Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍՏԱՄՅԱՆ, ԿԱՆԱՆԱԴԱ՛

Նոյեմբեր 29,2008 00:00

\"\"Ըստ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի՝ ինքը հուշում էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչին, որ նա խոսի ազատագրված 7 «գավառների» մասին, սակայն
նա լռում էր:

Հայ ազգային կոնգրեսը չի ընդունում, որ Սերժ Սարգսյանն օրինականորեն ընտրված նախագահ է, սակայն Հայաստանի մարքսիստական կուսակցությունը՝ լինելով ՀԱԿ-ի անդամ, մասնակցեց նոյեմբերի 20-ին Սերժ Սարգսյանի հրավիրած քննարկմանը: Մեր խնդրանքով անդրադառնալով այս հակասությանը՝ Դավիթ Հակոբյանն ասաց. «Աշխարհի նախագահների շուրջ 75%-ը լեգիտիմության խնդիր ունի՝ ուզում եք ԱՄՆ-ն վերցրեք, ուզում եք՝ Պակիստանը, ուզում եք՝ արեւմտյան դեմոկրատիայի ֆլագման երկրները: Այնպես որ՝ լեգիտիմության եւ ոչ լեգիտիմության շահատակությունների էտապը հասարակությունն ինքն արդեն փակել է: Արդեն անցել է ընտրական արդյունքների շահատակությունների էյֆորիան, մորալնո-պսիխոլոգիչեսկի կուլմինացիան»:

Գլխավոր մարքսիստը մի դրվագ պատմեց այդ քննարկումից. «Նախագահի շքախմբից որոշ հիմարիկ ուղեղիկներ մատուցել էին Սերժ Սարգսյանին, եւ նա կիսահեգնական տոնով ասաց, թե այստեղ 48 կուսակցություններ են՝ էլ ի՜նչ ընդդիմություն, 15-20 հազարանոց ընդդիմությունն ի՞նչ ընդդիմություն է: Նրա այդ արտահայտության պատասխանը կտամ հիմա: Եթե ընտրական արդյունքների շահատակությունների էտապն արդեն անցավ՝ այո՛, կարող է ընդդիմությունը լեգիտիմության այդ շահատակությունների առիթով անգամ մի քանի մարդ հավաքել, բայց երբ խոսքը 7 ազատագրված գավառները դիվանագիտական աճուրդի սեղանին դնելու մասին է՝ ընդդիմությունը ոչ թե 15-20 հազար, այլ կես միլիոն մարդ կարող է հավաքել: Դա ժողովրդի հետ իմ հանդիպումների, հետազոտությունների արդյունքն է: Այնպես որ՝ նրանց թյուր կարծիքը, թե քանի որ այդտեղ էին իշխանամետ կոհորտայի 47 սուբյեկտները՝ մնացածը ոչինչ են՝ կատարյալ մանկամտություն եւ միամտություն է»:

Դավիթ Հակոբյանը նշեց, թե այդ քննարկմանը գնացել էր ոչ թե արցախյան հիմնահարցի կապակցությամբ մեղադրանքներ ուղղելու՝ «էդ էտապն անցել է, այլ օգնելու, որ հոգեբանական, դիվանագիտական ճգնաժամից դուրս գանք: Այսինքն՝ ալտերնատիվ ուղիներ նշելու, դիվանագիտությանը նոր շունչ հաղորդելու համար: Մանավանդ որ՝ ես ո՛չ ՀԱԿ-ի փոխզիջումային, չափավոր դոկտրինայի կողմնակիցն եմ, ո՛չ էլ իշխանության՝ ծայրահեղ զիջումների կողմնակիցը: Ես ունեմ իմ արմատական դոկտրինան, որը պարտավոր էի մատուցել: Այնպես որ՝ ինչքան էլ ոռնահաչեն, թե ես Լեւոն Ակոպիչին եւ նրա շքախմբին դավաճանել եմ՝ ես օֆիցիալ հայտարարում եմ, որ Լեւոն Ակոպիչը եղել եւ մնում է իմ դաշնակիցը: Որոշ մարդիկ ուզում են իմ եւ Լեւոն Ակոպիչի միջեւ սեպ խրել, բայց ոչ մեկին դա բացարձա՛կ չի հաջողվի: Նա ինձ համար մեծություն է՝ կանգնած Ալեքսանդր Մյասնիկյանի կողքին: Եթե Մյասնիկյանը դաշնակներից ընդունեց 15 հազար քառ. կմ եւ Հայաստանը սարքեց 30 հազար՝ Լեւոն Ակոպիչն այդ 30 հազարը սարքեց 45 հազար: Եվ սերունդները նրան այդպե՛ս կհիշեն: Ավելին՝ նա պետական հեղաշրջման ժամանակ առանց արյուն թափելու հանձնեց ղեկը: Իսկ ընդհանրապես՝ 1996-ի պառլամենտական գրոհի մասնակիցներին չպատժելու նրա կեսարյան մեծահոգությունն անզուգական է՝ երբ համեմատության մեջ ենք դնում այսօրվա պատժիչ ապարատի հետ: Թեպետ այդ 47-ի մեջ էին այն մարդիկ, որոնք 1996-ի պառլամենտի գրոհից հետո մկան ծակին օխտը թուման էին տալիս»:

Գլխավոր մարքսիստն այդ քննարկումը գնահատեց այսպես. «Ազգային 40 բրուտոսների արքայական պարահանդես: Այդ կուսակցությունների ղեկավարները եկել էին ոչ թե դիվանագիտությանը թափ տալու, փարթամացնելու դիվանագիտական միտքը՝ ստեղծագործական մի նոր ալտերնատիվ ճանապարհ առաջարկելու, այլ նրանց ելույթներից տպավորություն էր, որ ուղղակի եկել էին դաբրո տալու նրան, ինչ 1998-ից Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Ազատիչը նույնությամբ մատուցում են՝ Ղարաբաղը մի ցամաքային սահմանով կպցնել Հայաստանին, որպես իբր ինքնորոշում: Միտումը դա էր, եւ դա ինձ համար վրդովեցուցիչ է»:

Նա մանրամասն վերապատմեց իր ելույթը, թե ինչ է առաջարկել քննարկման ժամանակ. «Ելույթս ավարտեցի այսպես՝ ռուսերեն, որ ռուսները լավ հասկանան. իլի նացիոնալնայա նովայա դոկտրինա՝ դլյա ռեշենիա արցախսկոգո ֆունդամենտալնոգա վապրոսա, դիպլոմատիա պրինցիպիալնո նովոգո տիպա, իլի նովոգո գոսուդարյա՛: Վիբիրայտե սամի՝ գոսպոդա խորոշիյե, լիբերալնիե պրոֆեսորա»: Իր պնդմամբ՝ «Այնտեղ արդեն ծափահարությունների էյֆորիա էր սկսվում իմ ելույթից հետո»:

Սակայն մեջբերենք միայն, թե Սերժ Սարգսյանն ինչպես էր արձագանքել Դավիթ Հակոբյանի առաջարկներին. «Ես նրան ասացի՝ մեծարգո նախագահ, Ձեր արտգործնախարարը բանի պետք չէ, պիտանի չէ: Ա պոսլա վ Ռոսիի՝ պռոստո ուբռած: Ասացի՝ պարոն նախագահ, դուք չունեք դիվանագիտական ուղեղների շքախումբ: Լռություն՝ չարձագանքեց: Ոչ մի դիտողություն չարեց ԱԳ նախարարի եւ դեսպանի մասին ասածներիս: Ասացի՝ հարկավոր է արցախյան հիմնահարցի լուծման դիվանագիտական նոր դպրոց, քաղաքական դիվանագիտությունից պլավնի անցում կատարել ռազմական դիվանագիտության, պաշտպանողականից՝ հարձակողական ոճի դիվանագիտության, ձեւավորել դիվանագիտական ուղեղների նոր շքախումբ: Ոչ մի պատասխան չտվեց: Միայն երբ ելույթս ավարտեցի՝ կշտամբեց ռուս դիվանագիտության մասին ասածիս կապակցությամբ»: Սերժ Սարգսյանի այդ ռեպլիկը՝ պրն Հակոբյանի փոխանցմամբ, արդեն հրապարակել ենք:

«Գաղտնի դիվանագիտությունը համարվում է պետական հանցագործություն: Իսկ ինքն ասում էր՝ ես հո ամեն մի դիվանագիտական քայլի համար չե՞մ հարցնելու ձեզ,- դժգոհեց Մարքսիստական կուսակցության նախագահը:- 47 կուսակցությունների ղեկավարներից ոչ մեկը չհամարձակվեց «7 գավառների աճուրդ» բառակապակցությունն ասել՝ բացի ինձնից»: Մեր տարակուսանքին ի պատասխան՝ բա Դաշնակցությո՞ւնը, պրն Հակոբյանը հեգնալից փռթկացրեց. «Հիմա Դաշնակցության երգը երգենք: Ժողովից առաջ հանդիպեցի Ռուստամյանին: Ասում եմ՝ Ռուստամյան, կանանադա՛, ոչ մի թիզ հող, ես ձեզ պադձերժկա եմ անում: Ասում է՝ հա, պրն Հակոբյան: Ինձնից հետո ելույթ ունեցավ ու մի քանի անգամ կրկնեց, թե մենք պահանջում ենք Ղարաբաղի անվտանգության երաշխիքներ: Ես կողքից հա՛ ասում եմ՝ 7 գավառնե՛րը, հիմնական ուդառը ըտեղ ա, մեխը սա է՝ 7 գավառներն աճուրդի չհանեն: Բայց ոչինչ չասեց: Էնքա՜ն կրկնեց էդ՝ մենք պահանջում ենք անվտանգության երաշխիքներ, որ Ազատիչի համբերության բաժակը լցվեց: Եվ սա պատմական դրվագ էր՝ հարցրեց. «Արա, Արմեն, բա դու մեր սայուզնիկը չե՞ս»: Վսյո սկազանո, այսինքն՝ ինձնով քաղաքական գռդոններ եք անում ու հլա մի հատ էլ ուզում եք հաթաթա՞ տաք: Սա է նրա հարցի իմ մեկնաբանությունը: Ահա դաշնակների դուալիստական քաղաքական կերպարը, որի արտասուքներին ես երբե՛ք չեմ հավատացել»:

Հ. Գ. Այսօր Դավիթ Հակոբյանի ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում ենք նրան: Ուրիշ էլ ի՞նչ օր՝ եթե ոչ Հայաստանի խորհրդայնացման տարեդարձին, կարող էր ծնվել իսկական մարքսիստը: Ընդ որում՝ պրն Հակոբյանի պնդմամբ, ինքը ծնվել է հենց ժամը 11-ին, երբ Կարմիր բանակը մտել էր Երեւան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել