Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԸ ՉՊԱՅԹԱԾ ԱԿԱՆՆԵՐ ԵՆ

Նոյեմբեր 28,2008 00:00

\"\"Հետախուզվողը քաղաքո՞ւմ է

Պատվիրված սպանությունն այն ծանրագույն հանցագործությունն է, որը հիմնականում կապված է ազդեցության ոլորտներն ընդլայնելու հետ եւ, որպես կանոն, հանգեցնում է սպանությունների շղթայի։ «ԲՀԿ» անդամ, Որսորդմիության նախկին նախագահ Սայաթ Դավթյանի սպանությունից օրեր անց, հանցագործություն կատարելու մեղայականով, ոստիկանություն ներկայացավ Բաբայանը, սակայն մեկ տարի անց սպանվածի եղբոր որդին՝ Հայկ Դավթյանը «շտկեց» նախաքննության մարմնի «սխալը», պարզեց հորեղբոր սպանության պատվիրատուի անձը եւ սպանեց նրան՝ ազատության մեջ գտնվող Հրաչյա Մաթեւոսյանին։

ԱԺ նախկին եւ ներկա պատգամավորների՝ հանգուցյալ Վահան Զատիկյանի եւ Հակոբ Հակոբյանի ազգակիցների, հարազատների միջեւ առկա լարվածությունը եւս ունեցավ իր տրամաբանական շարունակությունը. 2006թ. հունիսի 22-ին Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում, օրը ցերեկով, ինքնաձիգի դիմահար կրակոցներից սպանվեց ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիա տարածքային ստորաբաժանման նախկին նախագահ Սեդրակ Զատիկյանը, ով իր մեքենայով շարժվում էր դեպի Սեբաստիա փողոց։ Հիշեցնենք, որ կրակոցներից վիրավորված Զատիկյանը, կորցնելով մեքենան վարելու հավասարակշռությունը, դուրս էր եկել հանդիպակաց գոտի, որտեղ էլ բախվել էր բեռնատարին եւ մահացել։ Կրակահերթերից մահացավ նաեւ պատահական մի անցորդ, երեք երեխաների մայր Կարինե Սարգսյանը։ Սպանության պատվիրատուները ԱԺ պատգամավոր, մարտի 1-ի դեպքերով կալանավորված Հակոբ Հակոբյանի եղբոր որդին՝ Ստեփան Հակոբյանն ու նրա ընկեր Նարեկ Խաչատրյանն էին, որոնք այժմ հետախուզման մեջ են։ Նման իրավիճակներն իսկապես պայթյունավտանգ են եւ վտանգավոր թե՛ սպանության պատվիրատուների, թե՛ կատարողների, թե՛ սպանվածի հարազատների եւ թե՛ հասարակության համար։ Եթե Սայաթ Դավթյանի սպանության դեպքում հաշիվը կարելի է «սեկա» համարել, ապա Սեդրակ Զատիկյանի սպանության դեպքում իրավիճակը դեռ մնում է վտանգավոր, քանի որ նրա սպանության պատվիրատուներ՝ Ստեփան Հակոբյանը եւ նրա համախոհ-ընկեր Նարեկ Խաչատրյանը դեռեւս հետախուզման մեջ են, թեեւ սպանությունից 2 օր հետո իրավապահները Ստեփան Հակոբյանին հրավիրել էին ոստիկանություն, իսկ բնակարանից ապօրինի ռազմամթերք՝ փամփուշտներ հայտնաբերել, սակայն բաց էին թողել։ Անցել է երկուսուկես տարի, եւ նրան ու ընկերոջը չեն գտել։

Վահան Զատիկյանի մորեղբայրը՝ Մելս Հարությունյանը չափազանց մտահոգված է, քանի որ նրան խոսակցություններ են հասնում Ստեփան Հակոբյանի՝ քաղաքում գտնվելու մասին. «Դատարանի վճռով հետախուզում է հայտարարված, բայց զարմանալիորեն շատ է ձգվում։ Դատախազի մոտ եղել ենք մոտ մեկուկես ամիս առաջ, հանձնարարեցին նորից նոր ոստիկանապետին, որ արագացնի, ուժեղացնի հետախուզական աշխատանքները։ Մեր տվյալներով, մարդիկ կան, որ տեսնում են նրան (Ստեփան Հակոբյանին) քաղաքում»։ Մելս Հարությունյանը Հակոբ-Սիմոն (Ստեփան Հակոբյանի հայրը) եղբայրների՝ համապատասխանաբար ընդդիմության եւ իշխանության ճակատում գտնվելուն այնքան էլ չի հավատում, կարծում է՝ եթե Սիմոն Հակոբյանը դուրս գա իշխանական ճամբարից եւ նրա որդուն բռնեն՝ նրա օբյեկտները կհայտնվեն Հակոբ Հակոբյանի անգործ մնացած օբյեկտների օրին (լավագույն դեպքում)։ «Էսօր ամենածանր վիճակն է. նախ իրենք գիտեն՝ իրենց հոդվածը դրված է պատվեր-մարդասպանություն եւ նախատեսվում է ցմահ բանտարկություն։ Նրանք այսօր կարող են ինձ էլ սպանել, բոլորին՝ մեր ազգուտակին, որ մի տասը հոգու էլ սպանեն՝ ցմահ բանտարկությունից էն կողմը կա՞ աշխարհ։ Մեկ, թե տասը՝ սպանությունը սպանություն է, որի համար ցմահ բանտարկություն է հասնում։ Դրա համար նրանք դարձել են վտանգավոր էակներ։ Ճիշտ է, մենք կարողանում ենք մեր երեխաներին զսպել, բայց նրանք էլ անվտանգ չեն։ Ցանկացած պահի մեզ կարող են վերացնել»։ Սեդրակի հարազատները դիմել են իշխանության ներկայացուցիչներին, բայց առայժմ արդյունք չկա։ Բայց Մելս Հարությունյանն առաջարկում է հետախուզվողներին բռնելու երկրորդ տարբերակը. «Լենինականի քաղաքապետի տղեն, որ թաքնված էր, նրան կանչին-ասին՝ քեզ երկու օր ժամանակ՝ կբերես: Եթե նրանք կանչեն-ասեն՝ Սիմոն, երեխուդ բերում ես, Սիմոնը խեղճուկրակ մարդ չի, միլիոնատեր է, էնքան բան ունի, որ վախենում է, թե ձեռքից կվերցնեն։ Ես առաջ մտածում էի, որ Վահանի տղեն է, նրան բոլորը սիրել են եւ ամեն ինչ կանեն, որ մեղավորներին պատժեն, հիմա տեսա, որ էդպես չէ»։ Ի դեպ, սույն սպանության գործով կատարողը՝ Արսեն Առուշանյանը դատապարտվեց ցմահ, օժանդակողները՝ Արթուր Հովհաննիսյանը՝ 10 տարի, Լուսինե Ղեւոնդյանը՝ 8 տարվա ազատազրկման։ «Էդ Արսեն Առուշանյանը, որ Սեթոյին սպանեց, նա եղել է հետախուզման մեջ 2-3 տարի՝ գողությունների, սպանության մասին իմանալու-չհայտնելու համար։ Էդ ինչպե՞ս է հետախուզման մեջ եղել, որ մի ամբողջ տարի ազատ հետեւել է Սեդրակին, իսկ նրան հետախուզում հայտարարած Արաբկիրի ոստիկանությունը չի գտել նրան»,- վրդովվում է Մ. Հարությունյանը։ Հարցին, թե հավատո՞ւմ է նախագահի՝ անպատժելիության մթնոլորտը վերացնելու խոստումներին, զրուցակիցս ասաց. «Հնարավոր եմ համարում, որ նրանք, ի վերջո, կբռնվեն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել