Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅՓՈՍՏԻ» ՆՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆՆ Է

Նոյեմբեր 29,2008 00:00

Սակայն ընկերության տերը իր նոր բիզնեսի մասին գերադասում է առայժմ չխոսել

Հանս Բոոնի հրաժարականից արդեն 2 շաբաթ է անցել, սակայն պաշտոնապես չի հայտարարվում, թե ով է նրան փոխարինելու: Նշենք, որ «Արմենիա միջազգային օդանավակայանների» սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը ամիսներ առաջ է ստանձնել «Հայփոստի» հավատարմագրային կառավարումը, բայց, չգիտես ինչու, նա այդ գործարքի մանրամասները մինչ այսօր գաղտնի է պահում: Դրա հիմնական պատճառը, ըստ մեր աղբյուրների, այն է, որ Է. Էռնեկյանը պլանավորում է Հանս Բոոնի նախաձեռնած նոր ստեղծվելիք «Փոստբանկը» միավորել իրեն պատկանող մեկ այլ բանկի՝ «Կոնվերսբանկի» հետ, այդպիսով միաժամանակ մատուցելով ե՛ւ ֆինանսական, ե՛ւ փոստային ծառայություններ, իսկ քանի որ, ըստ մեր օրենսդրության, բանկերին չի թույլատրվում ձեռնարկատիրական գործունեություն ծավալել, գործարքի մասին չի բարձրաձայնվում: Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի վերջին Կենտրոնական բանկի խորհուրդը «Արմենիան փոստբանկ» ՓԲԸ-ին արտոնագիր տալու նախնական համաձայնություն արդեն տվել է:

Այս բանկերի միավորման գործընթացը, ըստ մեր աղբյուրների, սկսվելու է մարզերից՝ «Հայփոստի» մարզային մասնաճյուղերը փուլերով են հանձնվելու «Կոնվերսբանկ-Փոստբանկին»: «Առավոտի» տեղեկություններով՝ այս նպատակով աշխատանքից ազատվելու են մարզային բաժանմունքների աշխատակիցների 80%-ը, իսկ ընդհանուր առմամբ՝ «Հայփոստի» մոտ 3000 աշխատակից: Նշենք, որ այժմ փոստում աշխատում է 3500 մարդ: «Հայփոստում» աշխատանքից ազատումները սկսվել են անցած շաբաթվանից («Առավոտն» այդ մասին գրել է 21.11.08), ինչն ընկերությունը կապում է նախաձեռնած բարեփոխումների հետ: «Հայփոստի» կայք-էջից տեղեկացանք, որ ընկերությունում թափուր աշխատատեղեր չկան: «Առավոտի» աղբյուրների հավաստմամբ, «Հայփոստն» արդեն սկսել է աշխատակիցներ հավաքագրել եւ նրանց համար թրեյնինգներ կազմակերպել:

Այս առնչությամբ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության մամուլի քարտուղար Մանուկ Տեր-Ստեփանյանը «Առավոտին» պարզաբանեց, որ իրենք տեղյակ չեն, թե ինչ է կատարվում «Հայփոստում». «Պայմանագիրը կնքում ենք մայր կազմակերպության հետ, ըստ էության՝ մեզ չի հետաքրքրում, թե ով է կազմակերպության սեփականատերը, քանի որ գույքային համակարգի՝ հավատարմագրային կառավարմանը փոխանցման դեպքում ոչ թե սեփականատերն է փոխվում, այլ ընդամենը կառավարման իրավունքն է փոխանցվում: Սա սեփականաշնորհում չէ, այլ պետական սեփականության գույքը կառավարման է հանձնվում մասնավոր օպերատորին»: Խոսելով «Փոստբանկի» մասին՝ Մ. Տեր-Ստեփանյանը ասաց, որ դա լինելու է առանձին բանկ, քանի որ բանկերը, ըստ բանկային գործունեության օրենքի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ չեն կարող զբաղվել:

«Առավոտը» բազմաթիվ դժգոհություններ է ստանում այն մասին, որ մատուցած ծառայությունների համար «Հայփոստի» աշխատակիցները հսկայական գումարներ են գանձում, ինչպես նաեւ բացում են արտերկրից ուղարկված ծանրոցներն ու փաթեթներն ու իրենց սրտի ուզածը յուրացնում, այդ պատճառով էլ որոշակի իրեր, ասենք՝ գումար կամ թանկարժեք հագուստ, այդպես էլ չեն հասնում իրենց հասցեատերերին: Բացի այդ, «Հայփոստի» ոչ մի բաժանմունքի պատին փակցրած չէ, թե որ ծառայության համար որքան գումար պետք է վճարել: 3 կգ-անոց փաթեթը, ասենք, ԱՄՆ ուղարկելու համար մարդիկ պետք է վճարեն 6500-7000 դրամ, բայց եթե փաթեթի քաշն ավելանում է անգամ 3-5 գրամով, ապա պահանջում են վճարել մոտ 20 հազար դրամ, քանի որ աշխատակիցները դա համարում են արդեն ծանրոց: «Հայփոստի» հաճախորդները դժգոհում են, որ այդ 3-5 կամ անգամ 10 գրամները ավելանում են փաթեթավորման հաշվին, քանի որ «Հայփոստում» փաթեթները պատվում են նվազագույնը 500 գրամ թղթով: Այս առնչությամբ «Հայփոստից» «Առավոտին» պարզաբանեցին, որ նմանատիպ արարքներն իրենց կողմից անպայման արժանանում են ուշադրության եւ իրենք կոնկրետ օրինակներով ուսումնասիրում են բոլոր դեպքերը: Ինչ վերաբերում է գնացուցակին, ապա ընկերությունից տեղեկացրին, որ բոլոր ծառայությունների սակագները տեղադրված են «Հայփոստի» կայք-էջում, եւ մեր քաղաքացիները կարող են այնտեղից տեղեկանալ, թե որեւէ երկիր ծրար կամ փաթեթ ուղարկելու համար որքան գումար պետք է վճարեն: Մեր այն դիտարկմանը, որ մեր երկրում ոչ բոլորը կարող են ինտերնետից օգտվել, պատասխանեցին, որ նախատեսվում է առաջիկայում փոստային բաժանմունքներում տեղադրել այդ մասին տեղեկատվությամբ ցուցակներ: Ինչ վերաբերում է «Հայփոստի» սեփականատիրոջ փոփոխությանն ու «Փոստբանկ-Կոնվերսբանկի» ստեղծմանը, «Հայփոստից» պարզաբանեցին, որ իրենց ընկերությունում առայժմ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել