Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՂՋԻՈՒՄ ԻՐԱՐ ԵՆ «ՄՈՐԹՈՒՄ»

Նոյեմբեր 28,2008 00:00

\"\"ՏԻՄ ընտրություններից հետո այս գյուղի բնակիչները, տուն-տեղ թողած՝ գյուղամեջ են ելնում ու բանակների բաժանված իրար են ծեծում:

Ամասիայի Ողջի գյուղը հանրապետության, թերեւս, ամենաինտրիգային համայնքն է: Այս օրերին Ողջիում մթնոլորտը խիստ շիկացած է: Գյուղապետ Սարգիս Ավագյանի կողմնակից մի խումբ կանայք անգամ լրագրողներին էին սպառնում ձեռնափայտերով ծեծել, երբ տեսնում էին, որ նրանք հակառակ կողմի՝ գյուղապետի մրցակից Վ. Պետրոսյանի կողմնակիցների կարծիքն էլ են լսում:

Ինչպես 4 տարի առաջ, այնպես էլ հիմա, գյուղացիներից շատերը պահանջում են հանրապետական գյուղապետ Ս. Ավագյանի հրաժարականը, պատճառաբանելով, որ վերջինս ընտրվել է ընտրակեղծիքներով: Ըստ գյուղացիների՝ նա որպես ընտրակաշառք «աթար է բաժանել, գյուղացիներից խլել ու վաճառել է նրանց պատկանող հողատարածքները, յուրացրել է գյուղին հատկացվող սուբսիդիան ու գյուղտեխնիկան»: Բողոքավոր թեւի առաջնորդը գյուղապետի նախկին թեկնածու Վարդան Պետրոսյանն է, որն ընդամենը 8 ձայնով է զիջել 17 տարվա գյուղապետին:

Ըստ Վ. Պետրոսյանի՝ Ս. Ավագյանը ՏԻՄ ընտրություններին անգամ հարեւան գյուղերում է «մարդաորս կազմակերպել ու քվեախցիկներն անծանոթ մարդկանց անուններով լցրել»:

«Միգուցե էդ մարդիկ գյուղում գրանցում ունեն, բայց ո՞վ են, մենք չենք ճանաչում, 3-4 տարին մեկ գալիս՝ հախը վերցնում, Ավագյանին ձայն են տալիս ու գնում: Ավագյանը պետության հիմքերն է քանդում, քրեական հանցագործ է, պետությունը 13 միլիոն 343 հազար դրամի սուբսիդիա է տալիս, որ մարդիկ հացահատիկ ցանեն, իսկ գյուղապետը ծանոթ-բարեկամներին է տալիս: Ավագանու նորընտիր անդամներին 3 հա հող տվեց՝ 15 ընտանիքից հողերը խլելով: Մի հարց բարձրանա՝ Ավագյանն անմիջապես ոստիկանություն է վազում, ինքը պրոբլեմ չունի, մի հատ հլը մտեք-տեսեք գյուղապետարանում լույս կա՞, 20 տարի էս գյուղապետարանը լույս չի ունեցել ու չի էլ ունենա, որովհետեւ գյուղապետարան՝ որպես այդպիսին, չկա: Գյուղի 7-8 ընտանիքից բացի, որոնք սնվում են գյուղից, մնացած բոլորը Ավագյանին դեմ են, իսկ խեղճ մարդկանց խեղդում են, ահաբեկում: Մեր հողերը սահմանին են ու անցագիր է պետք մշակելու համար, բայց Ավագյանը զլանում է թույլտվություն տալ, ենթադրենք «պրոպուսկը» մարտի վերջին է պետք, ինքը մայիսի վերջին է տալիս, որ չկարողանաս ցանել, ու վերջում քեզ դատի տա՝ թե պարտք ես: Եթե մեկը 700 հազար հողի հարկ է պարտք, գյուղապետը նրան առաջարկում է. 3 հազար տուր՝ պրծի: Իրան ի՞նչ է եղել, ինքը կարող է կողքի գյուղապետի հետ խոսա, բերի 300 հոգու գրանցի ու ահա, խնդրեմ, ընտրություններին հաղթեց, բացառված է, որ որեւէ մեկը էս գյուղում հնարավորություն ունենա Ավագյանին հաղթելու, բոլորի ճամփեքը փակել է»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց Վ. Պետրոսյանը: Ըստ նրա, գյուղապետ Ավագյանին «գահընկեց» անելու համար ստորագրահավաք է կազմակերպել:

Վ. Պետրոսյանի կինն էլ՝ Գոհար Պետրոսյանը, որը Ողջիի դպրոցի տնօրենն է, մեզ հետ զրույցում պատմեց, որ գյուղապետն ընտրություններից առաջ իր ամուսնու դեմ գործ է սարքել, որպեսզի նա իր թեկնածությունը չառաջադրի. «Հնարել է, թե իբր ամուսինս խփել է իր դեմքին, դատախազությունն էլ, առանց հիմքեր, վկաներ, ապացույցներ ունենալու, ամուսնուս դեմ քրգործ է հարուցել»: Տիկնոջ ներկայացմամբ, քննիչն առանց ծնողների ներկայության ցուցմունք է կորզել իրենց անչափահաս որդուց, որն իբրեւ թե տեսել է հոր արարքը. «Գյուղում կռիվ, գողություն, ինչ ասես լինում է, սակայն ոչ մի շշուկ, ոչ մի ձայն, իսկ հիմա գյուղապետի ընկեր ոստիկանները կայծակնային արագությամբ արձագանքեցին»: Սրան ի պատասխան, մեր խոսակցությանը ներկա գյուղապետն արձագանքեց՝ «Հերիք է սուտ խոսես, ես ոստիկաններին չեմ հրավիրել, նրանք ինքնակամ նույն մոմենտին պատահաբար իմ տուն են եկել»: Ինչո՞ւ է մթնոլորտն այսպես լարված՝ մեր հարցին գյուղապետ Ս. Ավագյանն ասաց. «Ես 1989-ից այստեղ եմ, գյուղացիների մեծ մասն ինձնից գոհ է, թե ընտրության պահով ի՞նչ է կատարվել՝ չեմ կարող ասել: Էդ տղան ինչի՞ է գյուղը կռիվ գցում, քանդում, թող գնա իր ռուսաստանները: Դուք էլ ծիծաղելի հարցեր մի տվեք, գյուղում բոլորը հավասար են, ի՞նչ անհավասարության մասին է զրույցը, լավ էլ ապրում են, ծիծաղելի է, որ ասում եք, թե սուբսիդիան իմ բարեկամներին եմ տվել, 128 ընտանիք սուբսիդավորումից օգտվել է, անցագրերն էլ մարտի 1-ից պատրաստ են, թող չզրպարտեն, իսկ եթե գյուղացիները վարձակալած հողի վճարները չեն մուծել, բա ի՞նչ պիտի անեինք, որ ձեռքներից չվերցնեինք, եւ եթե խախտումներով աշխատեի, ապա ստուգողները նոր են գնացել՝ կարձանագրեին»: Ըստ գյուղապետի, իր հակառակորդի թիկունքում «Օրինաց երկիրն» է կանգնած. «ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը անդադար ինձ պաշտոնանկ անելու հարցն է բարձրացնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել