Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 28,2008 00:00

Երեկ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում արձանագրել է, որ «Հայաստանի իշխանությունը բռնազավթած ապօրինի վարչախումբը՝ իր գոյությունը երկարաձգելու անհագ մոլուցքով, իրականացնում է քաղաքական բռնություններ, սահմանափակում է քաղաքացիների ազատություններն ու իրավունքները, կալանավայրերում՝ քաղաքական պատանդի կարգավիճակում պահում է ընդդիմության տասնյակ գործիչների, ֆարսի է վերածել դատավարությունները՝ դատարաններն ու դատախազությունը վերածելով ռեժիմին սպասարկող պատժիչ գործիքների»: Համարելով, որ քաղկալանավորների նկատմամբ կայացված բոլոր դատավճիռները թելադրվում են միեւնույն կենտրոնից՝ նախագահական նստավայրից, հայտարարության հեղինակները անդրադարձել են «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, «Տիգրան Մեծ» աշխարհազորի հրամանատար Սմբատ Այվազյանի դատավճռին, որով Այվազյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման: «Ղարաբաղյան պատերազմում մեծ ավանդ ունեցած հրամանատարի, պետական եւ քաղաքական փորձառություն ունեցող գործչի» նկատմամբ կայացրած այս դատավճիռը կուսակցության քաղխորհուրդը որակել է որպես «բացառապես ոստիկանական կեղծ թելադրված ցուցմունքների հիման վրա» կայացված վճիռ եւ «ռեժիմի քաղաքական հաշվեհարդար՝ սկզբունքային դիրքորոշումներ ունեցող կուսակցության, նրա ղեկավար գործիչներից մեկի նկատմամբ»: «Հանրապետություն» կուսակցությունը արձանագրել է նաեւ, որ «ՀՀ գործող իշխանությունները շարունակում են անտեսել մեր հասարակության եւ ԵԽԽՎ 1609 ու 1620 բանաձեւերի պահանջները եւ որեւէ գործուն քայլ չեն ձեռնարկում մարտի 1-ի հանցագործության հետեւանքները չեզոքացնելու ուղղությամբ, Եվրախորհրդի ոչ համարժեք եւ լղոզված դիրքորոշումները խրախուսում են իշխանությունների ավտորիտար նկրտումները՝ հարուցելով մեր հասարակության արդարացի դժգոհությունը, ավելի է խորացել իշխանություն-հասարակություն անջրպետը՝ երկիրը կանգնեցնելով ներքին ու արտաքին լուրջ մարտահրավերների առաջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել