Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային խճանկար

Նոյեմբեր 28,2008 00:00

Շանթի հիշատակին

«Համազգային» հայ կրթական եւ մշակութային միության եւ ԵՊՀ-ի նախաձեռնությամբ երեկ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ Լեւոն Շանթին նվիրված գիտաժողով: «Գիտաժողովը նպատակ ունի համակողմանիորեն, արդիական չափանիշներով ներկայացնել ու արժեւորել Լեւոն Շանթի գրական ու գիտական ժառանգությունն ու հասարակական-քաղաքական, մանկավարժական գործունեությունը,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Համազգային» հիմնադրամի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանն ու շարունակեց,- «Համազգային» մշակութային միությունը Հայաստանում է արդեն 17 տարի: Սա մեր երրորդ գիտաժողովն է, առաջինը նվիրված էր Նիկոլ Աղբալյանին, երկրորդը՝ Համաստեղին: Երկու պատճառ ունեինք երրորդ գիտաժողովը Շանթին նվիրելու համար. «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միության ակունքներում հենց Շանթն է: Դեռ 1928թ. հեռավոր Կահիրեում նա Աղբալյանի հետ հիմնադրեց Հայ կրթական եւ մշակութային միությունը, իսկ հաջորդ պատճառը՝ նոր էջ բացելն էր նոր սերնդի եւ երիտասարդության համար»: Գիտաժողովի ընթացքում կայացավ «Լեւոն Շանթի ընտրանին» գրքի առաջին հատորի շնորհանդեսը: Առաջիկայում լույս կտեսնի եւս 7 հատոր: Գիտաժողովին մասնակցում էր շուրջ 80 գրականագետ, պատմաբան, մանկավարժ՝ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից:

«Լեւոն Շանթի ժառանգությունը բազմաշերտ է թե՛ հասարակական, թե՛ մանկավարժական եւ թե՛ փիլիսոփայական առումներով: Կարծում եմ, մենք անաչառ եւ օբյեկտիվ երիտասարդ սերնդի համար նոր հայացք եւ նոր շերտեր կբացենք Լեւոն Շանթի գործունեության մասին»,- ասաց Հունաստանից գրականագետ Հարություն Քյուրքչյանը: ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Ավիկ Իսահակյանը շեշտեց. «Հայ գրականության պատմության մեջ կան անուններ, որոնք անարդար ձեւով մոտ 7-8 տասնամյակ մոռացության են մատնվել, ինչպես, օրինակ, Լեւոն Շանթը, Ավետիս Ահարոնյանը, Նիկոլ Աղբալյանը: Մեր հոգեւոր պարտքն է մեծարել նրանց: Շանթը ոչ միայն գրող էր, այլեւ կարկառուն քաղաքական գործիչ: Իր քաղաքական հայացքների համար նա բանտեր է տեսել, աքսորվել է: Իսկ այն, ինչ Շանթն արեց մշակութային կյանքում, նրանից հետո ոչ ոք չի արել եւ այդ բացը երկար ժամանակ զգացվել է»: ԵՊՀ գրականության ամբիոնի դոցենտ Սերժ Սրապիոնյանն էլ նշեց. «Մեկ գիտաժողովի ընթացքում Շանթի բացահայտումը գրեթե անհնար է: Շանթի ստեղծագործական բազմաշերտությունը բացահայտելու համար դեռ մի քանի սերունդների ջանքեր կպահանջվեն»:

Շնորհանդես եւ հոբելյան

Հրաչյա Ղափլանյանի անվան Երեւանի դրամատիկական թատրոնը 40 տարեկան է: Երեկ այդ առիթով թատրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս: «Այս տարին թատրոնի համար հոբելյանական է. նոյեմբերի 14-ին լրացավ Հրաչյա Ղափլանյանի 85-ամյակը, այսօր էլ՝ թատրոնի 40-ամյակը: Նոյեմբերի 14-ին թատրոնի ողջ ստեղծագործական, դերասանական կազմը այցելել էր Պանթեոն՝ հոգեւորականի ուղեկցությամբ, հարգանքի տուրք մատուցելու մեր ուսուցչին,- ասաց Երեւանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը եւ շարունակեց:- Դրամատիկականը, ըստ իս, հանրության սիրելի թատրոններից է, քանի որ հանդիսատեսը, ինչ ժամանակաշրջանում էլ ապրենք, մեզ չի լքում: Դերասանի աշխատավարձն այսօր կազմում է 60-70 հազար դրամ: Ո՞վ այսօր այդ աշխատավարձով կհամաձայնի թատրոնում խաղալ: Խոսքս վերաբերում է երիտասարդ սերնդին: Այն մեծությունները, որ շրջապատում են ինձ՝ Վլադիմիր Մսրյան, Արթուր Ութմազյան, Հրաչյա Հարությունյան, մեկ րոպե անգամ չմտածեցին թատրոնը լքելու մասին»:

ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Վլադիմիր Մսրյանը Դրամատիկական թատրոնի հաջողության գաղտնիքը տեսնում է իրենց միասնականության մեջ. «Օրերս մեր շախմատիստները Հայաստանը դարձրին աշխարհի շախմատի գերհսկա: Դա թիմային աշխատանքի արդյունք էր, ամենուր շեշտվում էր նրանց միասնականությունը: Դրամատիկականում էլ է նույն այդ վիճակը: Թատրոնն ամուր կանգնած է բոլորիս միասնականության շնորհիվ»: Ասուլիսի ընթացքում կայացավ նաեւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերագետ, հրապարակախոս Լեւոն Մութաֆյանի հինգ՝ «Արթուր Ութմազյան», «Արմեն Խանդիկյանի թատրոնը», «Վլադիմիր Մսրյան», «Հրաչյա Ղափլանյան» եւ «Երեւանի դրամատիկական թատրոնը» գրքերի շնորհանդեսը:

Լ. ՇԱՀԲԱԶՅԱՆ

Կաթողիկոսը հանդիպեց էմիրին

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը, ավարտելով հովվապետական իր այցը Հնդկաստան՝ մեկնել էր Արաբական Միացյալ Էմիրություններ, ուր հանդիպում էր ունեցել Շարժայի էմիր Շեյխ Սուլթան բին Մոհամմադ ալ Քասիմիի հետ:

Էմիրը, ողջունելով Ամենայն հայոց կաթողիկոսին, ուրախությամբ վերհիշել էր տարիներ առաջ Հայաստան կատարած իր այցի մանրամասները: Հայոց հայրապետը երախտագիտություն էր հայտնել նրան՝ Հաղարծինի պատմական վանքի վերանորոգման աշխատանքները հովանավորելու համար:

Էմիրը բարձր գնահատանքով անդրադարձել է Միջին Արեւելքում ապրող հայերին՝ բնութագրելով նրանց իբրեւ հասարակության հավատավոր, բարեպաշտ, արժանավոր եւ աշխատասեր անդամներ, եւ հատկապես շեշտել գիտելիքի եւ կրթության հանդեպ սերը, որ մեծապես արժեւորվում է հայ ընտանիքներում:

Ծիծեռնակաբերդի փոխարեն՝ Թալեա՞թ

Ըստ lragir. am-ի, մի հակեր Google Earth-ում Ծիծեռնակաբերդի հուշարձանի անվանումը փոխարինել է Թալեաթ փաշայի հուշարձան տիտրով: Ընդ որում, հակերը ստորագրել է Հալուկ Դոլմայան, որը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի անվան աղավաղված մի ձեւ է: Այս անընդունելի արարքը, որ պատմաբանն ինքն է հայտնաբերել, հավանաբար տեղի է ունեցել 2008 թ. մարտի 12-ին: Այժմ մի քանի հարց կա, որ պատասխանի են սպասում՝ ո՞վ է արարքի հեղինակը, արդյոք հեղինակը Google Earth-ի կամ Panoramio-ի աշխատակի՞ց է: Բանն այն է, որ Panoramio կայքում, որը Google-ի գործընկեր է, այցելուները կարող են իրենց ուզած լուսանկարները տեղադրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել