Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՏՎԻ ՎԱԶՔԸ ՄԻՆՉԵՎ ՄԱՐԱԳՆ ԷՐ

Նոյեմբեր 28,2008 00:00

Կոալիցիոն պատգամավորները համաձ այնեցին կրկնակի բարձրացնել դատավորների աշխատավարձը՝ հենց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ակնարկեց, թե պայմանավորվել են գարնանն ավելացնել նաեւ օրենսդիրների աշխատավարձը:

Խորհրդարանը երեկ երեկոյան 66 «կողմ», 7 «դեմ» եւ 7 «ձեռնպահ» ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխությունը, որով 2009-ի հունվարի 1-ից կրկնակի կբարձրանա դատավորների աշխատավարձը՝ դառնալով 440 հազար դրամ: Ահա այսպիսի հետեւողականություն եւ սկզբունքայնություն դրսեւորեց կոալիցիան, որի պատգամավորները նախօրեին մեկը մեկից սուր ելույթներ էին ունենում՝ ճիշտ չհամարելով  աշխատավարձերի սահմանման սկզբունքի խախտումը եւ ողջ դաշտից մեկ խմբի առանձնացումը:

Երեկ առավոտյան, երբ այս օրինագիծը քվեարկվում էր դեռ առաջին ընթերցմամբ՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, թե նախօրեին հարցը քննարկել է ՀՀ վարչապետի հետ, եւ նա խոստացել է 2009-ի մարտ-ապրիլին ԱԺ-ին հայեցակարգ ներկայացնել, որով ակնկալվում է, թե «կառավարությունը գնալու է քաղծառայողների եւ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի բարձրացման»: Այդ զրույցից ծնված մի առաջարկն էլ հետեւյալն էր՝ դատավորների աշխատավարձի բարձրացման մասին փաստաթուղթն ընդունել ոչ թե իբրեւ օրենք, այլ ժամանակավոր իրավական ակտ՝ 1 տարի ժամկետով: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն ընդվզեց. «Նորմատիվ ակտերը ոչ մի կապ չունեն ԱԺ-ի հետ: Կառավարությունն ինքը կարող է ընդունել այն, այսինքն՝ այս օրենքի պատասխանատվությունը ինչո՞ւ կառավարությունը իր վրա չի վերցնում»: Հովիկ Աբրահամյանն ուղղակի հրահանգեց անջատել նրա խոսափողը: Եվ հետո ասաց. «Զարմանում եմ մեր գործընկերների վրա, որ կառավարություն-ԱԺ հարաբերությունների մասին են խոսում` մենք կամ նրանք: Փաստորեն սա կոալիցիա է եւ կոալիցիայի ձեւավորած կառավարությունը, պարոն Հարությունյան»: Նշենք, որ վերջինս հետո այս օրինագիծն ամբողջությամբ ընդունելուն քվեարկեց կողմ:

Կողմ քվեարկեց նաեւ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, որը նախօրեին ուղղակի ծաղրել էր կառավարությանը. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանի դիտարկմանը, թե «Գործադիրը համեստաբար իր համար ոչինչ չի պահանջում», նա արձագանքել էր առաջարկով՝ փոխել կառավարության անունը եւ դնել «Համեստ»: «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, որն առաջարկել էր դատավորների համար նախատեսված գումարը հավասարաչափ բաշխել բոլորի միջեւ կամ էլ սոցիալական խոցելի խմբերի խնդիրները լուծել՝ քվեարկեց «ձեռնպահ», ինչպես եւ ՕԵԿ-ի մնացած պատգամավորները:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նույնպես «ձեռնպահ» էր, թեեւ նախօրեին հայտարարում էր, թե այս տեսքով փաստաթուղթը չի կարելի ընդունել, խախտված են սահմանադրական մի շարք սկզբունքներ եւ այլն: Ի դեպ, ՀՅԴ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Լիլիթ Գալստյանը, որը նման հայտարարություններ չէր արել՝ օրենքի ամբողջությամբ ընդունմանը քվեարկեց «դեմ»: Այս խմբակցության ու նաեւ ԲՀԿ-ի մի քանի պատգամավորներ էլ չքվեարկեցին:

Հիմնականում կողմ քվեարկողները ՀՀԿ պատգամավորներն էին, որոնցից շատերը՝ Վարդան Այվազյանը, Գալուստ Սահակյանը, Արտակ Դավթյանը, Ռաֆիկ Պետրոսյանը, նախօրեին էլի քննադատական ելույթներ էին ունեցել:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այս երեւույթը, երբ դատավորների աշխատավարձերի բարձրացման դեմ 15 հոգի ելույթներ են ունենում, բայց դրանից հետո նրանց մեծ մասը քվեարկում է կողմ՝ իր ելույթում որակեց իբրեւ «խորհրդարանական կուրյոզ»: Իսկ «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը նկատեց, թե կոալիցիոն պատգամավորները «խոսում էին խոսելու համար» ու դրանից հետո էլ դեռ ընդդիմությանն են պիտակավորում, թե նրանք «միտինգային ոճ» ունեն. «Միտինգային ոճը դո՛ւք ցուցադրեցիք՝ միտինգի ժամանակ մի բան ասելով, որ հաճոյանաք բնակչությանը, իսկ քվեարկելու ժամանակ հաճոյացաք իշխանություններին»: Խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը հեգնանքով առաջարկեց ԱԺ կանոնակարգում կատարել փոփոխություն, թե հինգշաբթի օրերը նիստերը վարվում են «չորով», իսկ չորեքշաբթի թույլատրվում է ցուցադրել շոու: Նա ԱԺ պատգամավորների արժանապատվությանը հասցված վիրավորանք համարեց այն, որ ակնհայտորեն խիստ ցուցում էր տրվել՝ դարձյալ «հլու-հնազանդ վավերացնել այն նախագծերը, որոնք կներկայացնի կառավարությունը»:

Սակայն Հովիկ Աբրահամյանը դեռ առավոտյան քվեարկությունից առաջ էր ընդդիմադիր պատգամավորներին զգուշացրել. «Գիտեք ինչ, Ձեր այդ հարցադրումները ձեզ ուղղակի չեն օգնելու, եւ այդ մոտեցումները, որ փորձում եք նաեւ կապել ԱԺ պատգամավորի արժանապատվության, ԱԺ այլ խնդիրների հետ, ուղղակի, ես ի սկզբանե ասեմ, որ դա դատապարտված են»:

Հ. Գ. Ավելի ուշ՝ բյուջեի քննարկման ժամանակ, իր ելույթում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման իրենց ռազմավարությունը եւ նշեց այն գործոնները, որոնցով փորձելու են ապահովել խնդրի լուծումը. «Պաշտոնատար անձինք ի՞նչ դերակատարություն ունեն որոշումներ կայացնելու ժամանակ, մասնավորապես՝ ունե՞ն նրանք լիազորություններ սահմանելու նպատակներ եւ առաջնահերթություններ, իրագործման ենթակա որոշումներ կայացնո՞ւմ են, թե՞ ոչ: 2-րդը ազդեցության գործոնն է՝ որքանո՞վ է պաշտոնատար անձի որոշումը ազդեցություն թողնում երկրի մասշտաբներով կամ որոշումների ազդեցությունը տվյալ ոլորտի մասշտաբով: 3-րդը բարդության գործոնն է, մասնավորապես՝ նրա կողմից ղեկավարվող ոլորտի բարդությունը կամ ոլորտների բազմազանությունը: 4-րդը հաղորդակցության գործոնն է՝ անհատների հետ բանակցելու, համոզելու, համաձայնության գալու ունակությունները, զանգվածների հետ հեշտությամբ հաղորդակցվելու կարողությունները եւ այլն: Եվ վերջինը որակավորման գործոնն է` արդյոք համապատասխան ոլորտի փորձ եւ գիտելիքներ պահանջո՞ւմ է այդ պաշտոնը, լեզուների իմացությունը, համակարգչային իմացություններ եւ այլն»: Ահա այս գործոնների հիման վրա է կազմվելու խոստացված հայեցակարգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել