Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննիսյանը՝ Ջոնսոն

Նոյեմբեր 28,2008 00:00

ԱՄՆ-ում բնակվող շատ հայեր ընդամենը $15-ով ազատվում են հայկական ազգանունից

Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մասնավորապես՝ Ֆրեզնո քաղաքին կից գյուղերում կան մեծաթիվ հայեր, որոնք ընդհանրապես չեն շփվում հայ համայնքի հետ: Նրանք արդեն ձուլվել են օտարներին ու վաղուց իրենց հայ չեն համարում: Եվ քանի որ այդ հայ մեծահարուստներից շատերն ամուսնացած չեն ու ժառանգներ չունեն, իրենց կարողությունն էլ որեւէ մեկին չեն կտակել, մահվանից հետո այդ մարդկանց ունեցվածքը մնում է պետությանը: «Առավոտի» հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց «Հայաստանի մանկատների հիմնադրամի» հիմնադիր-նախագահ Ժենյա Այդինեան-Ռզայեն: Ըստ տիկին Ժենյայի, այդպիսի անժառանգ մեծահարուստներ կան նաեւ Ֆրանսիայում, Ավստրիայում, Արգենտինայում:

Նրա խոսքերով՝ «Ես խոսում եմ ձեզ հետ ու շատ հնարավոր է, որ հենց հիմա մի հայ էլ իր կարողությունը թողեց պետությանը: Նրանք 80-90 տարի առաջ են գնացել այդ երկրներ, այժմ մենք փորձում ենք նրանց գտնել: Օրինակ, մի հայի անուն-ազգանունով մարդ է եղել՝ Կարապետ Սաղաթելյան, այդ Կարապետ Սաղաթելյանը ժամանակի ընթացքում դարձել է Սամն-Կարին, կամ Պետրոսյանը՝ Պիտերս, Հովհաննիսյանը՝ Ջոնսոն, այժմ արդեն 60-70 տարեկանների մոտ էլ ենք նկատում անվանափոխություններ: Իմ տղան վաղը- մյուս օրը կարող է իր ազգանունը փոխել եւ մի 40-50 տարի հետո չկարողանանք նրան գտնել: Այս հարցում ՀՀ կառավարությունը պիտի օժանդակի, մի ժամանակ Հայաստանը կարիք ուներ Սփյուռքի, այժմ Սփյուռքը մեծ կարիք ունի օգնության: Աստված տա՝ մենք ՀՀ-ի թոշակառուներ լինենք ու, որ ամենակարեւորն է, չձուլվենք: ԱՄՆ-ում ազգանուն փոխելը հեշտ է, Անի Սարգսյանը կարող է $15 մուծել՝ եւ դառնալ Անի Սերջիո»:

Տիկին Ժենյայի ներկայացմամբ, Ամերիկայի հայ համայնքը փորձում է ինչ-որ ձեւով լուծել այս խնդիրը. «Փաստաբան Վարդգես Եղոյանը, Նյու Յորք Լայֆ Ինշուրանս ապահովագրական ընկերության դատավարության ընթացքում, նման 20-30 ընտանիք է գտել: Այդ ընտանիքները, որոնք հիմնականում միայնակ ծերեր են՝ միայն գիտեն, որ հայ են, բայց հայերեն ոչինչ չգիտեն: Նրանց մենք չենք ուզում մոտենալ, քանի որ տարիքն առած մարդիկ են ու վախենում են մեզնից, նրանք իրենց պետությանն ավելի են վստահում, քան՝ մեզ: Թոշակը տեղը տեղին ստանում են, իսկ մեզ հաստատ չեն վստահի: Ի՞նչ է, մի թուղթ ձեռքս մտնեմ ու ասեմ՝ քո մահից հետո կտակդ թող Հայաստանի՞ն: Այս ուղղությամբ մեծ գործ ունի անելու Հայաստանի մամուլը, անգլերեն պետք է տպվեն թերթեր, որտեղ Հայաստանի մասին շատ գրվի, որպեսզի դրսում կարդան»:

Տիկին Ժենյայի խոսքերով, ԱՄՆ-ում աստիճանաբար թուլանում է վարժարանների, եկեղեցիների դերը. «Պետք է տարվեն աշխատանքներ, ապագայի համար այս գործում մեծ պետք է լինի նաեւ ՀՀ նորաստեղծ Սփյուռքի նախարարության դերը»:

«Առավոտը» Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվեց, թե Սփյուռքում հայապահպանության գործում նորաստեղծ նախարարությունն ի՞նչ աշխատանքներ է կատարում: Ըստ տիկին Հակոբյանի՝ «Նախարարությունը նոր է ստեղծվել եւ 50-100 մարդկանցով դժվար է 7 միլիոն հայի հետ աշխատել: Պետք է հետաքրքիր հեռուստահաղորդումներ լինեն, որպեսզի հայ համայնքից դուրս գտնվող մարդկանց հետ բերենք, բացի այդ, հայ համայնքը մեզ պետք է հուշի, թե միասին որ ուղղությամբ աշխատենք»: Ինչ վերաբերում է անժառանգ հայերի ունեցվածքին, ապա Հ. Հակոբյանն ասաց. «Որպես կանոն, այդ հայերի մեծ մասն իր կարողությունը եկեղեցուն է ժառանգում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել