Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԼՂ ՉԵՆ ԿԱՐՈՂ

Նոյեմբեր 28,2008 00:00

Ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսովը երեկ, պատասխանելով «Առավոտին», պնդեց, որ Ադրբեջանում երբեւէ չեն համակերպվի այն մտքի հետ, որ Ղարաբաղը կարող է անկախ լինել: Ամեն ինչ այնտեղ պայմանավորում են ԼՂ-ով. «Պրոիսլամական տրամադրություններն Ադրբեջանում այսօր հասարակական աջակցություն ունեն: Նրանք, ովքեր խոսում են իսլամի մասին, ասում են՝ ԼՂ հարցը չի լուծվում, քանի որ հայերը քրիստոնյա են, իսկ Արեւմուտքը քրիստոնեական աշխարհ է, նրանք երբեք մեր օգտին չեն լուծի հարցը, հետեւաբար, մենք պետք է որպես մուսուլմաններ միավորվենք: Եվ նշանակություն չունի, թե այդ պրոիսլամիստների ո՞ր մասն է հավատացյալ, դա ավելի շուտ լոզունգ է, կապված այն բանի հետ, որ ադրբեջանցիները չեն մոռանում Ղարաբաղը, դա նրանց համար շա՜տ ցավոտ հարց է: Փլվել է արեւմտյան դեմոկրատիայի հանդեպ հավատը, մինչ այդ փլվել էր հավատը Ռուսաստանի հանդեպ, մնացել է իսլամը»: Մեր ճշգրտմանը՝ ուզում եք ասել, որ մեր հույսերը, թե ազատագրված տարածքների փոխարեն մենք գոնե կարող էինք ԼՂ-ի անկախության ճանաչումը ստանալ, լուրջ չե՞ն ընկալվում Ադրբեջանում, Ա. Յունուսովը պատասխանեց. «Բացարձակապես: Բացարձակ լուրջ չի, դա չի էլ քննարկվում: Այլ բան, որ կոնֆլիկտի խաղաղ լուծման կողմնակիցներս ասում ենք, որ եթե ուզում ենք խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, ավելի հեշտ կլինի, եթե դեմոկրատական հասարակություններ լինեն: Ինչպես եվրոպական՝ միմյանց հետ խնդիրներ ունեցող երկրները լուծեցին այդ հարցերը ժողովրդավարացման արդյունքում, հուսով եմ, որ կգտնվի ԼՂ կոնֆլիկտի լուծման բանաձեւը նույնպես: ԼՂ-ի գլխավոր խնդիրը սահմանն է, պետք է անել այնպես, որ սահմանը գլխավոր դեր չխաղա: Դա հող է, որը պետք է լինի համարժեք թանկ հայերի եւ ադրբեջանցիների համար: Պետք է հասկանալ, որ միատարր Ղարաբաղը՝ մաքուր հայկական կամ մաքուր ադրբեջանական, անկայունության օջախ է: Այնտեղ միշտ երկու ժողովուրդները կողք կողքի են ապրել եւ էլի պետք է ապրեն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել