Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԻՎ 11 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Նոյեմբեր 29,2008 00:00

\"\"

Կամ՝ ո՞ւմ է ձեռնտու այս պատմությունը

Նոյեմբերի 13-ին լրացավ ՀՀ ԿԳՆ Երեւանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանի ծննդյան 60-ամյակը, «Կրթություն» թերթում էլ հոդված տպագրվեց նրա մանկավարժական ու մարդկային որակների մասին: Սակայն ծննդյան օրը Ենգիբարյանին մեկ այլ անակնկալ էլ էր սպասվում. բացասական շեշտադրումներով տեսանյութ՝ դպրոցի անառոջ մթնոլորտի մասին: «Առավոտը» զրուցեց կոնֆլիկտ ունեցող «կողմերի»՝ թիվ 11 գիշերօթիկ դպրոցի փոխտնօրեն Դոնարա Հովհաննիսյանի եւ ՄԱԿ-ի «Զարգացման մուլտիմեդիա նյութեր» ծրագրի պատասխանատու Մարիամ Սուխուդյանի հետ: Վերջինս եւ իր թիմը, որի տեսակետը ներկայացված է նաեւ https://armkids. blogspot.com կայքում, դպրոցի մանկավարժ Լ. Ա.-ին մեղադրում են աշակերտների հանդեպ ոտնձգություններ գործելու մեջ, նրանց չի գոհացնում դպրոցի սանիտարահիգիենիկ վիճակը, երեխաների հանդեպ վերաբերմունքը եւ այլն: Դպրոցի կոլեկտիվը հերքում է իրենց հասցեագրված մեղադրանքները: Նրանց համոզմամբ, այս պատմության պատճառներն այլ են:

Փոխտնօրեն տիկին Դոնարան, որ հանրապետությունում ներառական կրթություն իրականացնող 12 վերապատրաստված մասնագետներից մեկն է, հայտնեց, որ ՄԱԿ-ի ծրագիրն իրականացնող երիտասարդները մշտապես դպրոց են մտել աժիոտաժով, շների ուղեկցությամբ, առանց կոնկրետ ժամանակացույցի, պարապմունքներն իրականացնողների հստակ ցանկի. «Անհաջող երիտասարդներ էին, վայրիվերո գործելակերպով, բայց մտածում էի՝ ոչինչ, երեխաներին ինչ էլ սովորեցնեն՝ լավ է»: Ըստ փոխտնօրենի՝ ի տարբերություն այլ դպրոցների աշակերտների, իրենց սաներն առանձնահատուկ են նրանով, որ մտավոր թերզարգացած են, սեռապես հասուն ու վառ երեւակայությամբ, եւ նրանց հետ աշխատելիս պետք է շատ զուսպ լինել, մինչդեռ ծրագիրը շահած երիտասարդները ոչ միայն փորձել են երեխաներին ուղղորդել դպրոցի անձնակազմի դեմ, այլեւ ոմանք դոնժուանությամբ են զբաղվել. «Արման ապերը (Ղարիբյան) միաժամանակ երկու քրոջ հետ մտերիմ էր, նույնիսկ նկարներ ենք գտել նրանց հետ գրկախառնված»: Ինչ վերաբերում է դպրոցի արդեն նախկին մանկավարժ Լ. Ա.-ին, փոխտնօրենը չի հավատում, թե նա ընդունակ է որեւէ երեխայի հանդեպ ոտնձգություն կատարելու: Այժմ «ՄԱԿ-ի երիտասարդները» դպրոցին են դատի տվել, դպրոցը՝ նրանց: «Մենք փակ հաստատություն ենք, բայց ուզում ենք մեր երեխաներին դեպի հասարակություն մղել, ուզում ենք շփման մակերեսը մեծանա, բայց սրանք (նկատի ունի երիտասարդներին- Գ. Հ.) երեւի այլ նպատակով էին դպրոց եկել»,- նշեց Դոնարա Հովհաննիսյանը:

Մերուժան Ենգիբարյանն էլ հայտնեց. «Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ երիտասարդները շահեցին 1 մլն դրամ, որը նստեց դպրոցի բյուջեի վրա: Նրանք պահանջեցին, որ այդ գումարը ստանանք ու առձեռն հանձնենք իրենց: Երեւի չգիտեին՝ ինչ է իրենից ներկայացնում բյուջետային հիմնարկությունը: Ես էլ հաշվապահի հետ բացատրեցի, որ գումարը դուրս կգա այն ժամանակ, երբ ինչ-որ գույք գնեն դպրոցի համար, վերանորոգեն ու համապատասխան չեկեր ներկայացնեն… Նրանք ծանոթ չէին նաեւ մեր ծրագրերին, զուր էի փորձում բացատրել, որ երեխաները անգլերեն չեն հասկանա, մեզ մոտ ֆիզիկա, քիմիա էլ չեն անցնում, ծրագրով նախատեսված օտար լեզուն էլ ռուսերենն է, բայց համաձայնեցինք… Դպրոց էին մտնում մի պայուսակ ուսներին գցած, առանց բարեւելու, առանց որեւէ մեկին նկատելու: Էքսկուրսիա տանելիս էլ, եթե մի 15 երեխա մերոնցից էր լինում, 30-ն իրենց ծանոթներն են: Պատահական տեսա, որ իմ երեխաների հետ ոչ հարմար դիրքով լուսանկարվել է իրենց թիմի անդամներից մեկը, հիմա այդ նկարը գտնվում է Էրեբունու դատախազությունում: Ախր այդպես չի կարելի, մեր երեխաները շատ զգացմունքային են, վառ երեւակայություն ունեն: Նկարը ցույց տվեցի նաեւ իրենց ղեկավար Մարիամին, ասաց՝ կխոսի էդ տղայի հետ»: Դպրոցում նաեւ պատմեցին, որ երիտասարդները մտավոր թերզարգացած երեխաներին սովորեցրել էին դպրոցի կոլեկտիվի հասցեին ինչ-ինչ բաներ ասել:

ՄԱԿ-ի «Զարգացման մուլտիմեդիա նյութեր» ծրագրի ղեկավար Մարիամ Սուխուդյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ այս պատմության մեջ ամենեւին դեր չի խաղացել շահած գումարը դպրոցի կողմից վերահսկելու «ցանկությունը». «Նախ մեր բոլոր ֆինանսական հաշվետվությունները կան, ամեն ինչ մաքուր է: Հիմա փաստեր են հավաքվում, Էրեբունու քննչականը զբաղվում է դրանով, ուղղակի դպրոցը փորձում է մեղքը սրա-նրա վրա բարդել»: Մեր այն դիտարկմանը, որ իրենց թիմը աշակերտի հանդեպ ոտնձգություն կատարելու մեջ մեղադրում է դպրոցի ուսուցչին, իսկ դպրոցն էլ ոչ պարկեշտ կեցվածքի համար՝ իրենց թիմի անդամ Արմանին, Մ. Սուխուդյանը պատասխանեց. «Այդ նկարները նկարել է տղայի ընկերուհին, եւ հենց իրենք տվել են երեխային: Եթե որեւէ վատ բան նկատած լինեինք՝ ես կլինեի առաջինը, որ այդ տղային ու աղջկան թիմից կհեռացներ»: Մեր հաջորդ հարցին՝ ինչո՞ւ երբեք չեն ներկայացրել դպրոցում պարապմունքներ իրականացնողների հստակ ցանկն ու ժամանակացույցը, Մարիամը պատասխանեց. «Հենց սկզբից էլ ասել էինք, որ հստակ գրաֆիկ չկա, որովհետեւ մեր մի մասն աշխատող է, մյուս մասը՝ սովորող: Մենք միշտ ժամը 2-ից հետո էինք գնում դպրոց: Եղավ մի շրջան, որ դպրոցում կարանտին էր՝ դեղնախտ էր տարածված, չէինք կարող ներս մտնել, հետո ՄԱԿ-ը ուշացրեց ծրագիրը, արդյունքում՝ ինչ-ինչ փոփոխություններ արվեցին»:

«Առավոտի» խմբագրություն այցելեց նաեւ Արմանը՝ ՄԱԿ-ի «Զարգացման մուլտիմեդիա նյութեր»-ից եւ սկսեց հետաքրքրվել՝ ով է մեր աղբյուրը, ինչու ենք հոդված պատրաստում, վերջում էլ ենթադրություններ արեց, որ օբյեկտիվ չի լինելու, որովհետեւ առաջինը դպրոցի տեսակետն ենք լսել, հետո՝ իրենցը:

Դառնալով դպրոցին՝ հավելենք, որ կոլեկտիվը նամակներ է գրել ԿԳ նախարարին՝ մտահոգությամբ, որ ստահոդ լուրերը վնասում են դպրոցի հեղինակությանը, դպրոց են այցելել ԱԺ պատգամավորներ, կոլեկտիվին ընդունել են ԿԳՆ-ում: Մեր անակնկալ այցելության պահին դպրոցում մաքրություն էր տիրում, ամեն ոք զբաղված էր իր գործով:

Ցավալի է, որ «ավանդույթի» համաձայն, այժմ ծննդյան օրը դպրոցի տնօրեններին ազատման հրաման են նվիրում: Գուցե Մ. Ենգիբարյանի տեղի վրա՞ էլ աչք կա, ինչպես պատահեց նույն համայնքում գտնվող իրավախախտ երեխաների դպրոցի հետ. տնօրենն ազատվեց աշխատանքից եւ նոր տնօրեն նշանակվեց ՀՅԴ կողմից հովանավորվող Ծովինար Գեւորգյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել