Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏՈՎ ՉԱԶԱՏԵՑԻՆ

Նոյեմբեր 29,2008 00:00

\"\"

Նախկին հրամանատարը 10 տարի ազատազրկված է

«Հարգելի նախագահ Սերժ Սարգսյան, իմանալով Ձեզ, Ձեր աշխատանքային եւ քաղաքական գործունեությունը, Ձեր մարտական անցյալը, ինչին ես լավ ծանոթ եմ, քանի որ Ձեր եւ ռազմական մեր ընկերների՝ Կամո՝ «Չուգուն», Աշոտ՝ «Շավարշ», Լեոնիդ՝ «Լյոն», Աշոտ՝ «Ասկոլկա», Մոնթե՝ «Ավո» եւ շատ ու շատ ուրիշների հետ անցել ենք դժվարին ճանապարհ՝ պայքարելով հայրենիքի անկախության ու պայծառ ապագայի համար, խնդրում եմ Ձեզ՝ անձամբ զբաղվել իմ հարցով, որովհետեւ այլեւս անհնար է հանդուրժել որոշ անձանց այլանդակությունները, որոնք խաղում են մարդկանց կյանքի, պատվի ու արժանապատվության հետ, մարդիկ, որոնք ազնիվ մարտնչել են հայրենիքի համար, բայց հանգամանքների բերումով դատվել եւ հայտնվել են անազատության մեջ». 13 տարվա ազատազրկման դատապարտված Սերգեյ Ռուբենի Մկրտչյանի նամակն է՝ ուղղված հանրապետության նախագահին: Ուղարկել է նաեւ «Առավոտ», քանի որ, ըստ նրա, իր նամակները տեղ չեն հասնում:

Ըստ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Ս. Մկրտչյանը 1990-94 թթ.եղել է հատուկ նշանակության խմբի հրամանատար, մասնակցել է Ղարաչինարի ազատագրական մարտերին, ստացել է ուղեղի ցնցակաթված՝ Շահումյանի համար մղված մարտերում: Նա վիրավորվել է 3 անգամ, մասնակցել է նաեւ Շուշիի ազատագրմանը, Հորադիզի, Ֆիզուլիի եւ Ղուբաթլիի մարտերին: Տեղեկացնենք, որ ազատամարտիկը դատապարտվել է 1998թ. նոյեմբերի 16-ին՝ Ավանի ֆինանսատնտեսագիտական ինստիտուտի հիմնադիր Գերման Վարդապետյանի սպանության գործով:

«Արդյոք կարելի՞ է մեկ սխալի համար կոտրել մի մարդու կյանք, որն արյան գնով ապացուցել է հայրենիքին իր նվիրվածությունը եւ փրկել բազում մարդկային կյանքեր»,- շարունակում է դատապարտյալը, որն «Առավոտի» հետ նաեւ հանդիպում է խնդրում: «1989-ից Հայոց համազգային շարժման անդամ եմ: 1990թ. իմ ջոկատի հետ պաշտպանել եմ Հայաստանի սահմանները՝ Իջեւանի, Նոյեմբերյանի շրջաններում, 1991թ. պաշտպանել ենք Հադրութի շրջանի գյուղերը, Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղը, Մարտունի քաղաքի սահմանները, 17 հոգանոց ջոկատով եւ տեղի բնակիչների հետ ազատագրել ենք Մարտակերտի շրջանի 7 գյուղ: Հայաստան վերադառնալուն պես ՊԱԿ-ից առաջարկ ստացա ղեկավարել «Ալֆա» հատուկ նշանակության ջոկատը, որտեղ աշխատեցի 1994-98 թթ., եւ մասնակցեցի բազմաթիվ օպերացիաների, նաեւ Ձեր իմացությամբ: 1998թ. նոյեմբերին սպանության մեղադրանքով ինձ ձերբակալեցին: Հիմա չեմ փորձի ապացուցել իմ անմեղությունը՝ չնայած ունեմ դրա բոլոր հիմքերը: Մեկուսարանից երեք անգամ գրել եմ Ձեզ, բացատրել այդ գործի հանգամանքները՝ ապարդյուն: Հետո ես իմացա, որ իմ նամակները հասցեատիրոջը չեն հասել: Ինձ դատապարտեցին 13 տարվա ազատազրկման: Այս պահին պատիժը կրում եմ արդեն 10 տարի»,- հավելում է նա:

Նախկին ազատամարտիկը գրում է, որ կալանավայրում անցկացրած տարիներին ընտանիքը հայտնվել է սարսափելի ծանր վիճակում. զոհվել է 21-ամյա որդին, չդիմանալով ծանր վշտին, մահացել է հայրը՝ Հայրենական պատերազմի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ, շաքարախտով հիվանդ մայրը ստացել է երեք ինֆարկտ եւ կաթված: Մորը խնամում են կինը, ուսանող աղջիկն ու մեծ որդին, որը աշխատանք չունի: «Նրանք վարձով են ապրել, քանի որ հարկադրաբար վաճառել են սեփական քրտինքով ձեռք բերած տունը, հողամասը, մեքենան:

2007թ. ապրիլին լրացավ իմ պատժի 2/3-ը: Համաձայն ՀՀ քրօրի, ես կարող եմ ներկայացվել պայմանական-վաղաժամկետ ազատման: Սակայն նախագահի հրամանագրով ստեղծված ներման հանձնաժողովը մերժեց կալանավայրի ադմինիստրացիայի միջնորդությունը՝ չնայած իմ դրական բնութագրին եւ օրինակելի վարքին: Նույն Քրօրը ասում է, որ պատժի 2/3-ը կրած անձինք կարող են դիմել հանձնաժողովին եւ մեղմել պատժի ռեժիմը, դարձնելով այն կիսաբացից՝ բաց: 2007թ. մայիսին, հաշվի առնելով ընտանիքիս ծանր վիճակը, կիսաբաց ազատազրկման ռեժիմս փոխարինվեց բացով: Ես աշխատանք գտա, սկսեցի օգնել ընտանիքիս ու բուժել մորս, որը սկսեց ապաքինվել: Հին մարտական ընկերների հետ որոշեցինք անվտանգության ծառայողների ուսուցման կենտրոն հիմնել, բազմիցս փորձել եմ Ձեզ հետ հանդիպել՝ խորհրդատվության համար: Սակայն 2007թ. սեպտեմբերի 27-ին՝ կիրակի, ժամը 20-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Լեւոն Բաղդասարյանի հրամանով «հրավիրեցին» կալանավայր եւ հայտնեցին, որ կարգադրություն է ստացվել իմ բաց ռեժիմը փոխարինել կիսաբացով, բայց դա ֆորմալ բան է եւ կտեւի ընդամենը 2 շաբաթ: Խորհուրդ տվեցին դիմում գրել, որ ինքնակամ եմ եկել կալանավայր»: Դատապարտյալը գրում է, որ նույն օրը զանգում են որդուն եւ հայտնում, որ Մկրտչյանին ձերբակալել են: «Հետագայում պարզեցի, որ ստի միջոցով ետ բերելու հրամանը տվել է կալանավայրերի վարչության պետի նախկին տեղակալը, որին էլ իր հերթին հրամայել է կալանավայրերի վերահսկողության դատախազ Շահում Տիգրանյանը»,- տեղեկացնում է Ս. Մկրտչյանը:

Վերջինս ձերբակալման մասին գրում է դատախազին, կալանավայրերի վարչության պետ Ա. Մարտիրոսյանին: Հետագայում հասկացավ, որ ձերբակալումը կապված էր այն ուսուցման կենտրոնի հետ, որը ընկերներով բացել էին:

Մկրտչյանին արգելում են որեւէ մեկի հետ շփվել, արգելվում են գրենական պիտույքները:

«Մինչ օրս ես ազատազրկված եմ: Կալանավայրերի վերահսկողության դատախազ Շահում Տիգրանյանն էլ ասում է, թե ինքը կարող է իմ ռեժիմը փոխել, սակայն կալանավայրի վարչակազմը դեմ է դրան, թե իբր բողոքներ կան իմ վրա: Բոլոր փորձերս՝ տեսնել այդ բողոքները, հաջողություն չունեցան: Օգոստոսին, չդիմանալով այս անարդարություններին, մահացավ մայրս»,- գրում է դատապարտյալը, որը խնդրում է նախագահից. «Համապատասխան եզրակացություններ անել ստեղծված ծանր իրավիճակից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել