Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարան էլ չեն գրավել

Նոյեմբեր 27,2008 00:00

«Մարտի 1»-ի գործով հանցակազմ չկա

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչների սենյակում պատասխանելով լրագրողների հարցերին՝ որպես քրեական իրավունքի մասնագետ է անդրադարձել «Մարտի 1-ի» գործին, ասելով, որ դրանում քրեաիրավական առումով այդպիսի հանցակազմ գոյություն չունի՝ իշխանության յուրացում ընդդիմության եւ ոչ մի ներկայացուցիչ չի կատարել:

«Ա1+»-ի փոխանցմամբ, Գ. Ջհանգիրյանն ասել է, թե՝ ցանկացած հանցագործություն իր մեջ ունի 4 տարր՝ օբյեկտ, օբյեկտի կողմ, սուբյեկտ, սուբյեկտի կողմ, իսկ ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքներում այս 4 հանցակազմերից ոչ մեկը չկա: «Որեւէ հատկանիշ չկա, հետեւաբար չկա նաեւ հանցանք, որովհետեւ օբյեկտի կողմը 300 հոդվածը հստակ նշում է՝ պետական իշխանությունը յուրացնելուն ուղղված, կամ բռնությամբ պահելուն ուղղված, կամ զավթելուն ուղղված բռնի գործողությունների կատարում»,- ասել է Գ. Ջհանգիրյանը՝ մանրամասնելով, որ եթե մատնանշվում են մարտի 1-2-ի դեպքերը, ապա այդ ժամանակ ժողովուրդը քաղաքապետարանի շենքը չի գրավել, բացի այդ էլ, 2005թ. Սահմանադրության փոփոխություններից հետո, քաղաքապետարանը արդեն ոչ թե կառավարման, այլ ինքնակառավարման մարմին է, բայց նույնիսկ ինքնակառավարման մարմնի շենք չի գրավվել: «Եթե նույնիսկ գրավեին համայնքապետարաններ, գյուղապետարաններ, դա իշխանության զավթում չէր, որովհետեւ պետք է զավթեին կառավարման մարմիններ, կառավարություն»,- ասել է իրավագետը: Նրա համոզմամբ, մարդիկ Ֆրանսիայի դեսպանատան մոտ ու հարակից շրջակայքում իրենց բողոքի ակցիան են իրականացրել. «Ժողովրդին ապօրինի ծեծել, ջարդել, հրել, հանել էին հրապարակից հատուկ միջոցներով, վնասվածքներով, գազով, էլեկտրաշոկով եւ այլն եւ հետապնդում էին ամբողջ քաղաքով մեկ: Արդյո՞ք քրեադատավարական մեր օրենսդրությունը այսպիսի զննության տեսակ է նախատեսում: Զննության այդպիսի տեսակ չկա: Եթե նրանք գալիս էին հրապարակ զննության, պիտի գային առնվազն 100 քննիչի հետ, բերեին առնվազն գործի երկու ընթերակա, բազմաթիվ փորձագետներ, դատահետքաբաններ, դատաբժիշկներ եւ այլն»,- նկատել է Ջհանգիրյանը:

Նա որեւէ ոստիկանի պատասխանատվության չենթարկելու հանգամանքը բացատրել է այսպես՝ իշխանությունները չեն կարող անել դա, քանի որ կբացահայտվի, թե ով է հրաման տվել:

Գ. Ջհանգիրյանը խոսել է նաեւ ԼՂ խնդրի մասին. «Զիջումները պետք է լինեն այնպիսին, որ արցախցի մեր հայրենակիցները ապահով, անվտանգ բոլոր վայրերում ապրելու հնարավորություն ունենան»: Նա մտավախություն է հայտնել, որ ազատագրված տարածքները միանգամից հանձնելով՝ 6 օր հետո ամբողջ Ղարաբաղի բնակչությունը կգա Հայաստան: «Եթե հայկական զորքը չպահեց այդ սահմանը, ոչ մի հայ որեւէ մի զորքի, օտարազգի զորամիավորման վրա հույս չի կարող ունենալ: Այդ խնդիրը մենք պետք է սառը եւ հստակ գիտակցենք»,- ասել է Գ. Ջհանգիրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել