Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐՆ Ի ԾՆԵ ՇԱԽՄԱՏԻՍՏ ԵՆ

Նոյեմբեր 27,2008 00:00

Աղջիկներն էլ են գնահատանքի արժանի

Երեկ երեկոյան շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց եւ 6-րդ հորիզոնականն զբաղեցրած կանանց հավաքականները Դրեզդենից վերադարձան տուն:

Համիլթոն Ռասելի գավաթին երկրորդ անգամ անընդմեջ տիրացած մեր տղաների ոսկե հնգյակի մասին, որի անդամները ծնկի բերեցին շախմատային գերաստղերով համալրված հավաքականների, գովեստի շատ խոսքեր են հնչեցվել ու դրանք դեռ արժանիորեն կշարունակվեն: Սակայն ոսկու փայլը չի ստվերում հայ գեղեցկուհիների ոչ պակաս հրաշալի մրցելույթը եւ կատարած գնահատման արժանի առաջընթաց քայլը: Նրանք նախորդ օլիմպիադայի համեմատությամբ երկու աստիճան վերելք արձանագրեցին՝ Թուրինի 8-րդ տեղի փոխարեն Դրեզդենում 114 երկրների ընտրանիների պայքարում զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը:

Հայերը՝ այլ երկրների հավաքականներում

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում տղամարդկանց 147 եւ կանանց 114 մասնակից երկրներից մի քանիսի մարզական դրոշի պատիվը պաշտպանում էին ոչ քիչ թվով հայ շախմատիստներ: ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց հավաքականների կազմերում օլիմպիական «բրոնզի» արժանացան Վարուժան Հակոբյանը, որն իր թիմին բերեց 4,0 եւ Տաթեւ Աբրահամյանը՝ 1,0 միավոր: Տղամարդկանց պայքարում Վրաստանը ներկայացնում էր Դավիթ Հարությունյանը՝ 4,5 միավոր, Սլովակիան՝ Սերգեյ Մովսիսյանը՝ 7,0, Ֆինլանդիան՝ Միքայել Ագոպովը՝ 5,5:

Դրեզդենում ավելի շատ էին հայ շախմատիստուհիները: Ահա նրանք: Իրինա Գեւորգյան՝ 4,5 միավոր, Ուզբեկստան, Նաիրա Աղաբաբյան՝ 1,0, Մոլդովա, Մերի Գրիգորյան՝ 3,5, Անգլիա, Նատալյա Խուդգարյան՝ 3,5 եւ Դինա Ղահրամանովա՝ 5,5, Կանադա, Սյուզան Մուրադյան՝ 3,5, Լիբանան:

Ուշադրություն եւ թիմային ոգի

Շախմատի սիրահարները եւ մասնագետները վերլուծում են Հայաստանի հավաքականի հաջողության պատճառները:

Ժենյա Ավետիսյան. ՀՀ ժողովրդական դերասանուհի: «Դեռ Տիգրան Պետրոսյանի՝ աշխարհի չեմպիոն դառնալու ժամանակ էի այսպիսի հպարտություն ապրել: Ես սպասում էի մեր շախմատիստների հերթական հաղթանակին: Եվ հպարտության այդ զգացումս բազմապատկվեց այսօր, երբ ոչ միայն անհատական, այլ նաեւ թիմային հաղթանակի ականատեսը դարձա: Հայ շախմատիստների միասնականությունն ինձ էլ ավելի է ոգեւորել: Այսպես պետք է լինենք բոլոր բնագավառներում: Ես նրանց իմ որդիներն եմ համարում: Բրավո՝ իմ զավակներին: Այս հաղթանակը դասում եմ արվեստում տարած հաղթանակներիս շարքին»:

Ռոբերտ Ամիրխանյան, կոմպոզիտոր: «Ոգեւորված եմ եւ ուրախությանս չափ ու սահման չկա, քանի որ մարդու այն տեսակն եմ, որը հրճվանք է ապրում հատկապես մտավոր երկունքի արդյունքում, ինչը կապված է ինտելեկտի հետ: Հայ շախմատիստների այս նվաճումը հուսադրում է, որ բոլոր ոլորտներում մեր նոր հաղթանակները դեռ առջեւում են»:

Բարսեղ Թումանյան, ՀՀ ժողովրդական արտիստ: «Հայ շախմատիստների եւ ընդհանրապես մեր բոլոր մարզիկների հաջողություններից անասելի ոգեւորություն եմ ապրում: Չէ՞ որ ստիպված աշխարհն է ընդունում եւ փաստում դրանք: Այս դեպքում հաղթանակը մտավոր է, ինչը աշխարհին հարկադրում է հաշվի նստել հայի ուղեղի հետ»:

Գրոսմայստեր Յուրի Վասիլեւը գրում է. «Հայաստանի հավաքականի գլխավոր խաղաթուղթը բացառիկ թիմային ոգին է եւ համախմբվածությունը: Վերցնենք, թեկուզ, 7-րդ պարտիան, որում նրա մրցակիցը առաջին կարգի մեծությունների մեջ գերաստղերով համալրված եւ վարկանիշային ֆանտաստիկ պաշար ունեցող Ռուսաստանի հավաքականն էր: Ըստ ամենայնի, Հայաստանի թիմը պետք է պարտվեր: Բայց արի ու տես, որ հակառակը եղավ: Թիմի միասնականությունը, պարզապես, զարմացնում է:

Երկու տարի առաջ՝ Թուրինում եւ հիմա էլ Հայաստանի հավաքականը գործնականում խաղում է չորս հոգով: Եվ չնայած կյանքին հրաժեշտ տված հավաքականի գլխավոր պաշտպան Կարեն Ասրյանին փոխարինել է երիտասարդ Տիգրան Պետրոսյանը, նա իր մեծ անվանակցի՝ աշխարհի 9-րդ չեմպիոն «Երկաթյա Տիգրանին» արժանի խաղ է ցուցադրում: Մարզիչ Արշակ Պետրոսյանն ասում է. «Ինչո՞ւ խաղացող փոխել, երբ բոլորն էլ լավ են խաղում»: Եվ ճիշտ է: Հայաստանի հավաքականն արժանիորեն կրկնեց Թուրինի հաջողությունը»:

Ըստ «Սովետսկի սպորտ» թերթի, «Մինչ շախմատն իր համար ամառային կամ ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրի մեջ մտնելու ճանապարհ է հարթում, մարզաձեւի ներկայացուցիչները երբեմն ընտրովի սկզբունքով անիմաստ դոպինգ-ստուգման են ենթարկվում: Սակայն խթանիչներ կան, որոնք չես արգելի եւ որոնք թերագնահատելն էլ ճիշտ չէ: Օրինակ, Հայաստանի նախագահ եւ այդ երկրի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի այցն իր թիմին՝ օլիմպիադայի եզրափակիչ տուրի ժամանակ: Ուշադրության այդպիսի դրսեւորումը Չինաստանի հետ մրցամարտի սկսվելուց առաջ երիտասարդ հայ գրոսմայստերներին առնվազն մեկ զինվորի առավելության զգացում հաղորդեց: Ու նրանք հաղթեցին, չնայած թիմում միայն Լեւոն Արոնյանն աշխարհի լավագույն շախմատիստների շարքում տեղ ունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել