Լրահոս
Օրվա լրահոսը

Ակադեմիան շարունակում է անօրինականությունները

Նոյեմբեր 28,2008 00:00

ԿԳՆ-ում ասում են, որ կրթօջախի գործով արդեն կզբաղվի Հարկային պետական տեսչությունը

«Առավոտը» բազմիցս անդրադարձել է Արմեն Խոստիկյանի անվան բեմարվեստի ակադեմիայի գործունեությանը: Խնդիրն այն է, որ այս հաստատությունը կրթություն է իրականացնում առանց համապատասխան գրանցման եւ լիցենզավորման: Ակադեմիայի ուսանողները բազմիցս դիմել են «Առավոտին», դժգոհելով, թե իրենք ընդունվելիս չեն էլ իմացել այդ հանգամանքի մասին: Մեր թերթում ակադեմիայի անօրինական գործունեության մասին հրապարակումից հետո արձագանքեց նաեւ ԿԳՆ-ն, որը եւս հաստատեց, թե Արմեն Խոստիկյանի անվան բեմարվեստի ակադեմիան ոչ միայն չունի լիցենզիա, այլեւ անգամ գրանցված չէ: Այսքանից հետո սպասվում էր, որ ակադեմիան կդադարեցնի իր գործունեությունը: Սակայն այն դեռ կրթական գործունեություն է իրականացնում: «Առավոտը» այցելեց Մերգելյանի անվան ինստիտուտի հարեւանությամբ գտնվող ուսումնական այս հաստատություն՝ պարզելու, թե այնտեղ իրականում ինչ է կատարվում: Նախ շենքի մի քանի հարկերում տեղադրված էր հայտարարություն, որոնցում նշվում էր, որ ակադեմիան գտնվում է 4-րդ հարկում: Այս հարկում էլ տեղադրված էր մի մեծ ցուցանակ, որտեղ գրված էր ակադեմիայի ամբողջական անվանումը: Գարեգին Նժդեհի հրապարակում էլ տեղադրված է ակադեմիայի ընդունելության կարգի մասին մի մեծ ցուցանակ: Երբ զրուցեցինք ակադեմիայի ռեկտոր Վլադիմիր Հովհաննիսյանի հետ, նա մեզ փորձեց հավաստիացնել. «Հիմա ակադեմիան չի գործում, բոլոր ուսանողները թողել-գնացել են: Դրա փոխարեն գործում է ստուդիա-քոլեջ, որը գրանցման կարիք չունի»: Մեր զրույցի ընթացքում պարոն Հովհաննիսյանն անընդհատ հակասում էր իր նախորդ ասածներին: Մեկ ասում էր, որ ակադեմիան ցրվել է, մեկ էլ հայտարարում. «Այժմ ընդունելություն կազմակերպում ենք, որ հետո գործընթացից հետ չընկնենք»: Մեր դիտարկմանը, թե խաղում են ուսանողների ճակատագրի հետ, պարոն Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Հետո փաստի առաջ չենք կանգնի, ես կկրեմ ողջ պատասխանատվությունը: Ընդունելության ժամանակ բոլոր ուսանողներին ասում ենք, որ հավատարմագիր չունենք, ինչը ժամանակի ընթացքում կլինի: Ասում ենք նաեւ, որ կարող են սպասել՝ լիցենզիա ունենալուց հետո ընդունվել: Եթե ուզում են ընդունվել, մենք ի՞նչ անենք»:

Հետաքրքրվեցինք, թե ակադեմիայից գնացած նախկին ուսանողների վճարած վարձերը վերադարձվե՞լ են: «Կեսից շատը չէր էլ մուծել, իսկ մնացածները վարձի դիմաց ուսում են ստացել»,- հնչեց պատասխանը: Պարոն Հովհաննիսյանը հայտնեց, որ իրենք ունեն պետռեգիստրի կողմից գրանցում, պիտի դիմեն ԿԳ նախարարություն, որպեսզի նրանց կողմից էլ գրանցվեն եւ ստանան լիցենզիա: Հետաքրքրվեցինք՝ երբ 2007 թվականին նոր-նոր էր բացվում ակադեմիան, չէի՞ն մտածում, որ լիցենզիա չունենալու պատճառով պիտի կանգնեն փաստի առաջ: «Այն ժամանակ դիմումն ուշացրի, դրա համար էլ լիցենզիա չստացանք: Ախր չէի մտածում, որ դրա հետ կապված խնդիրներ կառաջանան: Եթե հիմա լիցենզիա տան՝ կաշխատենք, չտան՝ լրիվ կփակվենք»,- հնչեց պատասխանը:

«Առավոտը» ԿԳՆ «Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մհեր Մակիչյանից հետաքրքրվեց, թե գրանցման կամ լիցենզիա ստանալու դիմում ստացե՞լ են Արմեն Խոստիկյանի անվան բեմարվեստի ակադեմիայից: «Վերջին երեք տարում՝ ոչ,- պատասխանեց պարոն Մակիչյանը եւ հավելեց,- մենք Հարկային տեսչությանը իրազեկել ենք, որ կա այդպիսի իրավաբանական անձ, որը առանց լիցենզիայի իրականացնում է կրթական գործունեություն: Կրթության նախարարությունը վերահսկման մեխանիզմներ չունի, ուստի այդ հարցով պիտի զբաղվի Հարկային պետական տեսչությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել