Լրահոս
Օրվա լրահոսը

Արսենը դրսում է ապրում

Նոյեմբեր 29,2008 00:00

Երիտասարդ տղայի հարազատները տունը նրանից խլել են

36-ամյա Արսեն Հակոբյանն արդեն 6 ամիս գիշերում է դրսում՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու 77 շենքի բակում: Մինչ այդ էլ նա անօթեւան էր, բայց գոնե գլխին ծածկ ուներ. «բնակվում» էր այդ նույն բակում կանգնած անսարք «Զապորոժեց» մեքենայի մեջ: Սակայն մեքենայի տերը մի օր որոշում է այնտեղ իր անպետք իրերը լցնել, ինչի պատճառով էլ Արսենը ստիպված է լինում իր «բնակարանը» դարձնել բակի ցանկապատած փոքրիկ այգիներից մեկը:

Երեկ նշյալ հասցե մեր այցելության ժամանակ Արսենն իր «բնակարանից» դուրս էր եկել զբոսնելու: Շենքի բնակիչների պատմելով՝ Արսենն այդ թաղամասում է մեծացել, այդտեղ դպրոց է հաճախել: Իսկ փողոցում հայտնվել է հարազատների պատճառով. «Առիթից օգտվելով, որ Արսենը վաղ հասակում կորցրել է ծնողներին եւ քրոջը, բնակարանին տիրանալու համար հարազատներից մեկը նրան տեղավորել է հոգեբուժական հիվանդանոցում եւ հանգիստ կազմակերպել տան վաճառքը: Իսկ երբ Արսենը հոգեբուժարանից վերադարձել է՝ բնակարանն արդեն նոր սեփականատեր է ունեցել»:

Արսենին որոշ չափով «տիրություն են» անում շենքի բնակիչները. ոմանք ուտելու բան են տալիս, ոմանք հագուստով են օգնում: Մեզ հետ զրույցում բնակիչներից մեկը պատմեց, որ տղայի պատմությունից այնքան է ազդվել, որ անգամ «ամուսնուս անդրավարտիքն եմ գողացել ու տվել Արսենին»: Բնակիչները նաեւ գումար են հավաքում, որ նրան բաղնիք տանեն:

«Մեր երեխայի պես պահում ենք, գոնե մեկը աջակցեր նրան, լավ տղա է: Շուտով ձյուն կգա, այդ ցրտին նա դրսում կսառչի»: Արսենի հետ շփվելն այնքան էլ հեշտ չեղավ: Նա մեր հարցերին շատ կցկտուր էր պատասխանում: Ասաց, որ չգիտի էլ, թե որտեղ են անձնագիրն ու այլ փաստաթղթերը: Նրա խոսքերով, մի քանի ընկերներ ունի, որոնք իրեն մեկ-մեկ սիգարետ կամ ուտելու բան են տալիս: Մեր հարցին, իսկ չի՞ ուզում աշխատել, Արսենը գլխով դրական պատասխան տվեց:

Բնակիչների խոսքերով՝ նա շատ ինքնամփոփ ու ընկճված է դարձել. «Հազիվ մի երկու բառ է խոսում, բայց լեզու գտնում ենք»: Բնակիչներից մեկի խոսքերով էլ՝ «մի անգամ նկատեց, որ ծանր պարկեր են իմ բնակարանից իջեցնում, անմիջապես հարցրեց՝ օգնության կարիք կա՞»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել