Մեր երկրում գործող ընկերություններն այս ոլորտի արտադրանքի 70-80%-ը իրացնում են այն երկրներում, որոնք այսօր լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն:
Ընդամենը մի քանի ամիս առաջ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունները, «DigiTec Business» ֆորումի ժամանակ խոսելով ոլորտի հեռանկարների մասին, վստահեցնում էին, որ նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ մեր երկրի տնտեսությունը կծաղկի, իսկ հարյուրավոր գործարարներ էլ կբարձրացնեն իրենց ձեռնարկությունների արտադրողականությունը: Այսօր այդ ոլորտում գործող 200 ընկերություններից շատերն իրենք են կանգնած լուրջ խնդիրների առջեւ, քանի որ նրանց արտադրանքի 70-80%-ը սպառվում է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, իսկ այդ երկրներն այսօր կանգնած են ֆինանսական խնդիրների առջեւ եւ ի վիճակի չեն վճարելու իրենց առաջարկվող արտադրանքի դիմաց: Մասնագետների գնահատմամբ, եթե հեռահաղորդակցության ոլորտի որոշ ընկերությունների կհաջողվի մի կերպ գոյատեւել, ապա մյուսները ստիպված կլինեն գոնե ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը: Նշենք, որ նախօրեին համակարգչային ծրագրավորմամբ զբաղվող խոշոր ընկերություններից մեկի՝ «Լայքսի» տնօրինությունը մոտ 200 աշխատակիցների գրավոր տեղեկացրել էր, որ ընկերության գործունեության դադարեցման հետեւանքով նրանք ազատվում են աշխատանքից: Մեր տեղեկություններով, այսօր փակվելու վտանգի առջեւ են կանգնած այս ոլորտի եւս մի քանի ընկերություններ:
Հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների խնդիրների շուրջ զրուցեցինք «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ: Նրա խոսքերով. «Ես դեմ եմ այն բանին, որ ասում են, թե ճգնաժամը մեզ վրա չի անդրադառնա, որովհետեւ դա սուտ է: Այսօր Եվրոպան հայտարարել է, որ մոտակա 2 տարին իրենց մոտ ռեցեսիա է լինելու, ԱՄՆ-ում արդեն իսկ ռեցեսիա է, որը եւս 1-2 տարի կտեւի, իսկ մեր արտահանման մոտ 70-80%-ը գնում է այդ երկրներ»: Ըստ Կ. Վարդանյանի, ճգնաժամի բացասական հետեւանքներին դիմակայելու համար պետք է միջոցներ ձեռնարկել. «Մասնավորապես, աշխատուժը, որն արդեն ազատ է մնում, կարող է կիրառվել, օրինակ, ՀՀ-ում էլեկտրոնային կառավարման համակարգեր ներդնելու ժամանակ, կարող է կիրառվել զենքի արդիականացման եւ բանակի կառավարման խնդիրները լուծելու համար: Իսկ ամենակարեւորը՝ արտադրանքի իրացման համար պետք է ակտիվ կերպով նոր շուկաներ որոնել: Պետք է աշխատել ղազախական կամ, ասենք, Հարավարեւելյան Ասիայի շուկայի ուղղությամբ: Բացի այդ, Հայաստանում սովորաբար գտնվել են ինժեներական դեպարտամենտները, իսկ մեր ոլորտի ապրանքների վաճառքի դեպարտամենտները միշտ գտնվել են Ամերիկայում եւ Եվրոպայում: Հիմա պետք է սեփական ապրանքը ինքնուրույն վաճառելու ունակություններ դրսեւորել եւ եռապատկել ու քառապատկել այդ ուղղությամբ ջանքերը»:
«Առավոտի» հետ զրույցում պարոն Վարդանյանն անդրադարձավ նաեւ «Լայքս» ընկերության փակման խնդրին. «Այդ ընկերության հիմնադիրները, անկախ «կրիզիսից», վաղուց ուզում էին վաճառել իրենց պատկանող եվրոպական 6 պորտալները, որոնց ինժեներական սպասարկումը իրականացնում էր Երեւանի ընկերությունը: Երբ իրենք չկարողացան այդ պորտալների վաճառքի խնդիրը լուծել՝ որոշեցին փակել: Սա այնքան էլ կապված չէ «կրիզիսի» հետ: Բայց, միեւնույն ժամանակ, դա տեղի է ունենում հենց «կրիզիսի» ժամանակ եւ պետք է լուծել այդ խնդիրը»:
Էկոնոմիկայի նախարարության բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Ժենյա Ազիզյանը մեզ հետ զրույցում եւս հավաստեց, որ ոլորտը ճգնաժամից ապահովագրված չէ: Նրա խոսքերով. «Մենք չենք հերքում, որ «կրիզիսը» կարող է անդրադառնալ ոլորտի վրա, դա էլ հենց պատճառ է հանդիսացել, որ այսօր նախարարությունում հավաք է եղել, որի ընթացքում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել ենք, թե ինչ է սպասվում մեզ արդյունքում եւ ինչ ստրատեգիա է պետք մշակել: Ներկայումս ոլորտը շատ տարաբնույթ վիճակում է: Դա կախված է նրանից, թե ինչ դաշտի է սպասարկում: Եթե, ասենք, նա սպասարկում է մեքենաշինության ոլորտը, եւ «կրիզիսի» հետեւանքով այդ ոլորտը տուժում է, բնականաբար՝ տուժում է նաեւ ինքը: Ես երեկ զրուցել եմ Եռաչափ մոդելավորողների ասոցիացիայի հետ, նրանց գործերը շատ լավ են»: Անդրադառնալով «Լայքս» ընկերությանը, Ժ. Ազիզյանն ասաց. «Այդ 220 հոգանոց կոլեկտիվից 150-ը բարձրակարգ մասնագետներ են, որոնց մենք պարզապես իրավունք չունենք կորցնելու: Որոշել ենք շտապ, կարճ ժամանակամիջոցում լուծում գտնել Հայաստանի «Լայքսի» համար: Կփորձենք այդ շենքը իր բովանդակությամբ պահպանել մի ուրիշ ֆորմատի ներքո»: Ժ. Ազիզյանի հավաստմամբ՝ այսօր դրսում փակվում են այս ոլորտի շատ ընկերություններ, եւ մասնագետներն ուզում են հետ գալ եւ աշխատել Հայաստանում. «Ուրիշի դժբախտության վրա երջանկություն կառուցելը լավ բան չէ, բայց փոքր երկրները գլոբալ «կրիզիսների» ժամանակ շանս են ունենում թռիչք ապրելու: Կարող է ստացվի»: