Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՅՈՒՋԵՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ

Նոյեմբեր 28,2008 00:00

ԱԺ-ն երեկ 81 «կողմ», 5 «դեմ» եւ 2 «ձեռնպահ» ձայներով ընդունեց «2009 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Դեմ էին «Ժառանգության» պատգամավորները, ձեռնպահ՝ Վիկտոր Դալլաքյանը եւ ՀՀԿ խմբակցության անդամ Զոհրաբ Զոհրաբյանը: «Կողմ» քվեարկած ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախապես իր ելույթում նշեց նախագծի որոշ թերություններ. «Բյուջեի համապատասխան բաժիններում կարող էին առավել համարժեք արտացոլված լինել կառավարության հռչակած՝ Հայաստանը ֆինանսական, կրթական, առողջապահական կենտրոնի վերածելու կարեւորագույն նպատակները: Միաժամանակ, ՀՀ կառավարությունը հռչակել է 2009-ից սկսել այնպիսի կարեւորագույն ծրագրերի իրագործում, ինչպիսիք են Համահայկական բանկի ստեղծումը, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը եւ ազատ տնտեսական գոտիների ստեղծումը «Զվարթնոց» եւ «Գյումրի» օդակայաններում, որոնք նույնպես ակնկալվում էր տեսնել 2009 թ. պետբյուջեի նախագծում: Վերջապես, ցանկալի է, որ ՀՀ կառավարությունը հենց բյուջեի նախագծում արտացոլեր միջոցառումների այն ցանկը, որ պատրաստվում է իրականացնել չեզոքացնելու համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները Հայաստանի տնտեսության վրա։ Ինչպես նաեւ՝ խթանելու հայրենական արտադրությունը, որի մասին եւս վերջին շրջանում լուրջ քննարկումներ են ընթանում: Կարծում եմ, այս իմաստով պետբյուջեի ներկայացված նախագծում, հիշատակված գործոնները հաշվի առնելով, անհրաժեշտ էր կատարել եկամուտների եւ ծախսերի համեմատաբար նոր վերահաշվարկ»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իր եզրափակիչ ելույթում վստահեցրեց, որ կառավարությունն ունի հակաճգնաժամային միջոցառումների իրականացման հստակ ժամանակացույց: Ըստ նրա, ԱԺ-ում ելույթ ունենալուց հետո արդեն իրականացրել են առաջին ծրագիրը, որի մասին հայտարարել էր բյուջեի քննարկման ժամանակ: Վարչապետը նաեւ հայտնեց. «Ատոմակայանի կառուցման նախագծման աշխատանքներն արդեն իսկ սկսված են, եւ դեկտեմբերին արդեն ձեզ կզեկուցենք առաջին արդյունքների մասին: Երկաթգծի աշխատանքները նույնպես սկսված են»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել