Լրահոս
Օրվա լրահոսը

«Տխուր փողոցի լուսաբացը»

Նոյեմբեր 27,2008 00:00

Օրերս «Հ1»-ով ցուցադրվեց ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի նոր՝ «Տխուր փողոցի լուսաբացը» գեղարվեստական ֆիլմը: Այդ առիթով երեկ «Տեսակետ» ակումբը հյուրընկալել էր ֆիլմի ստեղծագործական խմբին՝ Ալբերտ Մկրտչյանին, գլխավոր դերակատարներ Գուժ Մանուկյանին, Անահիտ Քոչարյանին եւ Վարդան Մկրտչյանին: Ռեժիսորը նշեց. «Առհասարակ՝ միայն ֆիլմերի պրեմիերաներն եմ նայում: Ինչո՞ւ, որովհետեւ տեսնում եմ սխալներ, որոնք արդեն անուղղելի են: Չեմ ժխտում, որ հաճելի են այն զանգերը, գովեստի խոսքերը, որոնք հնչում են աշխատանքիս հասցեին: Ասում են՝ նույնիսկ մի կին այնքան հուզված է եղել ֆիլմը դիտելուց հետո, որ ռադիոյով մի երգ է պատվիրել եւ նվիրել ինձ»:

«Տխուր փողոցի լուսաբացը» պատմում է ղարաբաղյան պատերազմի եւ մի հայ ընտանիքի մասին: «Ֆիլմն ասես ներկայացնում է միաժամանակ երկու՝ ղարաբաղյան եւ ընտանիքում տիրող հոգեբանական պատերազմը. մայրը չի ցանկանում, որ մեծ որդին պատերազմ գնա, սակայն բազմաթիվ վեճերի արդյունքում որդուն հաջողվում է մորը համոզել: Փոքր որդին, որը ֆիլմի սկզբում բացասական կերպար էր զուտ հայրենասիրության առումով, վերջում դառնում է մոլի հայրենասեր եւ գնում մեծ եղբոր հետեւից»,- մեկնաբանեց ֆիլմում ընտանիքի հոր կերպարը մարմնավորող Գ. Մանուկյանը: «Ֆիլմի նկարահանումների ժամանակ բազմաթիվ դժվարություններ կային, չեմ թաքցնի: Մի տեսարան կար, որտեղ շունը գողացել էր փոքր տղայիս ծննդյան տոնակատարության համար գնած հավի միսը, եւ մենք պետք է նկարեինք, թե ինչպես ենք վազում շան ետեւից: Օգոստոս ամիսն էր, 40 աստիճան շոգ, շունը վազում է 20 քայլ, լեզուն դուրս գցում եւ գնում հովին հանգստանալու: Այդպես նկարեցինք 3-4 դուբլ: Շունն ուներ երեք տեր, որոնք տեսնելով, որ իրենց շունը շատ է հոգնում, հայտարարեցին, որ նա պետք է հանգստանա: Իսկ մենք նստեցինք մայթեզրին, այդ շոգուկրակին սպասելով, թե երբ շունը կհանգստանա: Մի տեսարան էլ կար, որն ինձ առավել ցնցել էր. նկարում էինք այն կադրը, որտեղ ոտքս պետք է այրվեր: Դե, բնականաբար, ոտքիս փաթաթաններ կային, սպիրտ էինք լցնում ու վառում: Մեկ դուբլ, երկու դուբլ… յոթ դուբլ, տեսարանը չէր ստացվում: Մինչեւ հասնում էի տեսախցիկին՝ կրակը մարում էր: Այնքան էինք սպիրտ լցրել, որ այն ամբողջությամբ ներծծվել էր եւ հասել մաշկիս …Մոտոր, գնացինք… Մի քանի վայրկյան անց զգացի, որ ոտքս իսկապես այրվում է, կրակը հասել էր կոճերիս: Բղավում եմ՝ վառվում եմ, վառվում եմ ու հետն էլ մտածում՝ հանկարծ ստոպ չտան, ջհանդամ՝ թե չեմ այրվի: Իսկ Ալբերտը գոռում է՝ Գուժ, ապշելու ես խաղում… Արդյունքում՝ երկրորդ կարգի այրվածք ստացա ու երկու ամիս բուժվեցի»,- պատմեց արվեստագետը: Ընտանիքի մոր կերպարը մարմնավորող Անահիտ Քոչարյանը շեշտեց. «Իմ դերի հետ կապված դժգոհություններ կան, թե հայ մայրը ինչպե՞ս չի թողնում, որ իր որդիները գնան պատերազմ: Իրականում հոգու խորքում ոչ մի մայր էլ չի ցանկանա իր որդիներին պատերազմ ուղարկել, այսօր նույնիսկ բանակ չեն թողնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել