Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԳՆԱԺԱՄՆ ԻՐ ԳՈՐԾՆ ԱՆՈՒՄ Է

Նոյեմբեր 27,2008 00:00

Ընդամենը 1 շաբաթ առաջ, կառավարության հերթական նիստի ժամանակ, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ չնայած համաշխարհային ճգնաժամն ազդել է Հայաստանի լեռնահանքարդյունաբերության վրա եւ ընկերությունները հայտնվել են ֆինանսական դժվարությունների մեջ, սակայն իրենք այդ ընկերությունների հետ համաձայնության են եկել եւ առաջիկա 3 ամսվա ընթացքում կրճատումներ չեն լինելու, իսկ աշխատավարձի չափն էլ հնարավորինս պահպանվելու է: Չնայած պետական պաշտոնյաների այս հավաստիացումներին՝ Սյունիքի մարզի Կապանի, Քաջարանի եւ Ագարակի լեռնահանքային կոմբինատներում կրճատվեցին հարյուրավոր աշխատակիցներ, իսկ օրերս էլ գործունեությունը դադարեցրել է Ալավերդու հանքահարստացուցիչ ֆաբրիկան: Դադարեցվել են նաեւ Ալավերդու հանքի աշխատանքները: Գործազուրկ դարձած աշխատակիցների եւ հանքի ու ֆաբրիկայի հետագա գործունեության մասին «Առավոտի» հարցին «Էյ-Սի-Փի» ընկերությունից պատասխանեցին. «Շուրջ 250 աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները ավարտվել են ժամկետային աշխատանքային պայմանագրերի ավարտվելու հիմքով, ինչը նշանակում է, որ խոսքը ոչ թե կրճատման, այլ զուտ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին է: Բոլոր աշխատակիցներն էլ տեղյակ են եղել, որ իրենց պայմանագրերը տվյալ ժամկետում դադարեցվելու են: Շուրջ 20 աշխատակցի հետ, որոնք ապահովելու են հանքի եւ ֆաբրիկայի պահպանությունը, նորից կվերակնքվեն պայմանագրերը: 75 աշխատակից կտեղափոխվի աշխատելու Դրմբոնի հանքավայրում, իսկ մյուսներին առաջարկվել է իրենց մասնագիտությանը չհամապատասխանող աշխատանք»: Ինչ վերաբերում է հանքի եւ ֆաբրիկայի փակմանը, ապա «Էյ-Սի-Փի»-ից պատասխանեցին, որ դա պարզապես անհրաժեշտություն էր. «Նույնիսկ այն ժամանակ, երբ պղնձի գինը պատմական առավելագույն սահմանին էր հասել, հանքը եւ հանքահարստացուցիչ ֆաբրիկան շահույթով չեն աշխատել: Հիմա առավել եւս՝ պղնձի գնի կրկնակի անկման պարագայում շահութաբերության կամ գոնե փոքր վնասի մասին խոսք լինել չի կարող: Հանքի եւ ֆաբրիկայի աշխատանքը շարունակելն ակնհայտորեն տնտեսապես շահավետ չէ»:

Նշենք, որ եթե ընդամենը 2-3 ամիս առաջ պղնձի 1 տոննայի գինը $8500 էր, ապա այսօր այն իջել է $3500-ի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել