստ չունի»,- դժգոհեց Ն. Մանթաշյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել