Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ

Նոյեմբեր 28,2008 00:00

Անսամբլի հիմնադրման 50-ամյակին

Օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նշվեց Գեւորգ Աճեմյանի անվան ջութակահարների անսամբլի հիմնադրման 50-ամյակը։

Երբ անցյալ դարի 50-ականներին Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտ Գեւորգ Աճեմյանը իր մասնագիտական դասարանի սաներին փորձում էր ծանոթացնել անսամբլային նվագի կատարողական առանձնահատկություններին եւ առաջին պարզ մեղեդիներն ու պիեսներն էին սերտում դասարանում, պատկերացնել անգամ չէր լինի, որ այդ փորձը կվերաճի լուրջ նախաձեռնության եւ հիմք կդնի իր տեսակի մեջ եզակի կատարողական կազմի, որը շուտով կնվաճի Հայաստանի, ապա Խորհրդային Միության լուրջ բեմահարթակները։

Անսամբլի առաջին բեմելը եղավ 1962-ին, Ֆիլհարմոնիայի դահլիճում։

Կարճ ժամանակահատվածում անսամբլն արժանացավ մեծ ճանաչման։ Երեւանյան մենահամերգին հաջորդեցին հյուրախաղերը Թբիլիսիում, Բաքվում, Տալլինում, Կիեւում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում՝ հանրահայտ Կրեմլի Համագումարների պալատում։

Անսամբլի հյուրախաղերին արձագանքում էին միութենական բոլոր հեղինակավոր թերթերը։ Առանձնահատուկ գնահատանքի արժանացան նրա կատարումները Դմիտրի Շոստակովիչի, Մստիսլավ Ռոստրոպովիչի, Գուստավ Էռնեսակսի կողմից։ Վերջինս հարցազրույցներից մեկում, կարեւորելով անսամբլի դաստիարակչական դերը, ասաց. «Հայ ժողովուրդը ոչ միայն տաղանդավոր է, այլեւ իմաստուն, քանի որ վաղվա օրվա մասին է մտածում…»։

Տասը տարի է, որ մեզ հետ չէ Գեւորգ Աճեմյանը։ 1998 թվականից անսամբլը կրում է իր հիմնադրի անունը։ Աճեմյանի շնորհակալ գործը պատվով ու աննկուն համառությամբ շարունակում է կինը՝ ԵՊԿ պրոֆեսոր Անահիտ Աճեմյանը։

Այսօր Անահիտ Աճեմյանը նշում է եւս մեկ հոբելյան՝ անսամբլում աշխատելու 30 տարին եւ անսամբլը ղեկավարելու 10 տարին։ Ծանր փորձությունների միջով անցան նրանք՝ իրենց արվեստով դիմակայելով լուծարմանը, 2001 թվականից Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանի աջակցությամբ պատսպարվելով Մայր բուհի հովանու ներքո:

Այդուհանդերձ, անսամբլն ապրում է, ստեղծագործում՝ ի նպաստ հայ երաժշտության ու մշակույթի։ Այս ժամանակահատվածում Անահիտ եւ Աննա Աճեմյանները իրականացրին անսամբլի լավագույն ձայնագրություններից կազմված երկու լազերային սկավառակների թողարկումը, կազմեցին եւ հրատարակեցին անսամբլի երկացանկի ստեղծագործությունների երեք ժողովածուները։ Երրորդ ժողովածուի լույսընծայումը համընկավ անսամբլի հիմնադրման 50-ամյա հոբելյանին՝ ամբողջությամբ համալրելով անսամբլի երկացանկի ընտրանին։

ԾՈՎԻՆԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԵՊԿ դոցենտ, երաժշտագետ

Ներկայացուցիչ ունենք

Հայաստանի Երիտասարդության ազգային խորհրդի գլխավոր քարտուղար Համլետ Օհանյանը ընտրվել է Եվրոպական երիտասարդական ֆորումի (ԵԵՖ) նախագահության անդամ: Նոյեմբերի 12-15–ը Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում տեղի ունեցավ Եվրոպական երիտասարդական ֆորումի գլխավոր ասամբլեան: Օրակարգում նախագահի եւ նախագահության անդամների ընտրություններն էին:

Հայաստանի կողմից առաջադրված Հ. Օհանյանը, հանդիսանալով ոչ միայն մեր երկրի, այլեւ տարածաշրջանի՝ արեւելյան եվրոպական երկրների երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչ, հնարավոր 64 ձայներից ստանալով 55-ը, ընտրվեց ֆորումի 11 հոգուց բաղկացած նախագահության անդամ: ԵԵՖ-ում համոզված են, որ ունենալով հայ ներկայացուցիչ՝ հնարավորություն կունենանք երիտասարդությանը հատկացված եվրոպական ֆինանսական միջոցներն ուղղել մեր երիտասարդության խնդիրների լուծմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել