Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ ԵՆ

Նոյեմբեր 29,2008 00:00

\"\" Անընդմեջ կրակոցների եւ ծայրահեղ աղքատության պատճառով գյուղացիները լքում են հայրենի տները

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր եւ Չինարի գյուղերը Ադրբեջանի սահմանից ընդամենը 700 մետր հեռավորության վրա են գտնվում: Բացի այն, որ այս գյուղի բնակիչները ծայրահեղ աղքատ են, այստեղ գրեթե ամեն օր ադրբեջանական հենակետերից կրակոցներ են լինում: Այդուհանդերձ, ահ ու դողը սրտներում, այս գյուղերի բնակիչներն, իրենց կյանքը վտանգելով, հող են մշակում, ջուր կրում, դպրոց գնում, ու նույնիսկ, ինչպես իրենք են պատմում, «շախով-շուխով հարսանիք են անում, որ թշնամին տեսնի ու տրաքի»: Չինարի գյուղի բնակիչների պատմելով՝ թեեւ գյուղում «մին-մին» են նոր ընտանիք կազմում, բայց երբ զույգերն ամուսնանում են՝ «նվագով, բանով հարսանիք ենք անում, թուրքի աչքը հանում, որ տենան, որ իրանցից չենք վախում: Նոյեմբերի 16-ին հարսանիք արինք, դրա նախորդ օրը կրակոց կար: Մեր տղաներին բանակ էլ ենք երգ-երաժշտությունով ճամփում, մենք իրանցից չենք վախում: Հարսանիքի ժամանակ որ կրակեն էլ, մին ա, չենք լսելու, բանի տեղ էլ չենք դնելու»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեցին չինարեցիները: Նրանք թեեւ գյուղամեջում հանգիստ քայլում են, բայց փոքրից մինչեւ մեծ՝ ամեն րոպե կրակոցի են սպասում: Ճիշտ է, դպրոցը բնականոն գործում է, բայց, ինչպես մանկավարժներն են պատմում, տագնապի ժամանակ աշակերտներին անմիջապես թաքստոցներ են տանում: Չինարիի բնակիչներից մեկի պատմելով՝ «Յոթերորդ դասարանի տղաս հենց կրակոց է լսում՝ տակին միզում է»:

Գյուղացիները հազիվհազ յոլա են գնում. գրեթե բոլորի բնակարանները ռմբակոծված են ու կիսաքանդ, գյուղի ճանապարհներն անբարեկարգ են, գազ չկա, ոչ էլ ոռոգման ջուր ունեն, ինչի պատճառով այս գյուղի այգիների մեծ մասը չորացել է: «100 հազար դրամ ենք տալիս, որ մի մեքենա փայտ բերենք, էն էլ չի հերիքում: 10 կիլոգրամանոց գազի բալոնը 10 հազար դրամ արժի, դա էլ մի ամիս չի հերիքում: Մի կերպ յոլա ենք գնում, էլի: Մեր գյուղը դարձել է ծերանոց: Երիտասարդները հեռանում են գյուղից եւ չեն վերադառնում, քանի որ անապահով է այստեղ, բացի այդ՝ գործ էլ չկա: Վարկ ենք ուզում, որ մի բան անենք, սերմացու, անասուն առնենք, ասում են՝ սահմանամերձ գյուղ է, երաշխիք չկա: Բա հըմի մենք ինչ անենք, բա ո՞նց չհեռանանք»,- մեզ հետ զրույցում ասաց Գոհար Աղասյանը: Մեր հարցին՝ եթե կառավարությունը աջակցի եւ ֆինանսավորի, արդյոք հեռացողների թիվը կնվազի՞, իսկ գնացածներն էլ կվերադառնա՞ն, բոլորը մեկ մարդու պես պատասխանում էին՝ «եթե կրակոց չլինի, եթե խաղաղություն լինի՝ անպայման կգան: Բոլորս էլ սիրում ենք մեր հողն ու ջուրը, բայց դե թող պետությունը դեռ էստեղի բնակվողներին պահի, գյուղի վիճակը բարելավի»: Չինարիի գյուղապետ Սամվել Սողոյանի ներկայացմամբ՝ գյուղի հողատարածքներից ընդամենը 10%-ն է մշակվում, մնացած հատվածը կամ ականապատված է, կամ էլ դիպուկահարի նշանառության տակ է: Այդ տարածքներում տեխնիկան էլ չի կարող աշխատել, իսկ արոտավայրերը գտնվում են չեզոք գոտում, սակայն այստեղ էլ են կրակոցներ լինում. «330 հեկտար լավ հողեր ենք ունեցել, որոնք այս պահին ամբողջությամբ ադրբեջանցիներն են տիրապետում: Գյուղացիների մեծ մասը խաղողի այգիների հույսին է, այն էլ այս տարվա ցրտահարությունից մեծ վնասներ են կրել»: Գյուղապետն այս առնչությամբ դիմել է մարզպետարան, որտեղից խոստացել են օգնել, սակայն մինչ օրս գյուղացիները ոչ մի փոխհատուցում չեն ստացել:

Գյուղապետի խոսքերով. «Գյուղում ներկայումս 400-ից ավելի տուն կա, որից մոտ 133-ը դատարկ է, մնացած տներում էլ միայն պահակներ են, այսինքն՝ միայնակ ծերեր, եւ նույնքանում էլ երեխաներ են ծնվում»: Ինչ վերաբերում է կառավարության աջակցությանը, գյուղապետն ասաց. «Վերադառնալու միակ երաշխիքը անվտանգությունն է: Դրամական օգնությունը, իհարկե, խթան է, էլի մարդիկ կգան, բայց կյանքի անվտանգությունն ամենակարեւորն է»:

Տավուշի շրջանի սահմանամերձ գյուղերից է նաեւ Ներքին Կարմիրաղբույրը: Այս գյուղի բնակիչների ճակատագիրն էլ նույնն է, բազմաթիվ հոգսեր, անվերջ ձգվող խնդիրներ եւ ամենօրյա կրակոցներ:

Ասմայիկ Էջիբյանի պատմելով, 1990-ականներին ռմբակոծումից տունն ու գույքն ամբողջությամբ վնասվել են: Չնայած 2003-ին կառավարությունը տիկին Ասմայիկի կրած վնասները գնահատել է մոտ $3000, եւ այդ գումարն արդեն տվել են, սակայն ընտանիքը չի կարողացել տունը լիովին վերականգնել, ընդամենը տանիքն են վերանորոգել. «Քաղաքից շինանյութ բերելը շատ թանկ էր ու բարդ: Հետն էլ՝ վատ տարիներ, գործ չկար, եկամուտ չկար, հիվանդ էինք, էդ գումարն էդպես ծախսվեց-գնաց, մոտ 100 հազար տալիս էինք մեքենային, որ մի անգամ շինանյութ բերեր: Ու ամեն ինչն էլ թանկ էր, դրա համար էլ չկարողացանք վերանորոգել»: Այժմ Ասմայիկի ամուսինը Երեւանում է աշխատում, որ գոնե յոլա գնան. «Գալիս ենք քիչ-քիչ հողը մշակում, որ այգին չչորանա: Եթե պայմաններ ստեղծվեն՝ անպայման կմնանք գյուղում: Չնայած վաղվա օրվա նկատմամբ հույս չկա, բայց մեկ է, իմ տեղն այստեղ է»: Գյուղում երիտասարդների մեծ մասը ժամկետային զինծառայության մեջ է: Ինչպես նրանց ծնողներն են ասում՝ գոնե էդպես մի քիչ գումար են ստանում, բա որ դա էլ չլինի՝ բան ու գործ չեն ունենա: Ռաֆիկ եւ Իզաբելլա Գալստյանների ավագ որդին էլ է ժամկետային զինծառայող: Նա պատրաստվում է ամուսնանալ: Տիկին Իզաբելլայի խոսքերով՝ նրա սենյակն արդեն պատրաստել են. «Լվացքի մեքենա ենք առել, անասուն ենք պահում, այգի ենք մշակում, քիչ-քիչ ոտի ենք կանգնում, տուն-տեղ ենք դնում»: Գյուղացիները կառավարությունից խնդրում են աջակցել նորաստեղծ ընտանիքներին, որպեսզի նրանք ստիպված չլինեն հայրենի գյուղը լքել ու արտերկիր մեկնել. «Գյուղը դատարկվում է, ջահելները գնում են ստեղից»:

Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի վաստակավոր մանկավարժ Հենրիկ Գալստյանի ներկայացմամբ՝ գյուղում 4 առաջին դասարանցի կա եւ 17 տասներորդցի: Ուսուցչի խոսքերով՝ երեխաները թեեւ աշխարհից կտրված են, բայց շատերը ձգտում են բուհ ընդունվել. «Մեր գյուղում մի մասնագետը մի քանի առարկա է դասավանդում: Օրինակ՝ կենսաբանությունը գյուղի անասնաբույժն է դասավանդում: Սա, իհարկե, լավ չէ, բայց ինչ արած»: Հ. Գալստյանի խոսքերով՝ իրենց գյուղը «հերոս գյուղ է եւ չկա մի մարդ, որ կռված չլինի». «Մենք որ չկռվեինք, ադրբեջանցիք վաղուց հասել էին Սեւան»: Պատերազմից ավերվել է նաեւ նրա տունը: Ճիշտ է, որոշակի փոխհատուցում ստացել է, սակայն դա չի բավարարել տունը վերականգնելու: Հ. Գալստյանի ամբողջ ընտանիքը մեկ սենյակում է ապրում: Մեր հարցին, թե գյուղը լքածները փոխհատուցման դեպքում կվերադառնա՞ն՝ մանկավարժն ասաց. «Դրամական օգնություն, իհարկե, պետք է, բայց գլխավորը անվտանգության ապահովումն է, խաղաղությունը»: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանի դիտարկմամբ՝ սահմանամերձ գյուղերին պետք է հատուկ ստատուս տրվի. «Պետք է հարկերից ազատեն, բայց դրա փոխարեն ինչ-որ փոխհատուցում լինի, քանի որ եթե հարկ չվճարվի, ապա բյուջե էլ չի լինի: Դոտացիաները Երեւանի Կենտրոն համայնքին եւ մեզ հավասարաչափ չտան: Մյուս համայնքները առանց այն էլ շատ հնարավորություններ ունեն: Գյուղապետարանը վարչական գանձումներ էլ չունի: Ընդհանուր հողատարածքների 50%-ը չի մշակվում: Մեր գյուղը ոչ միայն սահմանամերձ է, այլեւ սահմանապահ»:

Նշենք, որ վերջերս կառավարությունը հավանություն տվեց սահմանամերձ գյուղերից ներքին տեղահանված անձանց վերադարձի եւ վերաբնակեցման ծրագրին: Սա վերաբերում է այն անձանց, ովքեր ղարաբաղյան պատերազմի հետեւանքով լքել են իրենց բնակավայրերը եւ մինչ օրս բնակվում են Հայաստանի տարբեր մարզերում: Պարզվում է, ծրագիրը հավանել են, բայց գումար չեն ճարում: Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանի ներկայացմամբ, ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է $38,5 միլիոն, եւ այդ գումարը հայթայթելու հաձնարարական է տրված մի շարք գերատեսչությունների՝ տարբեր օտարերկրյա պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ ներկայացնեն նաեւ այս ծրագիրը, գուցե մեկը ֆինանսավորի:

Հ. Գ. Նշենք, որ Տավուշի մարզ էինք մեկնել Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի աջակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել