Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-Ն ՄԵԶ ՆՈՒՅՆ ԱՉՔՈՎ ՉԻ ՆԱՅՈՒՄ

Նոյեմբեր 28,2008 00:00

\"\"Ըստ հայ եւ ադրբեջանցի փորձագետների՝ ԵՄ-ն թեեւ մեր երկրների համար լավագույն տեսլականն է, սակայն այստեղ առաջնորդվում է սեփական շահերով:

Հարավային Կովկասի երեք երկրները՝ Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը, հայտարարում են դեպի Եվրոպա իրենց կողմնորոշվածության մասին՝ որպես ապացույց բերելով Եվրախորհրդին անդամակցությունը եւ հեռահար ձգտումը դեպի Եվրամիություն ու ՆԱՏՕ: Սակայն ինչպես 6-7 տարի առաջ, երբ նրանք մաս կազմեցին ԵԽ-ին, այնպես էլ այսօր, երբ ունեն բազմաթիվ չլուծված խնդիրներ իրենց ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ, երեքն էլ փորձում են ճշտել՝ իսկապես Եվրոպա՞ն է միակ տարբերակը, չկա՞ այլընտրանք, համագործակցության մեկ այլ միավոր, որտեղ բոլոր ներքին եւ արտաքին խնդիրները կլուծվեն շատ ավելի արագ ու վերջնականապես:

Այս եւ տարածաշրջանային այլ խնդիրների էր անդրադառնում «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» եւ Արտաքին հարաբերությունների գերմանական խորհրդի կազմակերպած «Եվրամիություն-Հարավային Կովկաս. անվտա՞նգ գործընկերություն» միջազգային գիտաժողովը, որի մասնակիցների կազմը բավականին ներկայացուցչական էր. մասնակցում էին տարածաշրջանի բոլոր երկրների, նաեւ՝ եվրոպական տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Ծրագիրն էլ էր հետաքրքիր. նախատեսված էին նախ՝ Հարավային Կովկասի երեք երկրների ներկայացուցիչների ելույթները, ապա՝ հարեւանների՝ Իրանի, Թուրքիայի եւ ՌԴ-ի ներկայացուցիչների ելույթները: Իսկ սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՄ-ի ներկայացուցիչը՝ Եվրահանձնաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուզենբերգը: Այսպիսով, ներկայացված էր քննարկվող թեմայի սուբյեկտների ողջ սպեկտրը: Սակայն, ցավոք, ինչպես հաճախ է պատահում, շահագրգիռ կողմերն իրար լսելու համբերություն կամ ժամանակ չունեցան: Պարոն դե Լուզենբերգը եւ մյուս եվրոպացիները հեռացան ողջույնի խոսքեր հղելուց հետո եւ չլսեցին, ասենք, Ադրբեջանի «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի» կոնֆլիկտոլոգիայի բաժնի պետ Արիֆ Յունուսովին կամ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին, որոնք արտահայտեցին իրենց հասարակությունների որոշ վերապահումները եվրոպական կառույցների գործելաոճի նկատմամբ: Թերեւս, միայն քաղաքագետ Իվլիան Խայնդրավան՝ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավորը, «խնայեց» Եվրոպային՝ իր ելույթի փշերն ուղղելով դեպի էլ ավելի Արեւմուտք՝ ԱՄՆ: Տեղին կլիներ, որ եվրոպացիները լսեին նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչին՝ ԻԻՀ ԱԳՆ-ի քաղաքական եւ միջազգային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սեյիդ Ռասոլ Մուսավիին, որը հայտարարեց. «Մինչեւ եվրոպացիների, ամերիկացիների եւ ռուսների գալը այս տարածաշրջան, մենք (Հարավային Կովկասն ու Իրանը- Մ. Բ.) ապրում էինք միասին, եւ երբ այստեղ միայն մենք էինք, ոչ մի պատերազմ էլ չկար»: Եվ հույս հայտնեց, որ «Իրանի ակտիվացման դեպքում տարածաշրջանում նորից խաղաղություն կլինի»:

Եթե Ա. Յունուսովի եւ Ա. Ռուստամյանի ելույթների ֆոնի վրա դիտարկենք Սեյիդ Մուսավիի ելույթը, ապա նրա ասածներում ինչ-որ բան կա: Արիֆ Յունուսովն, օրինակ, մի քանի անգամ շեշտեց, որ այսօր Ադրբեջանում հասունանում են պրոիսլամական տրամադրությունները, եւ դրա հիմնական պատճառը հասարակության հիասթափությունն է Արեւմուտքից. նախ՝ ԱՄՆ-ից, ապա՝ Եվրոպայից. «Մեզ մոտ տեսնում են, որ ինչպես ԱՄՆ-ին, ԵՄ-ին էլ միայն էներգետիկ ֆակտորն է հետաքրքրում: Եթե Ադրբեջանը ԵՄ-ի գործընկերն է, Եվրոպայի մասնիկը, ապա ժողովրդավարական բարեփոխումները, մարդու իրավունքներն էլ պետք է առաջնային լինեն, սակայն ԵՄ-ն մեզ հասկացնում է, որ իր համար առաջնահերթն այլ բան է՝ Նաբուկո ծրագիրը, էներգետիկ անվտանգությունը… Հասարակությունը հասկանում է, որ Եվրոպային Ադրբեջանի ժողովրդավարացումը չի հետաքրքրում, այլ՝ ռեսուրսները: Այդ ֆոնի վրա իսլամիստներն են շահում: Հարավային Կովկասում պետք է տարվի նույն քաղաքականությունը: Բայց տեսնում ենք, որ երեք երկրների հանդեպ տարբեր մոտեցումներ են: ԵՄ-ն ադրբեջանցի արեւմտամետների վերջին հույսն է, եթե այն էլ մարի, մեր հեռանկարը տխուր է»: Արմեն Ռուստամյանն էլ իր հերթին նշեց, որ եթե պարբերաբար խոսվում է տարածաշրջանային ինտեգրման մասին, ապա անհրաժեշտ է Հարավային Կովկասի երկրներն ընկալել որպես մեկ միասնական օրգանիզմ, որի հանդեպ կորդեգրվի ընդհանուր արժեհամակարգ: Նա հիշեցրեց, որ Արեւմուտքի՝ տարածաշրջանում իրականացված բոլոր ծրագրերը չեն, որ արտահայտում են այդ տեսակետը, եւ Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերը չեն, որ արտահայտվում են որոշ ռեգիոնալ ծրագրերում: Ըստ Ա. Ռուստամյանի՝ բնական է, որ նման նախագծերից մեկուսացված երկրները (ավելի ճիշտ՝ երկիրը՝ Հայաստանը- Մ. Բ.) տարակուսում են խտրական դրսեւորումից. «ԵՄ-ն պետք է կանխի նոր բաժանարար գծերի ստեղծումը՝ խթանելով բոլոր երկրների ներդաշնակ զարգացումը, առանց այդ էլ այս փոքր ռեգիոնի բաժանարար գծերը շատ են»: Նաեւ նկատեց, որ չի կարելի թույլ տալ, որ ռեգիոնում լինեն խոչընդոտներ եվրաչափանիշների հաստատման համար. «ԵՄ-ի համար չպետք է լինի տարածք, որտեղ մարդու իրավունքները կամ այլ արժեքներ քաղաքական դրդապատճառներով երկրորդ պլան մղվեն: Չի կարելի մարդու իրավունքների ոտնահարում թույլ տալ միայն այն պատճառով, որ, ասենք, այն տարածքը, որտեղ ապրում է այդ մարդը, ճանաչված չէ: Չպետք է լինեն նման վերահսկողությունից դուրս գոտիներ»:

Հ. Գ. Կոնֆերանսի մասին առավել մանրամասն՝ «Առավոտի» վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել