Լրահոս
Օրվա լրահոսը

Արեք այնպես, որ փոշմանենք Ձեզ չընտրելու համար

Նոյեմբեր 29,2008 00:00

Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Պարոն նախագահ, ես չեմ գրում այս նամակը՝ որովհետեւ պահի ազդեցության տակ եմ։ Այն, ինչի մասին ուզում եմ գրել, տարիներով կուտակված հոգու ճիչ է։

20 տարի աշխատել եմ «Պարեն» գիտաարտադրական ընկերությունում, որը գտնվում էր Գորվետկա-4 հասցեում եւ այժմ գոյություն չունի՝ վերածվելով պահեստի՝ Հովիկ Աբրահամյանի «թեթեւ» ձեռքով, ուղիղ վաճառքով, գաղտնի, չնչին գնով վաճառվելով բարեկամին, որն առանց այդ էլ ալրաղացի իրացման բազայի պահեստները սեփականաշնորհել էր եւ համարում էր, որ դա քիչ է։ Մենք՝ աշխատակիցներս, որ մեծամասնությամբ երիտասարդ չենք եւ ոչ էլ թոշակառու, «շպրտվեցինք» դուրս՝ ինչպես հին շոր, հին կոշիկ։

Նոր սեփականատերը, լինելով «Ալիկ-Լաերտ» ՍՊԸ-ի տերը՝ պարոն Ա. Խաչատրյանը, իսկույնեւեթ փակեց մեր առաջ դռները, ասելով, որ տերն ինքն է եւ իր դեմ «խաղ չկա», քանի որ նրա մեջքը, այսինքն՝ ներկայումս Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շատ հզոր է, եւ նրա դեմ «խաղ չկա»:

Հովհարային անջատումների եւ պատերազմի դաժան տարիներին մենք եւ առավելապես՝ ես, գործադրելով նյութական, ֆիզիկական եւ բարոյական գերճիգեր՝ պահեցինք եւ պահպանեցինք հիմնարկը՝ բավականին աշխատատեղեր բացելով մարդկանց համար, բայց, ավա՜ղ, 2005-ին մենք մնացինք անգործ, ստորացված եւ ոտնահարված, զգալով, որ դատարանները՝ իրենց տարբեր ատյաններով, միայն պաշտոնյաների, փողատերերի եւ նրանց մտերիմների շահերը պաշտպանելու համար են ստեղծված։

Գտնելով մի փոքր աշխատանք «Բջնի» հանքային ջրերի գործարանի իրացման բազայում, ականատես լինելով այն ամենին, ինչ տեղի ունեցավ հարկայինի ստուգողների եւ առավել եւս՝ հարկադիրի կողմից, ես սարսափեցի, հերթական անգամ զգալով, որ ժողովուրդը ոչ մի լումայի արժեք չունի։ Եվ եթե որեւէ սեփականատեր լավ հարաբերության մեջ չէ երկրի նախագահի հետ, ապա նրա ողջ ունեցվածքը պետք է քանդվի եւ փակվի։ Այն դեպքում, երբ այդ հիմնարկներում բավական մարդիկ են աշխատում՝ հանապազօրյա հացի համար։ Տեսնելով, թե դիմակներով ու զենքերով մարդիկ ինչպես են շրջապատում եւ ներխուժում «Բջնի» իրացման բազա, այնպիսի տպավորություն էր, որ այդ տարածքում հայտնաբերել էին Բեն Լադենի ապաստարանը եւ շրջափակել, որ վերջապես բռնեն նրան։ Այնքա՛ն ակնհայտ էր, որ սա քաղաքական պատվեր է ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի, որի «մեղքն» այն է, որ նա սատարում է Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Իսկ մեր մեղքն այն է, որ աշխատում էինք նրա մոտ եւ այժմ ձմեռնամուտին մնացինք անաշխատանք։ Պատկերացրեք, որ այս բազայում աշխատում էին նորավարտ երիտասարդներ, որոնք մնացել էին սարսափած այս տեսարանից։ Ամերիկայի նորընտիր նախագահ Օբաման կարո՞ղ է՝ թողնելով Ամերիկայի խոր ֆինանսական ճգնաժամը, ընկնել իր հակառակորդի ընտրողների ետեւից, որոնք, ի դեպ, քիչ չէին, եւ հաշվեհարդար տեսնելով՝ զրկել նրանց սեփականությունից:

Պարոն նախագահ, այս պարագայում անձամբ ինձ համար նշանակություն չունի՝ Դուք օրինակա՞ն եք ընտրվել, թե՞ ոչ։ Կայացած փաստն այն է, որ Հայաստան երկրի ղեկավարն եք եւ պետք է բարձր կանգնեք այնպիսի զգացումից, ինչպիսին հաշվեհարդարն է։ Դուք արդեն պետք է լինեք բոլորի նախագահը: Բոլորս էլ ուզում ենք ապրել արժանապատվորեն՝ մեր իսկ սեփական երկրում եւ քաղաքում, որտեղ ծնվել ենք՝ չլքելով այն: Ուրեմն՝ ստեղծեք այնպիսի պայմաններ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր գնում էին հանրահավաքների եւ երթերի՝ ընդդեմ Ձեր ընտրվելու, ի դեպ, նրանք քիչ չէին, փոշմանեն իրենց արածի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել