Լրահոս
Օրվա լրահոսը

Պատժաչափերն ավելացվեցին

Նոյեմբեր 29,2008 00:00

Դատական սխալն ազդել է Կապանի ՊՆ զորամասում կատարված «ինքնասպանության» գործի ելքի վրա:

Զինծառայող Աղվան Հարությունյանի մահվան փաստի առթիվ (2006թ. ապրիլի 28-ին) քրեական գործ էր հարուցվել Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազության կողմից: Նախնական վարկածի համաձայն, զինվորն ինքնասպան էր եղել կախվելու միջոցով, սակայն հետագայում պարզվել էին այլ հանգամանքներ, եւ այս գործով մեղադրյալներից երկուսը՝ շարքային Ռաֆիկ Հարությունյանը եւ ռադիոլոկացիոն հանգույցի վարորդ-մեխանիկ Ալիկ Մաթեւոսյանը, Սյունիքի մարզի դատարանի կողմից դատապարտվել էին համապատասխանաբար 6,5 եւ 9,5 տարվա ազատազրկման՝ կազմակերպված խմբի կողմից խուլիգանական դրդումներով կատարված սպանության համար: Այդ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել դատախազը, գտնելով, որ ամբաստանյալների նկատմամբ պետք է կայացվի նոր դատավճիռ: Վերաքննիչն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատավճիռը, որից հետո բողոք էր բերվել ՀՀ վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանի քրեական պալատը բեկանել էր գործը եւ այն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության: Նոյեմբերի 12-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ (դատավոր՝ Սերժիկ Ավետիսյան) Սյունիքի մարզի դատարանի դատավճիռը բեկանվեց, նրանց պատժաչափերն ավելացան. Ռ. Հարությունյանը դատապարտվեց 13, իսկ Ա. Մաթեւոսյանը՝ 15 տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանի որոշումից հետո ՀՀ նախագահի նստավայրի, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ կազմակերպեցին ամբաստանյալների հարազատները:

Ի՞նչ պարզվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:

Այս դատարանում Ռ. Հարությունյանի պաշտպանը միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ: Ալիկ Մաթեւոսյանը նույնպես արդարացման դատավճիռ էր պահանջում, հայտարարելով, թե ինքը կապ չունի կատարված սպանության հետ: Դատաքննության ընթացքում պարզվեց, որ երկու մեղադրյալները եղել են «զորամասային հեղինակություններ», նրանց միջոցով են կարգավորվել ներքին վեճերը, նրանք քնել են զորանոցից առանձնացված՝ սպաների համար նախատեսված հանգստյան սենյակում, ազատ ելումուտ են արել: Վերաքննիչ դատարանը, գնահատելով գործում առկա ապացույցները, հանգել էր այն եզրակացության, որ Աղվան Հարությունյանի սպանության մեջ «յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել ընդհանուր գործում», որ մենք գործ ունենք ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության հետ: «Առավոտի» մեր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք սպանության շարժառիթին, որը տարակարծությունների տեղիք է տալիս մինչ օրս: Շարժառիթն այն է, որ Ա. Մաթեւոսյանը խնդրել է Ա. Հարությունյանի ռադիոձայնարկիչը, եւ երբ այն վերադարձվել է ոչ սարքին վիճակում՝ Ա. Հարությունյանը դժգոհել է: Ա. Մաթեւոսյանը որոշել է կախել Ա. Հարությունյանին եւ այդ մասին հայտնել է Ռ. Հարությունյանին: Զորանոցից ոչ այնքան հեռու գտնվող «Խաչ» կոչվող անտառի տեղանքին հասնելով, նրանք հաստաբուն հացենուց ամրացնում են պարանը, աթոռ են դնում ծառի տակ, կանչում են Աղվանին: Գործի նյութերում կա նաեւ այն մասին, որ Աղվանի ձեռքերը եղել են մալուխով կապված, այն, ինչը չէին «նկատել» ինքնասպանության վարկածն առաջ քաշողները: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը շարժառիթի հետ կապված հանգել էր այսպիսի հետեւության. «Սպանություններում որոշակի դեր ունի նաեւ վրեժի զգացումը, որը կարող է առաջանալ ինչպես տուժողի օրինական, այնպես էլ անօրինական գործողությունների հետեւանքով: Վրեժ լուծելով՝ հանցավորը ցանկանում է բավարարում ստանալ տուժողի գործողությունների արդյունքում ձեւավորված վիրավորանքի դիմաց: Այն դեպքերում, երբ սպանությունը կատարվում է որպես աննշան առիթին տրված պատասխան գործողություն, դրանով արտահայտվում է հանցավորի անհարգալից, արհամարհական վերաբերմունքը հասարակության, եւ վրեժի զգացումը՝ տուժողի նկատմամբ»:

Գնահատելով նախորդ դատարանների կայացրած դատավճիռները, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի քրեագետ նախագահող Ս. Ավետիսյանը նկատում է. «Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ալիկ Մաթեւոսյանն է տնօրինել Աղվան Հարությունյանի կյանքը, որոշել նրա ապրել-չապրելու հարցը, գտել է, որ նա անպայման պետք է զրկվի կյանքից, այն էլ կախվելու միջոցով». կամ «Ռաֆիկ Հարությունյանն օժանդակել է Ա. Մաթեւոսյանին՝ միջոցներ տրամադրելով (պարան, աթոռ, մալուխ), նա չի օգնել Ալիկին տուժողին կյանքից զրկելու: Հետեւաբար, նախաքննական մարմնի փաստարկները, թե երկուսն էլ սպանության համակատարողներ են, տուժողի սպանությունը կատարվել է խմբի կողմից (այդպես է կարծում նաեւ Աղվանի հայրը- Ռ. Մ.)՝ անհիմն են»: Դատարանը գտել է, որ նախորդ դատարաններում ամբաստանյալների արարքը գնահատվել է սխալ, «որակվել է բարենպաստ հոդվածով» (չնայած Քրօրի ցանկացած հոդվածն էլ բարենպաստ չի կարող լինել-Ռ. Մ), որի պատճառով էլ նրանց նկատմամբ կիրառվել է «ակնհայտ մեղմ պատիժ»: Ըստ Ս. Ավետիսյանի, մենք գործ ենք ունեցել դատական սխալի հետ, որը ազդել է գործի ելքի վրա: Իսկ այն չի բխում արդարության պահանջներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել