Լրահոս
Օրվա լրահոսը

Չպետք է առաջնորդվել խտրականությամբ

Նոյեմբեր 27,2008 00:00

Երեկ «Փաստարկ» ակումբում նորաստեղծ «Հատուկ նշանակության ջոկատի վետերանների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ ներկայացուցիչներ ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում հանդես եկան մի քանի հայտարարություններով: Հ/կ-ի նախագահ Գրիշա Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը միավորել է 5 այլ կազմակերպություններ, ունի 4000 անդամ, որոնց հիմնական մասը ազատամարտիկներ են եւ որեւէ առնչություն չունեն «Երկրապահ», «Ոգու փորձություն» կազմակերպությունների հետ:

«Մենք քաղաքական գործիչներ չենք՝ ազատամարտիկներ ենք: Մեզ անհանգստացնում է ազատամարտիկների ներկայիս վիճակը, Արցախի հիմնախնդիրը եւ վերջերս Մոսկվայում կնքված եռակողմ համաձայնագիրը: Կառավարությունից պահանջում ենք, որ սուտ խոստումներով չխաբեն մեզ, այլ անհեթեթ որոշումների փոխարեն ընդունեն «Ազատամարտիկի մասին» օրենք»,- հայտարարեց ազատամարտիկ Գ. Սարգսյանը:

Գ. Սարգսյանը փաստեց, որ արյամբ ձեռք բերված հողերը չեն հանձնվում եւ ազատագրված բոլոր տարածքները հայկական են՝ վկայակոչելով Սերո Խանզադյանի պատմավեպերը. «Մենք հաղթանակած կողմ ենք եւ բոլոր կառույցների հետ այդ դիրքերից պետք է խոսենք: Մոսկովյան դաշնագիրը ոչ մի օգուտ չի տալիս Հայաստանին, ընդամենը Ռուսաստանը կրկին հիշեցրեց, որ այս տարածաշրջանն իրենն է: Թող բոլոր ազատամարտիկները միավորվեն, սատարեն նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն հաղթողի դիրքերից: Ինչպես նաեւ կոչ ենք անում նախագահին՝ փոխել բանակցությունների վարման ոճը»: «Առավոտի» դիտարկմանը, թե ի՞նչ եք հասկանում «բանակցությունների վարման ոճը փոխել» ասելով, Գ. Սարգսյանը պատասխանեց. «Ուզում եմ ասել, որ բավական է նստենք հավասար կարգավիճակով բանակցությունների, մեր նախագահը պետք է բանակցությունների դիրքը փոխի: Նա հաղթանակած կողմ պետք է հանդես գա»:

Հարցին, թե նորաստեղծ հ/կ-ի հաջորդ քայլը ո՞րն է լինելու, Գ. Սարգսյանը պատասխանեց. «Ես ողջունում եմ նախագահի վերջին քայլը, որ բոլոր կուսակցություններին հավաքեց եւ ընդհանուր քննարկեցին Հայաստանի առաջ ծառացած խնդիրները: Կոչ եմ անում, որ նույն ֆորմատով նախագահը հավաքի ազատամարտիկներով համալրված հասարակական կազմակերպությունների նախագահներին ու ջոկատների հրամանատարներին, որպեսզի նույն ձեւաչափով քննարկվեն Հայաստանի արտաքին եւ ներքին խնդիրները: Այդ ժամանակ արտաքին թշնամիները կտեսնեն, որ միասնական է Հայաստանը: Նաեւ կտեսնեն, որ մենք պատրաստ ենք նորից զենք վերցնել եւ պատերազմել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել