Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Նոյեմբեր 28,2008 00:00

Նաեւ լրացուցիչ առաջին ցուցանիշներ

\"\"Դրեզդենում ավարտված շախմատի համաշխարհային օլիմպիադայում տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի անդամները, թիմային չեմպիոնությունից բացի, նաեւ անհատական հաղթանակներ արձանագրեցին:

Երրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկած գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, մասնակցելով բոլոր 11 տուրերին, վաստակեց 9,0 միավոր: Այս արդյունքը ոչ միայն լավագույնն է երրորդ խաղատախտակների առջեւ խաղացողների, այլեւ ընդհանրապես տղամարդկանց պայքարին մասնակցած բոլոր 762 շախմատիստների մեջ:

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որ նույնպես մասնակցել է բոլոր հանդիպումներին, 8,0 միավորով լավագույնն է ճանաչվել երկրորդ խաղատախտակների առջեւ հանդես եկածների մեջ:

Անհատական արդյունքներով (11 պարտիայից՝ 8,0 միավոր) երկրորդ համարների մեջ հավասարը չի ունեցել նաեւ կանանց պայքարի մասնակից Լիլիթ Մկրտչյանը:

«Գրան պրիի» փուլերից մեկը Երեւանո՞ւմ

\"\"Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Դրեզդեն՝ ոչ միայն ոգեւորեց մեր տղաներին, որոնք, վերջին տուրում հաղթելով Չինաստանին, երկրորդ անգամ անընդմեջ նվաճեցին օլիմպիական չեմպիոնի կոչումը, այլեւ մրցաշրջան 2009-ում Հայաստանի մարզական օրացույցը հարստացրեց շախմատային եւս մի խոշոր մրցաշարով: «Սպորտ Էքսպրեսը» տեղեկացնում է, որ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ հանդիպման ժամանակ վերջինը մտահոգություն է հայտնել, որ Քաթարի օլիմպիական կոմիտեի, սպորտի նախարարության եւ հովանավորի միջեւ ծագած սկանդալի պատճառով օգոստոսին նշանակված շախմատի «Գրան պրիի» փուլերից մեկի անցկացումն այդ երկրում հնարավոր չէ, որին ի պատասխան՝ ՀՀ նախագահը տվել է այն Հայաստանում կազմակերպելու իր համաձայնությունը:

Իսկ ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ համաշխարհային օլիմպիադայի օրերին կայացած մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի համաժողովում 90 կողմ ձայնով որոշվել է, որ 40-րդ համաշխարհային օլիմպիադան 2012 թվականին հյուրընկալելու է Ստամբուլը: Հիշեցնենք, որ հաջորդ օլիմպիադան երկու տարի հետո կայանալու է Խանտի-Մանսիյսկում:

Արծաթյա ուսանողուհիներ

Հունաստան ի Կոմոտինի քաղաքում ընթացող ծանրամարտի ուսանողների աշխարհի անդրանիկ առաջնությունում երեկ հայաստանցիներ Նազիկ Ավդալյանը՝ 69 կգ քաշային կարգ, եւ Հռիփսիմե Խուրշուդյանը՝ 75 կգ, երկամարտի արդյունքներով նվաճեցին արծաթե մեդալներ:

Նազիկը պոկում եւ հրում վարժություններում ցույց տվեց 3-րդ արդյունքը, սակայն երկամարտում 215 կգ-ով ի վերջո կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին, իսկ Հռիփսիմեին համառ պայքարում՝ 106+135=241 կգ, ընդամենը 5 կգ չբավականացրեց հաղթող ճանաչվելու համար: Այսպիսով, երեք հոգուց (Առաքել Միրզոյան, Նազիկ Ավդալյան եւ Հռիփսիմե Խուրշուդյան) բաղկացած Հայաստանի ուսանողական հավաքականը Կոմոտինիում ընդհանուր առմամբ նվաճեց 9 մեդալ, որոնցից 7-ը՝ արծաթե, 2-ը՝ բրոնզե:

Վախթանգ Դարչինյան-Խորխե Արսե՝ փետրվարի 7-ին

\"\"Մինչեւ 52,163 կգ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, IBF/WBC/WBA գոտիների տիրակալ, վանաձորցի Վախթանգ Դարչինյանը 2009-ի փետրվարի 7-ին հանդիպելու է WBC-ի ժամանակավոր չեմպիոն, մեքսիկացի Խորխե Արսեի հետ: Արտասահմանյան ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ պայմանագիրն արդեն ստորագրվել է: Մարտը կայանալու է ԱՄՆ-ում, Կալիֆոռնիա նահանգի Անահայմ քաղաքի «Հոնդա» կենտրոնում:

Այս երկու բռնցքամարտիկներն էլ հայտնի են ոչ միայն ռինգում անզիջում ու հարձակվողական պայքարով, այլեւ իրենց մրցակիցների հասցեին արվող սադրիչ հայտարարություններով: Այս առումով հեռակա պայքարն արդեն սկսվել է Արսեի նախաձեռնությամբ, երբ Վիկը նվաճեց աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը: Մեքսիկացին ժամանակին ցանկանում էր հանդիպել Իսրայել Վասկեսի հետ, սակայն այդ մենամարտը կազմակերպել չհաջողվեց: «Վասկեսը վախեցավ,- Արսեին ցիտում է «Fight

news.com»-ը:- Ինձ հիմա մնում է հուսալ, որ Դարչինյանը նրա նման ինձնից չի փախչի: Տեսնենք, թե որքա՞ն համարձակ է այդ «Կատաղի ցուլ» կոչվածը»:

Տեղեկանալով իրեն ձեռնոց նետելու մասին՝ Վիկն անմիջապես արձագանքել է. «Նա պետք է անհանգստանա ոչ թե իմ՝ նրանից փախչելու, այլ նրա համար, որ ես վերջ կդնեմ նրա կարիերային»:

Հիմա, երբ պայմանագիրն արդեն ստորագրվել է, հեռակա պայքարը նոր թափ է հավաքում: Ու այս անգամ դրան ակտիվ մասնակցություն ունեն նաեւ պրոումոթերները: Մասնավորապես, Դարչինյանի պրոումոթեր Գերրի Շոուն համոզված է, որ մարտից առաջ հրավիրվելիք մամուլի ասուլիսը կրքերի լարվածությամբ մարտին չի զիջի: «Վախթանգն ինձ ասել է, որ Արսեին ավելի խիստ քոթակ է տալու, քան Միխարեսին եւ խնդրել ընդամենը չորս ռաունդանոց մենամարտ նախատեսել, քանի որ դրանից ավելիի անհրաժեշտություն չի լինի»,- հայտարարել է Շոուն: Իսկ Վիկն ավելացրել է. «Արսեն ուժեղ բռնցքամարտիկ է: Բայց ես չեմ մոռացել, թե նա ինչեր է բարբաջել իմ հասցեին: Նրա խոսքերը մեկ առ մեկ կհիշեցնեմ ռինգում եւ այդ ժամանակ կտեսնենք, թե ով՝ ով է»:

«Փյունիկի» փոխարեն՝ «Արարատը»

Ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների «Համագործակցության գավաթ» անվանումը կրող ավանդական մրցաշարում, որտեղ սովորաբար հանդես են գալիս այդ երկրների ազգային առաջնություններում հաղթող ճանաչված ակումբները, Հայաստանը կներկայացնի ոչ թե Երեւանի «Փյունիկը», այլ փոխչեմպիոն «Արարատը»: «Սթար» առաջնության «Փյունիկ»-«Արարատ» ոսկե հանդիպման հաջորդ իսկ օրը հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի չեմպիոն թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ «Համագործակցության գավաթին» նախապատրաստվելը եւ մասնակցելը չի մտնում իրենց ծրագրերի մեջ:

Ա. Հ.

Մկրտիչ Չիրքինյանը 70 տարեկան է

\"\"Օրերս նշվեց Էջմիածնում հունահռոմեական ըմբշամարտի հիմնադիր Մկրտիչ Չիրքինյանի 70-ամյակը: 10 տարի առաջ, ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, Մկրտիչ Չիրքինյանին շնորհվել էր Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչում, հիմա վաստակաշատ մարզչին հանձնվեց պատվավոր քաղաքացու մեդալ: Սպորտում ներդրած ավանդի համար վաստակաշատ մարզիչը պարգեւատրվեց նաեւ ԵԿՄ հուշամեդալով, որի հանձնման ժամանակ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ընդգծեց, որ իսկական էջմիածինցին նա չէ, ով միայն ծնվել է այստեղ, այլ նա, ով իր կյանքով պատիվ ու հարգանք է բերում քաղաքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել