Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավիճակային լուծումներ

Նոյեմբեր 29,2008 00:00

Երեկ հայրենի արդարադատությունը երկու «անակնկալ» մատուցեց: Նախ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարեց ԱԺ պատգամավոր, «Սիլ» կոնցեռնի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Պիցցա դի Ռոմա» ՍՊԸ-ի գանձապահ Անուշ Ղավալյանի պաշտպան, փաստաբան Արա Զոհրաբյանի վճռաբեկ բողոքը եւ այն վերադարձրեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ լրացուցիչ քննության:

Հիշյալ բողոքով Ա. Զոհրաբյանը պահանջել էր բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008թ. հուլիսի 1-ի որոշումը, որով դատարանը առանց քննության էր թողել փաստաբանի՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ավելի վաղ բերված բողոքը: Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր փոխել Ա. Ղավալյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը: Այդ ընթացքում Ա. Ղավալյանի գործը մտել էր դատարան, եւ նոյեմբերի 6-ին Երեւանի քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանը, նկատի ունենալով Ա. Ղավալյանի վիճակը, բավարարել էր նրա պաշտպանի միջնորդությունը եւ խափանման միջոց կալանքը փոխարինել էր գրավով: Թե հիմա ընդհանուր իրավասության դատարանը ինչը պիտի քննարկի, եթե Ա. Ղավալյանը, այսպես, թե այնպես, արդեն ազատության մեջ է, որովհետեւ նրա խափանման միջոցն է միանգամայն օրինական ճանապարհով փոխվել, հասկանալի չէ:

Մյուս որոշումը, որը դարձյալ երեկ կայացրել է վճռաբեկ դատարանը, վերաբերում է Մասիսի գումարտակի հրամանատար, ԵԿՄ անդամ, արցախյան պատերազմի մասնակից Հուսիկ Բաղդասարյանին: Վճռաբեկը քննության առնելով նրա պաշտպան Վարդան Զուռնաչյանի բողոքը, որոշել է Հ. Բաղդասարյանի նկատմամբ ազատազրկումը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան՝ երկու տարի ժամկետով: Հ. Բաղդասարյանը ձերբակալվել էր փետրվարի 26-ին՝ իբր «ապօրինի զենք-զինամթերք», իսկ իրականում’ 16 միանգամայն օրինական փամփուշտ պահելու մեղադրանքով, դատապարտվել էր՝ 3, իսկ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ 2 տարի ազատազրկման:

«Առավոտի» հետ զրույցում պարզվեց, որ Հ. Բաղդասարյանը այնքան էլ ոգեւորված չէ այդ որոշումից: Նա սպասում էր արդարացման վճռի: Նրա համոզմամբ, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի այցելության ֆոնի վրա իր նկատմամբ կայացրած այս որոշումը խնդրի յուրատեսակ լուծում էր ոչ թե իր, այլ՝ իշխանությունների համար: Դա, Հ. Բաղդասարյանի ասելով, ընդամենը իրավիճակային լուծում է: Իսկ ապագայում, նկատի ունենալով այն, որ իր նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու հեռանկարը հայաստանյան դատական բոլոր ատյաններում արդեն սպառված է, Հ. Բաղդասարյանը մտադիր է դիմել արդեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իսկ առայժմ Հ. Բաղդասարյանը մի ցանկություն ունի՝ ազատության մեջ տեսնել իր բոլոր զինակից-ընկերներին: «Լավ կլիներ, որ մեր բոլորիս ազատ արձակումը միաժամանակ լիներ»,- ասաց ազատամարտիկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել