Լրահոս
Օրվա լրահոսը

Հացադուլավորները Եռաբլուրում չեն գիշերի

Նոյեմբեր 28,2008 00:00

Ոստիկանները կրկին խոչընդոտում են նրանց

Նախորդ օրը երեկոյան, երբ Եռաբլուրում հացադուլ հայտարարած ազատամարտիկներին «հյուրընկալել» էին ոստիկանության աշխատակիցները եւ կարմիր բերետավորները, «բացատրական աշխատանքներ» էին տարել առ այն, որ Եռաբլուրում հացադուլ անելով ակցիայի մասնակիցները «պղծում են սրբավայրը», եւ գնալով՝ իրենց հետ տարել նրանց վրանները, բողոքի ակցիայի մասնակիցները ստիպված էին եղել գիշերը ընտրված վայրում չանցկացնել: Առավոտյան, երբ հացադուլավորները վերադարձել են Եռաբլուր՝ շարունակելու բողոքի ակցիան, արդեն Եռաբլուրում են եղել ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները, որոնք դարձյալ արգելել են շարունակել ակցիան եւ հացադուլավորներից երկուսին՝ Մերուժան Հարությունյանին ու Արմեն Մանուկյանին ուղեկցել են ոստիկանության բաժին: Մոտ կես ժամ անց հացադուլավորները վերադարձել են: Ոստիկանության Մալաթիայի բաժնում նրանք հանդիպել են բաժնի պետի տեղակալին. «Զրուցել ենք, իրար հասկացել, պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ մենք այսօր կթողնենք Եռաբլուրի ակցիան, կմտածենք հաջորդ ակցիաների մասին»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեցին նրանք: Ի դեպ, հացադուլավորներին վերադարձվել էին նաեւ նախորդ երեկոյան տարած վրանները: «Ոստիկանապետի տեղակալը ասաց՝ տղերք ջան, ուղղակի վերեւից մեզ սեղմում են, չեն թողնում, ուղղակի խեղդում են: Խոսակցությունից պարզ էր դառնում, որ անմիջապես իշխանության ճնշումն է իր վրա վերեւից գալիս»,- պատմեցին ոստիկանություն գնացածները: Սակայն պարզվեց, որ ոստիկանությունում ձեռք բերված պայմանավորվածությանը հացադուլավորների մի մասը համաձայն չեն: Ի վերջո որոշվեց մնալ Եռաբլուրում՝ հավատարիմ նախնական որոշմանը: «Իշխանությունները հերթական անգամ խախտում են մեր սահմանադրական իրավունքը: Մենք մեր ընկերների մոտ ենք ուզում մնալ, մենք՝ ի տարբերություն իշխանությունների, երբեք չենք պղծել նրանց թափած արյունը»,- «Առավոտին» ասաց Վարդան Մալխասյանը: Գիշերը հացադուլավորները դարձյալ Եռաբլուրում չեն անցկացնի, քանի որ նրանց հսկող ոստիկանները չեն թույլատրել վրաններ տեղադրել: Երեկ 20.00-ի դրությամբ հացադուլավորների թիվը 13-ն էր, որոնցից 4-ը կանայք էին: Հիշեցնենք, որ նրանք պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ վաճառքի չհանել ազատագրված հողերը:

Մինչ այդ, կեսօրին, հացադուլավորները միացել էին կառավարության առջեւ ի պաշտպանություն քաղբանտարկյալների անցկացվող բողոքի ցույցին, որից հետո իրենց իրավունքները պաշտպանելու համար դիմել էին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Եռաբլուր էին այցելել պաշտպանի ներկայացուցիչները, որոնք զրուցել էին ե՛ւ ոստիկանների, ե՛ւ հացադուլավորների հետ, ապա հայտնել հացադուլավորներին, որ նրանք իրավունք ունեն իրենց բողոքի ակցիան անցկացնել այդ վայրում: Երեկոյան հացադուլավորներին էին այցելել եւ զորակցություն հայտնել Մտավորականների ֆորումի ավագանու համակարգողները: Գյումրիից ղարաբաղյան պատերազմի մի խումբ մասնակիցներ եւս աջակցություն են հայտնել իրենց մարտական ընկերներին: «Մենք ողջունում ենք մեր ընկերների այն քայլը, որ հանուն Արցախի մարդիկ հայտարարել են հացադուլ: Շարունակական լինելու դեպքում մի խումբ ազատամարտիկներով մենք հաստատ միանալու ենք այդ հացադուլին եւ մնացած բոլոր ակցիաներին, որ կկազմակերպվեն Ղարաբաղի հարցի շուրջ»,- ասված է գյումրեցիների հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել