Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՐՈՐԴ ԿԻՆՈԴԻՏՈՒՄ «ՄԱՐՏԻ 1»-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

Նոյեմբեր 29,2008 00:00

«Հանրությանն անհայտ մի խումբ քաղաքացիներ» օրեր առաջ հանձնաժողովին են հանձնել մարտի 1-ի հերթական տեսաֆիլմը, որը հիմնված էր ԱԱԾ-ի կողմից կատարված գաղտնալսումների վրա:

«Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը եթե իր գործունեության ավարտից հետո պարծենալու որեւէ բան չգտնի, կարող է գոնե հպարտությամբ արձանագրել, որ իր գործունեության ընթացքում հասցրեց դիտել «մարտի 1»-ի մասին երկու ճամբարներում գործող մերօրյա «ֆելինիների» նկարած տեսաֆիլմերը: Հանձնաժողովի երեկվա նիստը վերածվեց իշխանությունների պատրաստած ԱԱԾ-ի ու ոստիկանության նյութերի (գաղտնալսումների, օպերատիվ նկարահանումների) հիման վրա նկարահանված DVD-ի «հրապարակման»: Այդ «կոնտր-տեսաֆիլմում» դեպքերը եւ դեմքերը ներկայացված էին ընդդիմության նկարած ֆիլմից տրամագծորեն տարբերվող պատկերներով եւ մեկնաբանություններով:

ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը դիտումից հետո կարծիք հայտնեց, թե տպավորություն ունի, որ մարտի 1-ի դեպքերի ընթացքում «ոստիկանությունը իրականում չի վարել բանակցություններ այն մարդկանց հետ, ում հետ պիտի վարեր»: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը այստեղ «օգնության հասավ» ոստիկանությանը. «Բայց ոստիկանությունը ի՞նչ իմանար, թե ում հետ պետք է վարել, նա վարել է բոլոր նրանց հետ, ում տեսել է»: Արծվիկ Մինասյանը չերկնչեց. «Լավ, դուք միանգամից վրա տվեցիք, բայց շատ պարզ բան կա՝ եթե գաղտնալսում է իրականացվել, ուրեմն կարելի էր դա այն ժամանակ իմանալ»: Սա առաջացրեց նիստին մասնակից լրագրողների եւ հանձնաժողովականների ծիծաղը: Ինչ-որ մեկն անգամ ծափահարեց:

ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը նկատելով, որ տեսաֆիլմում հնչող գաղտնալսման մեջ հստակ ասվում է, որ ոստիկանությունը 6.30-ին պատրաստվում է հարձակվել Ազատության հրապարակի ցուցարարների վրա, հարց տվեց. «Գիտեին, որ այնտեղ զենք ու զինամթերք կա, ուրեմն ինչո՞ւ ոստիկանները գնացին Ազատության հրապարակ առանց հատուկ միջոցների, ինչպես իրենք են պնդում»: Ոստիկանությանը դարձյալ «սատարեց» Սամվել Նիկոյանը. «Ես այս պահին չեմ կարող ասել, թե օպերացիա իրականացնողը եւ գաղտնալսողը ինչպիսի՞ կապի մեջ են եղել, դա ճշտելու հարց է»։ Կինոդիտումից հետո «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, հիշեցնելով Թոմաս Համմարբերգի քննադատությունը գաղտնալսումները հրապարակելու վերաբերյալ, հարցրեց՝’ մի՞թե այս գաղտնալսումները հրապարակելով, հանձնաժողովը հերթական անգամ չի խախտում մարդու իրավունքները, նկատի ունենալով, որ ընդդիմադիր գործիչների «բացահայտած» գաղտնալսումներում հնչում են հայհոյանքներ նաեւ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանի հասցեին, որը, ըստ ընդդիմադիրների գաղտնալսված զրույցի, փորձել է ցուցարարներին տեղափոխել այլ հրապարակ: Ի պատասխան Սամվել Նիկոյանը հիշեցրեց միայն. «Մեր աշխատանքը հրապարակային է՝ որպեսզի վաղը հանձնաժողովի հրապարակվելիք եզրակացությունը հասարակության մեջ ընկալում գտնի: Եթե կան անվայելուչ արտահայտություններ, դրանք արդեն հրապարակային են, դրանք թերթում տպվել են, որեւէ նորություն չկա, ես չունեի տեխնիկական միջոց, որ այդ անվայելուչ բառերը հանեի»:

Հանձնաժողովի նախագահը ամփոփելով տեսաֆիլմի գլխավոր «լեյտմոտիվները»՝ կարեւորեց երեք բան. «ինքնաբո՞ւխ էր արդյոք հանրահավաքը, ո՞վ է թալանել խանութները, եւ երրորդը՝ փորձ է արվում հնչեցնել, որ իրադարձությունները Գրիգոր Լուսավորչի փողոց, Մաշտոցի պողոտա’ մինչեւ Լեոյի փողոցի սկիզբը ոչ թե զուտ զանգվածային, չկազմակերպված անկարգություն էր, այլ՝ վերահսկվող»: Մինչ հանձնաժողովի նախագահը մոտ 20 րոպեանոց ֆիլմից սա էր առանձնացրել, հանձնաժողովականները այլ հարցեր էին հնչեցնում: Ի դեպ, հենց տեղում պարզվեց, որ արդեն հանձնաժողովում են գտնվում նաեւ ընդդիմադիր գործիչների բոլոր հեռախոսազրույցների գաղտնալսումների սղագրությունն ու ձայնագրությունները: Արամ Հարությունյանը ցանկացավ պարզել, թե գաղտնալսման ձայնագրությունները ինչպե՞ս են հայտնվել տվյալ տեսաֆիլմը նկարած կամ տարածած քաղաքացիների մոտ: ԱԺՄ ներկայացուցիչը ուզեց հստակեցնել՝ երբ գաղտնալսման մեջ Ալիկ Արզումանյանին հայտնում են, որ մեքենաներ են այրվում, «դա նշանակում է տեղեկացնե՞լ, թե՞ զեկուցել, այ, այդ պահը կարեւոր է, իրավապահ մարմիններից պետք է ստանալ ավելի ռեալ ինֆորմացիա այս հարցում»: Գուրգեն Արսենյանը առաջարկեց տեքստը կարդացողի մեկնաբանությունները ուշադրության չարժանացնել, քանի որ’ «հնարավոր է խմբագիրը շահագրգիռ մարդ է, որը ուզում է հանձնաժողովին շեղել»: Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ իրենք, ինչպես եւ ընդդիմության ներկայացրած ժապավենի դեպքում, գործ ունեն գեղարվեստորեն սարքած ֆիլմի հետ, եւ դա չի կարող հիմք դառնալ լուրջ քննարկման համար՝ ճիշտ կլինի պարզապես լսել գաղտնալսումների բնօրինակները: Սարգիս Մուրադխանյանը եւս այն կարծիքին էր, որ կարիք չկա քննարկել այս տեսաֆիլմը:

Բայց իրականում հանձնաժողովականները լավ էլ քննարկեցին եւ ցուցադրեցին ֆիլմը բոլոր «պատասխանատու» տեսախցիկների առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել