Լրահոս
Օրվա լրահոսը

Չլինել ռոբոտ, աշխատել մտքով եւ սրտով

Նոյեմբեր 29,2008 00:00

Այսպես է մտածում ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը

Ազգային ժողովի նախկին նախագահ, այժմ անկախ եւ անկուսակցական պատգամավոր Տիգրան Թորոսյանը Մամուլի ազգային ակումբում երեկ հայտարարեց, որ որեւէ արագացում կամ էական փոփոխություն ղարաբաղյան հիմնախնդրի լուծման մեջ’ մոտ ժամանակներս չի լինելու:

Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին կայացած Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումը Ազգային ժողովի նախկին խոսնակը որակեց «որեւէ էական նշանակություն չունեցող»: Լրագրողները մամուլի ասուլիսից հետո քննարկելով նախկին խոսնակի նմանատիպ արտահայտությունները, մի բանում համակարծիք էին՝ նույնի մասին պարոն Թորոսյանը պաշտոնյա եղած ժամանակ կխոսեր շատ ավելի հարուստ բառապաշարով եւ գովեստով: Եզրակացությունը ծնվեց ինքնըստինքյան եւ կրկնեց դասականին՝ կեցությունն է որոշում գիտակցությունը: Վերադառնալով ասուլիսին՝ ասենք, որ, Տիգրան Թորոսյանի կարծիքով. «Ցավալի է մեկ բան, որ ղարաբաղյան խնդրի հետ կապված՝ բոլորը ինչ-որ ակտիվություն են ցուցաբերում, բոլորը ինչ-որ բաներ են առաջարկում՝ բացի փորձագետներից, մասնագետներից: Սա մտահոգիչ է»: Քանի որ նախագահի հրավիրած քննարկմանը մասնակցում էր շուրջ 50 կուսակցություն, պարոն Թորոսյանը նկատեց. «Խնդրեք որեւէ մեկին՝ լրագրողի, քաղաքական գործչի, Հայաստանի Հանրապետության պատահական քաղաքացու՝ 10 կուսակցության անունից ավելի չի կարող գրել թղթի վրա: Սա ցույց է տալիս մի բան, որ այդ պարզապես գրանցում ունեցող կուսակցությունները ոչ միայն որեւէ ազդեցություն չունեն հասարակության մեջ, այլեւ դրանց հետ ընդհանրապես խոսելու կարիք էլ չկա երկրի ճակատագրի հետ կապված նման լուրջ հարցերում: Բայց հանդիպումը վնասակար էլ չէր»:

Լրագրողները հարցեր ունեին նաեւ ներքաղաքական որոշ խնդիրների վերաբերյալ: Տիգրան Թորոսյանն անդրադարձավ Գալուստ Սահակյանի եւ երեք հանրապետական պատգամավորների այն հայտարարությանը, թե ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու քայլը Թորոսյանի էմոցիոնալ լինելու հետեւանքն է: Տիգրան Թորոսյանը գտնում է, որ մարդիկ ռոբոտ չեն, ուստի պետք է աշխատեն եւ սրտով, եւ մտքով: «Սա նորմալ մարդու պահվածք է»,- ասում է նա եւ նկատում, որ 4-5 ամիս գործընթացը շարունակվում էր, եւ անգամ ամենաէմոցիոնալ մարդն այդ ընթացքում կարող էր հանգիստ կշռադատել եւ որոշում ընդունել. «Իսկ այդ հայտարարությունները մեկ բանի հետեւանք էին. մարդիկ բան չունեին ասելու, դա ասացին»:

Լրագրողները պարոն Թորոսյանին նաեւ հարցրին՝’ նա եղե՞լ է մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի ձեւավորած օպերատիվ շտաբի անդամ եւ տեղյա՞կ է, թե ով է տվել ցուցարարների վրա կրակելու հրամանը: Տիգրան Թորոսյանը հերքեց իր անդամակցությունը այդ շտաբին: Նրա կարծիքով, ցուցարարների վրա կրակելու հրամանը տվողին բացահայտելու համար «պետք է դիմել մարդկանց, ովքեր տեղյակ են, ովքեր ի պաշտոնե պետք է լինեին տեղյակ»: Ըստ Տ. Թորոսյանի, Ազգային ժողովը մարտի 1-ի իրադարձությունների հետ ընդամենը մեկ առնչություն ունի՝ գիշերը հրավիրվել է հատուկ նիստ, որը քննարկել է արտակարգ դրություն մտցնելու մասին նախագահի հրամանագիրը հաստատելու հարցը: Չորս պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելը Տիգրան Թորոսյանը հիմա էլ ճիշտ է համարում եւ գտնում է, որ խորհրդարանն այդպիսով նախաքննության մարմնին հնարավորություն է տվել պարզել՝ մեղավո՞ր են, արդյոք, պատգամավորները, թե՞ ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել