Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչներին չի թույլատրվում «մինի» եւ «ջինս» հագնել

Նոյեմբեր 29,2008 00:00

Ծնողները դժգոհում են, թե մանկավարժների աչքի ընկնող հագուստը երեխաներին շեղում է դասից

Կար ժամանակ, երբ աշակերտներն իրենց ուսուցիչներին համարում էին առանձնահատուկ անձինք, որոնք սովորական մարդկանց պես հաց չեն ուտում, չեն լվացվում, չեն քնում եւ այլն: Աշակերտների շրջանում ուսուցիչներն այժմ էլ են քննարկման նյութ դառնում, սակայն այս դեպքում ոչ թե անձնական հատկանիշներով, այլ հագուկապով, արդուզարդով ու եղունգների գույնով: Աշակերտներից շատերը դասի ժամանակ երբեմն այնքան են տարվում իրենց ուսուցիչներին զննելով, որ վերանում են դասից: «Առավոտը» օրերս դժգոհություն ստացավ մի շարք դպրոցների ծնողներից՝ կապված ուսուցիչների հագուկապի հետ: Թիվ 140 դպրոցի ծնող Անժելա Հովհաննիսյանը նկատեց. «Ախր կան որոշ ուսուցիչներ, որոնք շատ վառ, աչքի ընկնող հագուստ են կրում: Դա շեղում է երեխայի ուշադրությունը եւ դասից դուրս ավելորդ քննարկումների պատճառ դառնում»: Չեխովի անվան թիվ 55 դպրոցի ծնող Արմինե Սարգսյանն էլ առաջարկում է. «Ինչպես աշակերտներին են պարտադրում համազգեստ կրել, այնպես էլ թող ուսուցիչներից պահանջեն: Այդ դեպքում մանկավարժներն ավելի կոկիկ տեսք կունենան եւ իրենց հագուկապով չեն շեղի աշակերտների ուշադրությունը»: Եթե նախկինում աշակերտները նմանակում էին իրենց ուսուցիչների խոսելաոճը, քայլվածքը, վարվեցողության ձեւերը, ապա այժմ ուսուցչի կերպարին եւս մեկ գործառույթ է գումարվել. նա նորաձեւություն է թելադրում: Այդ պատճառով էլ աշակերտների խոսակցություններում հաճախ կարելի է լսել այսպիսի նախադասություններ. «Հայոց լեզվիս ուսուցչուհու կոշիկներից ես հագել», «Մաթեմատիկայիս ուսուցչուհու հագած զգեստն այսօր շատ ճաշակով էր» եւ այլն:

Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի աշակերտ Վահեն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Անգլերենի դասերին մեծ հաճույքով եմ գնում, քանի որ ուսուցչուհուս օծանելիքի բույրից տրամադրությունս բարձրանում է»: Բացի դրական գնահատականներից, ուսուցիչները հագուկապի մասով հաճախ «անբավարար» էլ են ստանում աշակերտների կողմից: Օրինակ՝ թիվ 112 դպրոցի աշակերտուհի Անի Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում ծիծաղով պատմեց. «Մի անգամ այնքան ամաչեցի, երբ նկատեցի, որ ուսուցչուհուս կիսաշրջազգեստը իմ հագածից կարճ է»: Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի աշակերտուհի Լիլիթ Մինասյանն էլ դժգոհությամբ նշեց. «Մեր ուսուցչուհիները երբեմն այնպես են հագնվում, որ մեզ թվում է՝ կամ հարսանիքից են եկել դասի, կամ էլ դասից հետո են հարսանիք գնալու»:

«Առավոտը» աշակերտների եւ ծնողների դիտարկումները փոխանցելու համար զրուցեց մի շարք դպրոցների տնօրենների հետ: Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հետեւում են, որ ուսուցիչները չափի մեջ եւ դպրոցական միջավայրին հարիր հագնվեն: Արամայիս Երզնկյանի անվան թիվ 118 դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանն ասաց. «Հաճախ զրույցներ ենք ունենում ուսուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկում ենք նաեւ հագուկապին, ուսուցչի կերպարին վերաբերող հարցեր: Այսինքն՝ ուսուցիչները գիտեն, որ պիտի դպրոցական միջավայրին համապատասխան հագնվեն, չնայած այդ կարգը խախտողները տույժի չեն ենթարկվում: Ինչ վերաբերում է մանկավարժական համազգեստին, ապա, իմ կարծիքով, դա նպատակահարմար չի լինի»: Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրենն էլ «Առավոտի» հետ զրույցում նեղսրտեց՝ թե մոդայիկ է դարձել ուսուցիչներին քննադատելը եւ նշեց, որ, ըստ իրենց դպրոցի ներքին՝ «չգրված» օրենքի, ուսուցիչներին ի՛նչ չի թույլատրվում կրել դպրոցում. «Բոլոր ուսուցիչներն էլ գիտեն, որ նպատակահարմար չէ դպրոցում ջինսե տաբատ, կարճ կիսաշրջազգեստ, ազատ սպորտային հագուստ կրել, եղունգները վառ ներկել կամ զարդեր կրել: Պահանջում ենք, որ կիսաշրջազգեստը անպայման զուգագուլպաներով հագնեն: Ի վերջո, պիտի հասնենք նրան, որ մանկավարժը ձեռագիր ունենա եւ ուսուցչին վայել կերպարի մեջ լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել