Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ «ԴԵՊՈ՞ՐՏ» ԿԱՆԵՆ

Նոյեմբեր 28,2008 00:00

Ըստ երիտասարդների, մեղավորը անպարտաճանաչ բուհերն են

Երեկ «Ուրբաթ» ակումբում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներ Մհեր Հակոբյանը, Հայկ Ասատրյանն ու Անի Ազատգոլին դժգոհեցին օտարերկրացի ու սփյուռքահայ ուսանողների վիզաների հետ կապված խնդիրներից:

Մ. Հակոբյանի փոխանցմամբ՝ խնդիրն ունի երկու կողմ՝ իրավական ու բարոյական. «Իրավական կողմը վերաբերում է նրան, որ օտարերկրացիների մասին ՀՀ օրենքը սահմանում է նրանց ուսման նպատակով Հայաստանում ժամանակավոր բնակության կարգավիճակը: Օտարերկրացի ուսանողները ժամանակավոր կեցության համար պետք է վճարեն պետտուրք: Հարցն այն է, որ մուտքի վիզա տրամադրող անձնագրերի ու վիզաների վարչության, պետական կառավարման մարմնի ու բուհերի միջեւ կա փոխադարձ համաձայնություն, ըստ որի՝ ուսանողները անձնագրերի ու վիզաների վարչության առջեւ որեւէ պարտականություն չունեն, բոլոր գումարային ու փաստաթղթային հարցերը լուծում է բուհը: Ժամանակավոր կեցության իրավունքը, ըստ օրենքի, տրվում է մեկ տարով, ժամկետը լրանալուց 30 օր առաջ թույլատրվում է այն երկարաձգել եւս մեկ տարով: Այժմ ոչ միայն ԵՊՀ-ն, այլեւ մնացած բուհերը չեն կատարել այդ պարտավորությունը՝ օրենքով նախատեսված ժամկետում չեն վճարել պետտուրք ու ոչ էլ դիմել են անձնագրերի ու վիզաների վարչություն, որպեսզի ուսանողները կարողանան շարունակել ժամանակավոր բնակությունն ու ուսումը Հայաստանում: Արդյունքում՝ անձնագրերի ու վիզաների վարչությունը դիմել է ոստիկանություն, որ վերջինս զբաղվի այս հարցով: Ոստիկաններն էլ գնում են ուսանողների տներն ու սպառնում, որ նրանց Հայաստանից «դեպորտ» կանեն՝ տուգանքը չվճարելու դեպքում»:

Երիտասարդների փոխանցմամբ, այս ուսումնական տարում փաստաթղթերի ներկայացման ժամկետը մինչեւ օգոստոսի 20-ն էր՝ անցյալ տարվա հոկտեմբերի փոխարեն: Ըստ բանախոսների, ժամկետի փոփոխության մասին ոչ բոլոր բուհերի ուսանողներն են իրազեկվել: Այն ուսանողները, որոնք իրենց փաստաթղթերն ավելի ուշ են ներկայացրել, իրենց բուհերի միջոցով տեղեկացվել են միայն այն մասին, որ անձնագրերի ու վիզաների վարչության կողմից ենթարկվել են տուգանքի՝ 50 000-100 000 դրամի չափով: Ուսանողներն էլ դիմել են ԿԳ նախարարություն, որտեղից էլ հայտնել են, թե վիզաների ուշացումը տեխնիկական բնույթ է կրում, եւ տուգանքը ոչ թե ուսանողները, այլ բուհերը պետք է մուծեն: Ըստ Անի Ազատգոլիի, միայն Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանն է, որ իր ուսանողներին օգոստոսին է տեղեկացրել վիզաների թարմացման մասին. «Ասում են՝ պիտի վճարեք 50 000-100 000 դրամ, բայց թե այդ ո՞վ եւ ինչպե՞ս է որոշել չափը՝ չգիտենք: Որքանով տեղյակ եմ, երբ լրանում է վիզայի ժամկետը, ապա մեկ օրվա համար վճարում են $3: Տուգանքը ուսանողների մեղքով չէ, եթե նրանք իմանային, որ փաստաթղթերը հարկավոր է շուտ ներկայացնել բուհին՝ շուտ կներկայացնեին, ինչպես անում են ամեն տարի… Այժմ Պոլիտեխնիկը, Բժշկական, Ճարտարապետական եւ Պետական համալսարանները, Գեղարվեստի պետական ակադեմիան հրաժարվում են իրենց ուսանողների փոխարեն տուգանք վճարել, թեեւ դա իրենց մեղքով է: Հայաստանում մոտ 5000 օտարերկրացի ուսանող կա, որոնց մի մասը, մասնավորապես՝ հնդիկները, ոստիկանության սպառնալիքի տակ ստիպված վճարել են տուգանքը: Ուսանողներին մինչեւ նոյեմբերի վերջ են ժամանակ տվել, որից հետո «դեպորտ» կանեն, այսինքն, ստացվում է՝ հային էլ են վտարում Հայաստանից»:

Հայկ Ասատրյանն էլ ասաց, որ երբ հարցը համատարած լուծվի, ու բուհերը վճարեն ուսանողների տուգանքը, պետք է այնպես անել, որ արդեն վճարած ուսանողների գումարը կա՛մ վերադարձվի, կա՛մ էլ հանվի նրանց ուսումնական վարձավճարից: Երիտասարդները նաեւ հայտնեցին, որ սփյուռքահայ ուսանողները հանդիպել են Սփյուռքի փոխնախարարի հետ, որովհետեւ նախարարը Հայաստանում չէր. «Փոխնախարարն ասել է, որ մենք վճարեն տուգանքը, եւ երբ համապատասխան օրենքը լինի՝ մեր գումարները կվերադարձնեն: Ծիծաղելի է, ես դեռ այդպիսի բան չեմ տեսել, որ Հայաստանում փողդ ձեռքիցդ վերցնեն ու հետո վերադարձնեն»:

Հայկ Ասատրյանն էլ սպառնաց, որ եթե հարցը չկարգավորվի՝ իրենք բողոքի տարատեսակ ակցիաներ կկազմակերպեն: Նաեւ տեղեկացրեց. «Մեր կուսակցության՝ ՀՅԴ անդամ ԿԳ նախարարը մեզ տեղեկացրել է, որ այսօր կառավարության նիստում անդրադարձ է եղել սփյուռքահայ ուսանողության խնդրին, կա նախնական որոշում՝ կապված նրանց վարձավճարների հետ: Այսինքն՝ նրանք ուսման համար կվճարեն այնքան, ինչքան վճարում է ՀՀ քաղաքացին: Կարծում եմ, այս փաստը Հայաստան-Սփյուռք կապերում մեծ դերակատարություն կունենա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել