Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԱՎԻԱՅԻՆ» ՃԳՆԱԺԱՄԸ ՁԵՌՆՏՈՒ Է

Նոյեմբեր 28,2008 00:00

«Եթե ես 10 տարի ապրեի եւ հարստանայի Շամխորում, ապա հաստատ ադրբեջաներեն խոսել կսովորեի»,- երեկ ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի այս դիտարկմանը «Միկա հոլդինգի» նախագահ Միխայիլ Բաղդասարովը պատասխանեց. «Նախ ես 17 տարի ապրել եմ Բաքվում եւ ադրբեջաներեն չգիտեմ: 10 տարի ապրում եմ Հայաստանում եւ գտնում եմ, որ պետք չէ խոսեմ հայերեն, քանի որ ես սխալներով եմ խոսում: Խոսում եմ այն լեզվով, որով կարողանում եմ ազատ շփվել հատկապես ձեզ նման խառնակիչ լրագրողների հետ»:

Անդրադառնալով համաշխարհային ճգնաժամին՝ Մ. Բաղդասարովը նշեց, որ ներկայումս ստեղծված իրավիճակը հատկապես երիտասարդ ընկերություններին հնարավորություն է տալիս հետագայում զարգանալու եւ գործելու, այդ հնարավորությունից փորձում է օգտվել նաեւ «Արմավիան». «Մենք ոչ միայն չենք զգում կրիզիսի բացասական ազդեցությունը, այլեւ ակտիվորեն զարգանում ենք: Այս օրերին սնանկացման եզրին կանգնած շատ խոշոր ընկերություններ վաճառում են իրենց ինքնաթիռները, դրանց ձեռքբերման համար բանակցություններ ենք վարում նաեւ մենք»: Թե ինչո՞ւ Հայաստանում բենզինի գինը չի նվազում ինչպես միջազգային շուկայում, ըստ Մ. Բաղդասարովի՝ պատճառն այն է, որ երբ վրաց-օսական պատերազմի ժամանակ մեր երկրում վառելիքի դեֆիցիտ սկսվեց, բենզինը պահեստավորելու որոշում կայացվեց եւ ճգնաժամից խուսափելու համար ներկրողները սկսեցին լրացուցիչ մեծաքանակ բենզին գնել եւ պահեստավորել: Մ. Բաղդասարովի խոսքերով, քանի որ այդ բենզինը ներկրված է անհամեմատ թանկ գնով եւ դեռեւս չի սպառվել, այդ պատճառով էլ գինը չի նվազում: Նրա հավաստմամբ, շուտով այդ պահուստը կսպառվի եւ կներկրվի բենզինի նոր խմբաքանակ, որն էլ կվաճառվի ավելի էժան: Մ. Բաղդասարովն ասաց, որ իր ներկրած բենզինի 1 լիտրի գինը կնվազի 20 դրամով: «Արմավիայի» սեփականատերը դեմ է ՀՀ կառավարության այն որոշմանը, որ օդի փողը ներառվելու է ավիատոմսի արժեքի մեջ. «Նախ այդ բանն անելու համար պետք է օդի փողը նվազեցնել ավելի քան 2 անգամ, չնայած ես կողմ եմ, որ այն ընդհանրապես վերացվի, քանի որ հատկապես արտասահմանցի ուղեւորները շատ դժգոհում են դրանից ու այն բացասաբար է անդրադառնում ուղեւորահոսքի վրա: Բացի այդ, եթե այդ հարկատեսակի ներմուծման ժամանակ այն $20 էր, ապա այսօր այն արդեն կազմում է $34»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել