Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՑ

Նոյեմբեր 29,2008 00:00

Երեկ առավոտյան, ժամը 9-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանները փակել են Եռաբլուր տանող ճանապարհները եւ այդ պահին այնտեղ գտնվող եռօրյա նախազգուշական հացադուլ հայտարարած ակցիայի մասնակիցներին հրահանգել են անհապաղ դադարեցնել ակցիան ու հեռանալ Եռաբլուրից: Համոզվելով, որ իրենց հորդորներն անօգուտ են, ոստիկանները եւ կարմիր բերետավորները դիմել են ուժային մեթոդների՝ քաշքշելով եւ հրմշտելով՝ 10 հացադուլավորներին իջեցրել են եկեղեցու տարածքից: Հացադուլավորները երեկ ակցիան շարունակում էին հենց Եռաբլուր տանող աստիճանների մոտ: Իսկ երեք տասնյակից ավելի ոստիկաններն ամբողջ օրվա ընթացքում հսկում էին նրանց: Ակցիայի մասնակիցներից Մերուժան Հարությունյանն «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ մի քանի բարձրաստիճան ոստիկաններ, որոնց անունները հայտնի պատճառներով չցանկացավ հրապարակել, իրենց ասել են, իբր՝ «Վերեւից մեզ շատ են ճնշում, որ այս ակցիան դադարեցնենք ու ձեզ տուն ուղարկենք, այլապես՝ սպառնում են մեզ աշխատանքից ազատել»: Բարձրաստիճան ոստիկանների հետ զրույցից, որի մանրամասները մեր զրուցակիցը ձեռնպահ մնաց բացահայտելուց, ազատամարտիկները եկել են այն համոզման, որ իշխանության վերին օղակներում ազատագրված տարածքները վերադարձնելու որոշում արդեն կա: Հիշեցնենք, որ հացադուլի պահանջներն են՝ ոչ մի թիզ հող թշնամուն եւ ազատություն քաղբանտարկյալներին: Մերուժան Հարությունյանի տեղեկացմամբ, առավոտվա միջադեպից հետո հացադուլավորներին է այցելել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, զրուցել է ոստիկանների հետ, սակայն, ըստ հացադուլավորների՝ «ոչինչ անել չի կարողացել», հեռացել է: Չի բացառվում, որ ուժի կիրառման արդյունքում նախնական նախազգուշական եռօրյա հացադուլի ժամկետը ավելի երկարի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել