Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ «ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՎԱԽԵՆԱԼՈՒ» ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ

Նոյեմբեր 29,2008 00:00

\"\"

Ալբերտ Բաղդասարյանը սպառնում է զարմացնել Գալուստ Սահակյանին

«Հայաստանի զարգացման տրամաբանության մեջ ամբողջությամբ տեղավորվող քայլ՝ քաղբանտարկյալների առկայության պայմաններում դեմոկրատիայի փայլուն դրսեւորում»,- այսպես է բնութագրում Ալբերտ Բաղդասարյանը նախագահի հրավերով կայացած ԼՂՀ հարցով կուսակցությունների խորհրդակցությունը: Նա հիշեցնում է, որ նման հավաքներ լինում էին նաեւ 1995, 96, 97 թվականներին, որոնց ժամանակ էլ «դաբրո» էր տրվում չիմացած բաներին: «Երբ անհատը կամ լիդերը դադարում է ինքնուրույն մտածելուց, եւ նրա աչքերում տեսնում ես, որ ինքն իրեն արդեն գործոն չի համարում՝ լինի դա «Ղարաբաղ» կոմիտեի լիդերներից մեկը (նկատի ունի Վազգեն Մանուկյանին- Ն. Գ.) կամ մեր շատ սիրելի Արշակ Սադոյանը, երբ անձը կարեւորում է իր անձնական խնդիրները՝ դա տպվում է նրա դեմքին: Այդ ժամանակ բաժանվում ենք բանակների եւ պայքարից օտարացող ժողովրդի»: Այս իրավիճակը մեղմելու համար մեր զրուցակիցը կոչ է անում դադարեցնել 1994-ից հիմնավորված քաղաքական հետապնդումները. «Ժամանակին Հուսիկ Բաղդասարյանին տարբեր կոչումներ են տվել, անձնական զենք են նվիրել, հիմա դատել չորս փամփուշտի համար ու բացատրել, որ դա ապօրինի է՝ Համմարբերգը գուցե թե ընդունի, որ դա լուրջ է, մյուս եվրոպացիներն էլ ավելի ոգեւորեն, որ զիջումները ավելի շատ լինեն եւ խաղաղություն ավելի շուտ հաստատվի, բայց մենք հո հասկանում ենք, որ այդպես չէ»:

Ի հեճուկս իշխանական ճամբարից անընդհատ հնչող տեսակետի, թե մայնդորֆյան Հռչակագրի կարեւոր բաղադրիչներից մեկը հաստատումն էր, որ ԼՂՀ հարցը պետք է լուծվի ոչ ռազմական ճանապարհով՝ Ալբերտ Բաղդասարյանը համոզված է. «Մայնդորֆյան Հռչակագիրը որեւէ կերպ չմոտեցրեց ԼՂՀ հարցի խաղաղ լուծմանը»: Ըստ նրա էլ՝ դա Կովկասում Ռուսաստանի ազդեցության ցուցադրումն էր եւ լավագույնս օգտագործվում է պրոպագանդիստական նպատակներով: «Հռչակագրում անորոշ ձեւակերպումներ են, որոնք ցանկացած մեկը կմեկնաբանի այնպես, ինչպես իրեն ձեռնտու է, եւ անհրաժեշտության դեպքում կարող է քայլեր կատարել՝ հիմնվելով այդ Հռչակագրի վրա»,- ասում է մեր զրուցակիցը, որի կարծիքով՝ ԼՂՀ հարցի լուծման համար Հայաստանի խնդիրը պետք է լինի համակցել հարցի լուծման բոլոր՝ իրավական, քաղաքական, տնտեսական եւ այլ ուղղությունները:

Պարոն Բաղդասարյանը ըմբոստանում է ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունների՝ «պատերազմից վախենալու հոգեբանության» դեմ եւ հեգնում. «Եթե այդպես էր, ուրեմն 88-ին հանուն խաղաղության սկսեինք զիջումներ անել: Այդ հոգեբանությամբ ինչպես «Պատերազմ եւ խաղաղություն» հոդվածը գրվեց, հիմա խոսվում է յոթ շրջանների զիջման մասին, հետո պիտի խոսվի Շուշիի՞, Ստեփանակերտի՞ մասին: Եթե մենք այսքանը չենք հասկանում ու չենք հասկանում, որ ԼՂՀ հարցի լուծման բանալին Հայաստանի ներսում է,… ամեն մի «մայնդորֆյան» փաստաթուղթ, որտեղ հստակություն չկա, ավելի շատ է մոտեցնում պատերազմի: Այդ ի՞նչ փաստաթուղթ էր, որից հետո Ադրբեջանն ավելացնում է իր ռազմական բյուջեն եւ շարունակում է հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով: Ի՞նչ ենք մենք հակադրում դրան: Խաղաղության քարոզները եւ բողոքնե՞րը՝ «մեծ ձյաձյաներին»: Մինչդեռ, պիտի խաղաղությունն օգտագործեինք պատերազմին պատրաստվելու համար: «Բջնին» փակելով, մոնոպոլիաներով, օլիգարխներով ռազմական ռեսուրս չես ստեղծի: Խաղաղության մասին դատարկ խոսքերը մի օր կբախվեն դառը իրականության հետ՝ ինչքան միավոր ռազմական տեխնիկա, ինչ դաշնակից երկրներ ունես, որոնք հավանական կոնֆլիկտի ժամանակ կողքիդ կլինեն: Բաժակաճառային մակարդակով ամեն օր աշխարհի խաղաղության կենացը խմում ենք, բայց դա միայն ցանկություն է, որովհետեւ խաղաղությունը վաստակում են՝ քաղաքական, տնտեսական եւ այլ բաղադրիչների համադրմամբ: Եթե այս ամենը չենք հասկանում՝ կգնանք Ադրբեջանի՝ տարածքային անհագուրդ ցանկությունների բավարարմանը: «Ոչ մի թիզ հող» ցանկությամբ էլ հարցի լուծմանը չենք նպաստելու: Եթե Հայաստանում 99-ից քիչ են այդ թեզի կողմնակիցները եւ պահանջում են գոնե իրենց իրավունքների պաշտպանություն՝ համոզված եղեք, որ շատ արագ Ղարաբաղը կզիջենք: Ցանկությունների դաշտից պետք է դուրս գանք»:

Ալբերտ Բաղդասարյանը միանգամայն համամիտ է Ստեփան Գրիգորյանի հետ՝ «ՌԴ-ին, ի վերջո, պետք է հասկացնենք, որ եթե ուզում է Ադրբեջանի հետ իր հարցերը լուծել, թող իր հաշվին լուծի: ԱՄՆ-ը Անդրկովկասում իր տարանցիկ ուղիների անվտանգությունն է ուզում՝ Հայաստանի հաշվին չի կարող դա ստանալ»: Ուստի, մենք մեզանից արժեք պետք է ներկայացնենք. «Պատմությունը ցույց է տալիս, որ միշտ տուժել ենք, երբ թղթե շերեփով փորձել ենք մեր շահերն ապահովել: Եթե սա մեզ մտածելու տեղիք չի տալիս, ուրեմն դատապարտված ենք կրկին բավականին շատ պատմական հերոսներ ունենալու եւ հպարտանալու գեթ Հայաստանի տարածքը պահպանելով: Ես կարող եմ այնպես գեղեցիկ ապագա նկարագրել Հայաստանի համար այս կամ այն երկրի թեւի տակ, որ Գալուստ Սահակյանը նախանձի, բայց ազգերի մրցակցությունը շատ դաժան իրողություն է, որի արդյունքում նույնիսկ կայսրություններ են ոչնչացել: Իրար վրա կրակելով եւ միասնության կոչեր անելով՝ իրար չեն սիրում: Մինչեւ չստեղծենք պետություն, որը հայի համար հայրենիք լինի՝ ապագա ունենալ չենք կարող»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել